Հուսեյնի եւ Պուտինի մասին

07/12/2010

«Wikileaks»-ը շարունակում է տարածել ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը: Նոր փաստաթղթերում որոշ մանրամասներ են տեղ գտել, որոնք վերաբերում են Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի մահապատժի մանրամասներին: Ֆրանսիական «Le Monde»-ի հրապարակած 2007թ. հունվարի 7-ին թվագրված փաստաթղթում նշվում է, որ Բաղդադում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Զալմայ Հալիլզադեն Պետքարտուղարությանն ուղարկած հեռագրում մանրամասներ է ներկայացնում Հուսեյնի մահապատժի մասին: Այդ մանրամասներն ամերիկացի դիվանագետին պատմել է Հուսեյնի մահապատիժը վավերացրած Իրաքի գլխավոր դատախազ Մոնքիթ էլ Ֆարունը: «Սադամին ամերիկացիներն ուղղաթիռով բերեցին Բաղդադի կենտրոնում գտնվող բանտերից մեկը: Ամերիկացիների կողմից էր պատրաստվել նաեւ այն կախաղանը, որի վրա պետք է կախեին Սադամին: Վերջինիս դեմքը ծածկված էր սեւ շորով, ձեռքերը` կապված, դողում էր: Երբ արձակեցին ձեռքերը, դատավորը կարդաց վճիռը: Այդ ժամանակ Սադամը սկսեց անհանգստանալ, սակայն խոսեց որպես առաջնորդ: Մահապատժի իրականացման վայրում գտնվողներից մեկը հարցրեց, թե արդյոք Սադամը վախենո՞ւմ է: Վերջինս պատասխանեց. «Սադամը չի վախենում, որովհետեւ նախագահ դառնալուց ի վեր այս օրվան է սպասել. նախագահը շատ թշնամիներ է ունենում»: Այնուհետեւ Սադամին օգնեցին բարձրանալ դեպի կախաղան տանող սանդուղքով: Ներկաներից մեկը բղավեց` «Գնա՛ դժոխք», իսկ մյուսը` «Մուքթադա, Մուքթադա»: Սադամը հրաժարվեց մահապատժի իրականացման պահին իր դեմքը փակելուց, եւ մահապատիժն ի կատար ածվեց: Այդ տեսարանը բջջային հեռախոսներով նկարահանում էին իրաքցի երկու նախարարներ»: Իսկ «The Guardian» թերթը` անդրադառնալով «Wikileaks»-ի հրապարակումներին՝ գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է «անդրկուլիսային տիկնիկավար»: Բնութագրելով Պուտինին` Քլինթոնը նշել է, որ նա դժգոհ է իր ստանձնած դերից: Ըստ Քլինթոնի` մինչեւ 2012թ. վարչապետի լիազորությունները ըստ էության կսահմանափակվեն միայն էներգետիկ ոլորտով, իսկ մյուս բոլոր որոշումները կընդունի Դ. Մեդվեդեւը` Քլինթոնը Մեդվեդեւին անվանել է առավել լիբերալ քաղաքականությամբ թեկնածու, ով փորձում է ամրապնդվել Պուտինի կողքին: