Էլեկտրաէներգիայի փողերով կառուցված տունը

23/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համայնքի բոլոր բնակիչները գիտեն, որ այս տունը պատկանում է Վեսմիր Հովսեփյանին: Ոչ վաղ անցյալում նա եղել է Էլեկտրացանցի Նուբարաշենի տեղամասի պետ: Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պարոն Հովսեփյանը դա հաստատեց: Տունը շրջապատված է 2-3 մ բարձրությամբ տուֆե պարսպով ու մոտ 3000 մետր հողատարածքով: Նուբարաշենցիներն ասում են, որ ժամանակին այդ տարածքը պետք է բարեկարգվեր, եւ ավտոբուսների կայանատեղի կառուցվեր: Բայց Վեսմիր Հովսեփյանը դա թույլ չի տալիս:

«Սկզբում նա այդ տարածքում թաքուն աղբ լցնել տվեց,- պատմում է հարեւաններից մեկը: -Հետո սկսեց աղբը մաքրել, թե՝ տեսեք ես բարի գործ եմ անում: Մեկ էլ տեսանք, որ պարիսպներ է դնում ու տուն է կառուցում»: Հողը սեփականաշնորհելու համար Վ. Հովսեփյանը նախ դիմել է Նուբարաշենի նախկին թաղապետ Ռոբերտ Ասատրյանին, վերջինս հրաժարվել է՝ ասելով, թե դա թաղապետարանի խնդիրն է: Պարոն Հովսեփյանը սկսում է քաղաքապետարանի հետ կապ հաստատելու ելքեր փնտրել ու գտնում է: Նրան օգնում է ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադ): Երկուսով համագործակցության ելքեր են գտնում. Գ. Հակոբյանը Վեսմիր Հովսեփյանին պետք է օգներ տիրանալ այդ հողին, իսկ սա էլ իր ունեցած հնարավորություններով խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է ձայներ ապահովեր: Նուբարաշենցիները պատմում են, որ այդպես էլ լինում է: Վ. Հովսեփյանն սրան-նրան ձրի էլեկտրաէներգիա բաժանելով, Գ. Հակոբյանի համար ձայներ է հավաքում: Ի դեպ, Գ. Հակոբյանը նախկին թաղապետ Ռոբերտ Ասատրյանի տղայի հարսանիքի քավորն է եւ թաղապետին խնդրում է Վ. Հովսեփյանի անօրինականությունների դեմ «աչք փակել»: Նուբարաշենցիները հիշում են, որ այդ անօրինականության համար ոստիկանությունից նրան օգնել են Երեւան քաղաքի Նուբարաշենի բաժանմունքի այն ժամանակվա պետի տեղակալ Սեյրան Մանուկյանը եւ Քրեական հետախուզության օպեր-լիազոր Եղիա Կարախանյանը: Բայց օրինականացման հարցերը մինչեւ օրս լուծված չեն: Մեր տեղեկություններով` Վ. Հովսեփյանն այդ հողատարածքի օգտագործման օրինական հիմքերը չունի, չունի նաեւ նորակառույց տան սեփականության վկայականը: Հեռախոսազրույցի ժամանակ նա, բնականաբար, հրաժարվեց այս ամենից: «Ինչքան գիտեմ` դա 8-9 հոգու հող է,- ասաց նա: -Իմ կտորը 470 քմ է, 670 քմ էլ եղբորս բաժինն է: Մնացածը չգիտեմ, թե ում է պատկանում: Հողի համար 91թ. քաղսովետից որոշում ունեմ, բայց տունը դեռ չեմ սեփականացրել, որովհետեւ փող չունեմ. մոտ 4000 դոլար է պետք»: Իսկ ինչպե՞ս է կառուցել տունը: «4-5 տարի է, այդ տունը կառուցում եմ,- պատասխանեց Վ. Հովսեփյանը: -Իմ 4 սենյականոց կվարտիրան վաճառել եմ ու դա եմ սարքել: Հիմա էլ ինձ օգնում են արտասահմանում գտնվող աղջիկներս»:

«Չհավատաք նրա ստերին,- ասում են նուբարաշենցիները: Մեզանից գողացած Էլեկտրաէներգիայի փողերով է այդ տունը սարքել, մեր Կոմբիկորմի Վլադն էլ օգնել է»: Իսկ թաղապետարանի ներկայանալ չցանկացող աշխատակիցը վստահեցրեց, որ այդ ամբողջ հողը եւ տունը Վ. Հովսեփյանինն է, մինչեւ հիմա երկուսի համար էլ ոչ մի վճարում չի կատարել ու սեփականության իրավունք չունի: Այսօր 16 երթուղու ավտոբուսների կայանատեղին շատ փոքր է: Վարորդների համար չկա նաեւ սանհանգույց ու դիսպետչերական կետ: Նրանք դժգոհում են, որ անձրեւային օրերին իրենք շարվում են անմիջապես ճանապարհի վրա, որովհետեւ եղած փոքր տարածքը համ չի հերիքում, համ էլ ցեխ է դառնում: Ասում են, էլեկտրացանցի պետ եղած ժամանակ Վ. Հովսեփյանը սիրել է անընդհատ կրկնել «ԹպրՖ ՎՌՐ»-ն իմ ոտքի տակ է» արտահայտությունը: