Ընտանիքներով տեղափոխվում են Ռուսաստան

07/12/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Մնաց 2 տարի, շտապեք օգտվել ՌԴ պետական ծրագրից»: Սա գովազդային տեքստ չէ, այլ ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի միգրացիոն քաղաքականությունն է, որն ուղղված է ոչ միայն «խոպանչիներին», այլեւ ԱՊՀ տարածաշրջանի մտավոր ներուժին: Արդեն որքան ժամանակ է` կատարյալ խառնաշփոթ է անգամ Հայաստանի վիզաների վարչությունում, որտեղ ջավախահայերի հսկայական հերթ է գոյացել: Վրաստանից Ռուսաստան մեկնելու դժվարությունների առջեւ կանգնած վիրահայերը եւս պատրաստվում են հեռանալ իրենց բնակատեղիից: Նրանցից մի քանիսի հետ զրույցներից պարզ դարձավ, որ այսօր Ռուսաստան կարելի է գնալ շատ ցածր գներով եւ առանց արգելքների բնակվել այնտեղ: Ոչ միայն ջավախահայերին, այլեւ հայաստանցիներին գրավել է ՌԴ-ի այս նոր քաղաքականությունը: Գյուղ առ գյուղ շտապում են օգտվել այս հնարավորությունից: Որեւէ մեկին եւ ոչ ոք չի կարող մեղադրել, թե ինչո՞ւ է այդ քայլին դիմում, ինչո՞ւ է հեռանում հայրենիքից: Այսօր Հայաստանի գյուղերի բնակիչները ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում են ապրում: Գյուղացին օգտվում է պետության կամ որոշ ֆեոդալ-օլիգարխների նետած փշրանքներից: Գյուղացուն այլ բան չի մնում, քան օգտվել Ռուսաստանի կողմից տրված այս հնարավորությունից եւ արտագաղթել: Մնացյալը արդեն մեր պետության, ղեկավարների մտածելու եւ դրանից հետեւություններ անելու խնդիրն է:

Մարդիկ սկզբում չէին հասկանում Ռուսաստանի` նման «մեծահոգության» նպատակը՝ հիշելով դեռեւս 5 տարի առաջ ՌԴ-ից արտաքսումների մեծ թիվը: «Հիմա ի՞նչ է պատահել»,- հարցնում են ու շտապում օգտվել Ռուսաստանի արեւելյան շրջաններ գնալու «ակցիա»-քաղաքականությունից: Ի դեպ, շատ-շատերը Ռուսաստան մեկնում են ոչ թե օդային ճանապարհով (քանի որ օդանավերի տոմսերի արժեքը, այն էլ` ընտանիքներով տեղափոխվելու դեպքում, բավական թանկ է), այլ համապատասխան ավտոբուսների միջոցով: Երեկ փորձեցինք հայաստանյան որոշ տուրիստական ծառայություններից ճշտել ՌԴ մեկնելու պայմանները: Պարզվեց, որ Երեւան-ՌԴ ուղղությամբ ավտոբուսով ուղեւորություններ կազմակերպվում են շաբաթական երկու անգամ: Տոմսի նվազագույն գինը 30.000 դրամ է: Ավելին՝ տուրիստական որոշ կազմակերպություններ նույնիսկ զեղչային համակարգով են աշխատում՝ ՌԴ քաղաքներ ուղեւորվողներին «աննախադեպ» զեղչերի «ճկուն» համակարգ առաջարկելով: Պահանջարկված քաղաքների թվում էին Վլադիկավկազը, Մինվոդը, Ռոստովը, Կրասնոդարը, Պրիմորսկի եւ Խաբարովի երկրամասերը, Իրկուտսկը, Նովոսոբիրսկը, Կալինինգրադը եւ այլն: Պարզվեց, որ ավտոբուսով կարելի էր գնալ անգամ Մոսկվա՝ 55.000 դրամով՝ 50-52 ժամում, բայց սա՝ այն դեպքում, երբ ավտոբուսի բոլոր ուղեւորները համալրված լինեն: Իսկ ավտոբուսները շարժվում են Երեւանից եւ Աբովյանից:

Դեռեւս 2006թ. ՌԴ նախկին նախագահ, ներկա վարչապետ Վլադիմիր Պուտինը մշակեց միգրացիոն պետական ծրագիր, որը նպատակ է հետապնդում պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Նշյալ ծրագրով նախկին նախագահը փորձում է Ռուսաստանը դուրս բերել դեմոգրաֆիական ճգնաժամից՝ «խոպանչի» հայրենակիցներին (ըստ ծրագրի՝ հայրենակիցը այն մարդն է, ով արդեն ստացել է ՌԴ քաղաքացիություն) վերաբնակեցնելով ՌԴ-ի ռազմական կարեւորություն ունեցող այն տարածքներում (Ռուսաստանի արեւելյան շրջաններում, մասնավորապես` Սիբիրում), որոնք տարեցտարի դատարկվում են: Այս ծրագիրն, իհարկե, նորություն չէր Խորհրդային Միության տարիներին, երբ Խորհրդային կայսրությունն ամեն ինչ անում էր վերոնշյալ վայրերը բնակեցնելու համար, սակայն Խորհրդային կարգերի փլուզումից հետո ռուսները մեծ հոսքով լքեցին այդ տարածքները, նրանց փոխարինեցին չինացիները: Դա 1990 թվականն էր: Ռուս սոցիոլոգների հավաստմամբ՝ այդ միտումը շարունակվում է մինչ օրս, եւ մոտ ապագայում հնարավոր է, որ նշյալ տարածքներում ռուսները փոքրամասնություն կազմեն: Ինչեւէ, Վ. Պուտինը կրճատեց անգամ երկրից բռնի արտաքսումները: Ընդ որում՝ վիճակագրական ցուցանիշներով ՌԴ-ն կրճատել է բռնի արտաքսումները՝ տարեկան շուրջ 1 միլիոն մարդով, իսկ մինչ 2025թ. բռնի արտաքսումների թիվը կնվազեցվի 20-22%-ով: ԱՊՀ երկրների միգրացիոն հոսքն ապահովելու համար աշխատում է ՌԴ-ի Միգրացիայի դաշնային ծառայությունը: Համաձայն որի՝ միգրացիոն ծրագրի իրականացման ժամանակ ՀՀ-ից դիմել էր 7369 մարդ, իսկ մշտական բնակության է մեկնել 259 հայ ընտանիք` 609 մարդ: Միգրացիայի Դաշնային ծառայության Կալինինգրադի մասնաճյուղի պետ Սերգեյ Սավինի տվյալներով՝ ՌԴ պետական ծրագրով հայերի շուրջ 70 %-ը բնակություն է հաստատում Կալինինգրադում: «Հունիսի 17-ի տվյալներով՝ պետական ծրագրի շրջանակներում Հայաստանից եկել է 283 մարդ, որից 106-ը մասնակիցներ էին, իսկ 132-ը՝ նրանց ընտանիքի անդամները: 24 մարդ տեղավորվել են ժամանակավոր կացության կենտրոնում, իսկ մնացածները` կացարան են գտել կամ տեղավորվել են մասնավոր սեկտորում»,- նշել է Սերգեյ Սավինը: Վերջինիս փոխանցմամբ՝ պետական ծրագրով մեկնածները ժամանակավոր կացության կենտրոնում մնալով՝ վճարում են միայն կոմունալ ծախսերի համար: Ընդ որում՝ պետական ծրագիրը նախատեսված է կոնկրետ ինտելեկտուալ հատվածի համար: Ս. Սավինի հավաստմամբ՝ Կալինինգրադ են գնացել տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ վիրաբույժներ, ուսուցիչներ, օպերային երգիչներ եւ այլն: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ պետական ծրագրի շրջանակներում գերապատվություն են տալիս 30-40 տարիքային խմբի ներկայացուցիչներին: Ավելին՝ արդեն նախագծվել է ինտելեկտուալ էմիգրանտների նոր կացարան, որը դեռեւս վերանորոգման փուլում է: Նոր կենտրոնում նախատեսված է 700 տեղ: Պետական ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր էմիգրանտ ստանալու է 60.000 ռուբլի, իսկ նրա ընտանիքի ամեն անդամը՝ 20.000 ռուբլի: Ի դեպ, 2 տարվա կտրվածքով Կալինինգրադի «բնակեցվածների» աշխատանքի համար վճարվել է 250 միլիոն ռուբլի: «Մենք ակնկալում ենք, որ մինչ ծրագրի ավարտը՝ 2012թ., Կալինինգրադ կգա 200.000 մարդ՝ ընտանիքի անդամների հետ ներառյալ՝ 600.000»,- ասել էր Միգրացիայի Դաշնային ծառայության Կալինինգրադի մասնաճյուղի պետ Սերգեյ Սավինը: Ընդհանուր հաշվարկներով՝ մինչ օրս ՌԴ պետական ծրագրով ավելի քան 20 հազար մարդ 21 երկրներից տեղափոխվել են Ռուսաստան: Ծրագրավորվում է, որ մինչ 2012թ. այդ թիվը կհասնի 420 հազարի: