Ղարաբաղի համար պատերազմն անխուսափելի է: Այս մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները: «Պատերազմը Հարավային Կովկասում անխուսափելի է եւ միջնորդներն այլ խաղ չեն առաջարկում»,- ասել է նա: Նրա խոսքով, ամերիկացիները չեն վարկաբեկում իրենց, այլ միայն ձեռքերն են շփում` պատերազմի ակնկալիքով: «Լռելյայն հետեւելով, նրանք միայն բոլորին համընդհանուր բախման փակուղի են մտցնում, իսկ Եվրոպան, որի համար նման սցենարը մահվան է հավասար, ոչինչ չի կարող անել»,- ասել է Ջեմալը: «Բաքուն պետք է պատրաստվի այդ հակամարտությանը, լուրջ պատրաստվի եւ հարցը լուծի մեկ հարվածով` դրա մեջ դնելով ազգի ողջ ապագան: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի միջամտի: Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ արվի վիրաբուժական ճշգրտությամբ եւ արագ, որ հակամարտությունը մարազմի չվերածվի: Այդ հարցը պետք է լուծել այնպես, որ աշխարհին փաստի առաջ կանգնեցնենք»,- ասել է նա: