Պետական կարիքների համար փողոցում հայտնված Բուզանդ փողոցի բնակիչ երեք ընտանիքներ դեռեւս հուլիսին դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ նկարագրելով ազգային իշխանությունների կողմից իրենց մարդկային տարրական իրավունքների ոտնահարումն, ու քաղաքական ապաստան են խնդրել: Թեեւ Ֆրանսիայի կառավարությունը դեռեւս չի արձագանքել նրանց խնդրանքին, սակայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից հուսադրել են, որ խնդիրն անտեսված չէ, գործով զբաղվում է Ֆրանսիայի հյուպատոսարանը: Ավելին՝ տեղեկանալով վերջին շրջանի իրադարձություններին, հատկապես` Բուզանդի գործով զբաղվող փաստաբան Վահե Գրիգորյանի կալանավորմանը, հյուպատոսն օրորել է գլուխը՝ «Դա արդեն շատ լուրջ է»: Երեկ Բուզանդի բնակիչները հյուպատոսին հանձնեցին բողոք-խնդրանք, որով մի անգամ եւս խնդրում են պաշտպանել իրենց եւ փաստաբանին` հայրենի իշխանությունների հալածանքներից: Հյուպատոսի առաջարկով բնակիչները նամակին կցել էին նաեւ ասվածը հիմնավորող լուսանկարներ եւ տեսաերիզ:
Ն.Ա.