Երեկ ԱԺ-ում ավարտվեց 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկումը, որը ներկայացվել էր նախորդ քառօրյայում:
Երեկ փաստաթղթի վերաբերյալ իրենց գնահատականները ներկայացրեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով` այդ զեկույցն անիմաստ է, քանի որ «Մարտի 1»-ի հետեւանքները չեն վերացել, իսկ պատճառներն էլ` չեն ճշտվել: «Պետությունը պատշաճ իրավական-քաղաքական գնահատական չի տվել թե՛ դրա պատճառներին, թե՛ դրա կատարողներին: Եվ եթե մենք չգիտենք այս ամբողջ հարցերի պատասխանները, եթե հանրապետության երեք նախագահները` որպես այս գործընթացում կարեւորագույն դերակատարներ, հարցաքննված չեն, եթե 10 սպանությունները բացահայտված չեն, գործերն էլ կարճված չեն` ի՞նչն ենք մոնիտորինգ անում, ի՞նչ «Մարտի 1»-ի պատճառների վերացման մասին է խոսքը»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ այդ զեկույցն անվանեց «խաբկանք»` նկատելով, թե այսօր ունենք մի զեկույց, որին բացի «սվաղված» լինելուց՝ ուրիշ գնահատական տալ չի կարելի:«Ի՞նչ է արվել այս ժամանակահատվածում: Ոչինչ, բացառությամբ մի քանի տեխնիկական բնույթի հարցերի: Խնդիրներին տրվել են ձեւական պատասխաններ: Ձեր իրականացրած մոնիտորինգն ու բարեփոխումները հակաժողովրդավարական, հակասոցիալական են: Եթե այս կերպ եք մտադիր կատարել ԵԽ ԽՎ բանաձեւերը, պետք է արձանագրել, որ ձեզ հաջողվում է կատարել հակառակ գործողություններ` երկրում ժողովրդավարական արժեքների իրականացման ուղղությամբ: Մեծ հաշվով` մեր երկրում դեռ չի հաստատվել Սահմանադրությունը հարգելու ավանդույթը, ավելին` ձեր գործողություններով դուք արհամարհում եք մայր օրենքը»,- նկատել է ՀՅԴ-ական պատգամավորը: Վերջինիս դիտարկմամբ` Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքն ապացուցում է, որ Հայաստանը «շարունակում է ոտնահարել տարրական իրավունքները, գնում է ժողովրդավարությանը հակառակ ուղղությամբ»: «Ես համոզված եմ, լինելով նաեւ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում, այն դրական ձեռքբերումները, ինչ այդ հանձնաժողովն արել է, այսօր աստիճանաբար մսխվում եւ անօգուտ է դառնում մոնիտորինգի այս համակարգի միջոցով: Որեւէ լուրջ ձեռքբերում եւ որեւէ լուրջ հիմքեր նոր «մարտիմեկերը» բացառելու ուղղությամբ չի կատարվել, եւ հանձնաժողովը Պետաիրավական հարցերի ընդամենը շղարշ է այս բարեփոխումները իրականացնելու համար»: Ըստ Ա. Մինասյանի` մոնիտորինգային հանձնաժողովի գործունեությունը վկայում է, որ իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու եւ քաղաքացու տարրական իրավունքները եւ գնում են «ժողովրդավարությանը հակառակ ուղղությամբ»: Ա. Մինասյանն առաջարկել է ստեղծել անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի մարտի 1-2-ից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու ելքեր կառաջարկի:
Հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան վերոնշյալ գնահատականներին, ասել է, թե հնչած ելույթներում կոնկրետ առաջարկություններ չկան, միայն քաղաքական գնահատականներ են: Ըստ նրա` այս քննարկումների ժամանակ ակտիվություն են ցուցաբերել հատկապես այն պատգամավորները, ովքեր չեն մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի նիստերին. «Չնայած սրան` մեր աշխատանքը շարունակական կլինի, եւ ես իմ գործընկերներին կոչ եմ անում մասնակցություն ունենալ մոնիտորինգում: Եթե մենք ուզում ենք արդյունքների հասնել, չպետք է բավարարվենք միայն քաղաքական առաջարկներով, այլ պետք է աշխատենք: Այդ դեպքում ավելի կատարյալ Ընտրական օրենսգիրք կունենայինք եւ խոսքի ազատությունն էլ ավելի լավ կլիներ»: