Վճռական ջանքեր են անհրաժեշտ

07/12/2010

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրավունքների անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային: Նամակներում նա կարեւորում է դեկտեմբերի 7-ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը: «ՀեղինակավորեԵվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽ ԽՎ վերջին չորս բանաձեւերի, ԵՄ նախագահության 2008թ. մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010թ. մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները: Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, Մարտի 1-ի սպանությունների անկողմնակալ եւ վստահելի քննությունը, «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը եւ ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը»,- ասված է նամակում: «Անհրաժեշտ են վճռական եւ շարունակական ջանքեր, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդյունք: Դրանք կարող են նաեւ ցրել հայկական հասարակության այնպիսի վնասակար ընկալումները, որ Եվրոպան պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները` ԼՂ բանակցություններում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի իշխանություններից զիջումներ ստանալու փոխարեն»,- ասված է նամակում: