«Նախաճաշին՝ կարտոֆիլ, ճաշին՝ կարտոշկա, ընթրիքին՝ կարտոլ»,- այսպես են իրենց ամենօրյա ճաշացանկը նկարագրում Մեծ պարնեցիները

07/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փայտի ջերմությունից «եռացող» վառարանի կողքին կուչ եկած 16-ամյա Աննան մի տեսակ անհանգիստ, որոնող աչքերով զննում է իրենց տանը հավաքված հարեւաններին ու ինձ: Մերթընդմերթ կտրուկ շարժումներով վազում է հարակից սենյակ, այնուհետեւ վերադառնալով` աչքերով ինձ ինչ-որ բան է հասկացնում: Ուզում է խոսել ու ընտանիքի անդամների` իրեն հերթ չտալու վախից՝ անհամբեր սպասում է: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, Աննա, մի տեսակ շփոթված ես»: Ծնողներն իրենց «դարդերի» մասին պատմություններից այնքան զայրույթով լի ու նյարդային էին դարձել, որ նույնիսկ չեն նկատում իմ ու Աննայի` հարակից սենյակ աննկատ «ծլկելը»: Առանձնանալու հրճվանքից, Աննան ուրախությամբ ասում է` «Մի բան եմ ուզում ձեզ խնդրել, կարելի՞ ա»: «Հա, իհարկե»,- ասում եմ: Աննան ամաչելով, կարմրելով ու «կես մարդ» դառնալով՝ ասում է` «Մեզ կօգնե՞ք մեր տունը սարքելու հարցում: Գիտե՞ք, մի օր գիշերը քնած էի` էդ պատալոկի փայտերը լրիվ թափվեցին իմ վրա: Քնած տեղս ընկնավորեցի: Էդ օրվանից գիշերները չեմ կարողանում քնել, վախենում եմ: Հենց աչքս կպնում ա` ինձ թվում ա` հես ա պատալոկը փուլ ա գալու գլխիս»: Հետո Աննան ցույց է տալիս իրենց ննջարանի փայտե առաստաղի այն հատվածը, որը հանկարծակի պոկվել, ընկել է իր վրա: Երկրաշարժից հետո ռուս շինարարներն աղետի գոտում փայտե տնակներ են կառուցել, բայց Հայաստանի` Սովետական Միությունից անկախանալուց հետո կիսատ թողնելով հեռացել են: Աղետի գոտում բազմաթիվ նման կիսակառույց տնակներ կան, որոնք ռուս շինարարների հեռանալուց հետո անավարտ են մնացել: Անավարտ կիսաշեն փայտե տնակներն այլեւս կորցրել են ամրությունը, քանի որ ձյան, անձրեւների պատճառով տարիների ընթացքում դրանք արդեն փտել են: Աննայի ծնողները երկրաշարժի ժամանակ կորցրել են ինչպես տունը, այնպես էլ` երկրաշարժի պահին դպրոցում եղած հինգ տարեկան աղջիկ երեխային: Տարիներ անց նրանց փոխհատուցել են փայտե տնակով, որի հատակն ու առաստաղը հին, փլված տան փայտանյութով են նորոգել:

Էլիզան ու Գառնիկն ինձ խնդրում են երկրաշարժից չխոսել: Վանաձորի մարզի Մեծ Պարնի գյուղում դեռեւս այնպիսի տներ կան, որոնք երկրաշարժի հետեւանքով անցել են հողի տակ: Հողի մակերեսին կանգուն պատերի միջի դատարկությունը ամեն րոպե հոգեբանորեն այս մարդկանց հետ է տանում 1988 թվական: Գործարանների, գյուղի Մշակույթի տան ամուր պատերը կան, իսկ շենքի ներսն ամբողջովին անցել է հողի տակ: Հարցնում եմ` «Օրինակ, փլված այս տների պատերն ինչի՞ չեն քանդում»: Գյուղացիներն ասում են` «Ո՞վ քանդի, ինչի՞ քանդեն, թող պահեն, հիշողություն ա, նայում` տառապում ենք»: Գյուղի, տների, շենքերի կիսատությունը նման է մարդկանց կիսատ-պռատ ապրելակերպին: Մեծ Պարնիում երիտասարդները չգիտեն՝ ինչ բան է թատրոնը, համերգը, գիր ու գրականությունը: Մարդիկ այստեղ նման են կյանքը սպառողների, որոնք բացի օրվա ուտելու հարցը լուծելուց` ի զորու չեն ապրելու ժամանակն ինչ-որ կերպ հետաքրքիր դարձնել: Ժամը 18։00-19։00-ին գյուղը քնում է… Գյուղի դպրոցի ուսուցչուհին պատմում է, որ վերջերս դպրոցում` «Եթե ես համայնքապետ լինեի» թեմայով շարադրություն գրելու հանձնարարություն է տվել աշակերտներին: Տնակներում ապրող փոքրիկներից շատերը երեւակայել են` «Եթե ես լինեի համայնքապետ` տնակում ապրողների համար տուն կկառուցեի»: Մեծ Պարնիի բազմաթիվ երեխաների երազանքը մեկն է` քարակերտ տուն ունենալ: Աննան շուտով դպրոցը կավարտի, բայց ուսումը շարունակելու հեռանկարը նույնքան մշուշոտ է, որքան Աննայի բազմանդամ ընտանիքի վաղվա օրը: Երեք երեխաների մայրը` Էլիզա Եղիկյանն, ասում է, որ գործազրկությունը գյուղը ամբողջովին «հաշմանդամ» է դարձրել: Ասում է` «Մենակ կարտոշկա հավաքելու ժամանակ ա բանվորության գործ լինում: Տանն աշխատող չկա: Երկու աղջիկներս դպրոցական են, իսկ մեծը` երկու երեխաների հետ մեր տանն ա: Ճիշտն ասած` անհաջող ամուսնություն ա ունեցել ու հիմա մեզ հետ ա, երկու թոռներիս մենք ենք պահում»: Ամուսինը` Գառնիկը, պարբերաբար բանվորության աշխատանք է կատարում, բայց գյուղում շինարարական աշխատանքներ հազվադեպ են լինում, հետեւաբար՝ ավելի շատ գործազուրկ է: Մեծ Պարնիի բնակիչները վստահեցնում են, որ ամբողջ ձմեռ կարտոֆիլ ուտելով են անցկացնում` «Նախաճաշին՝ կարտոֆիլ, ճաշին` կարտոշկա, ընթրիքին` կարտոլ»: Տիկին Էլիզայի ընտանիքը գոյատեւում է 24.000 դրամ ընտանեկան նպաստով, իսկ երեխաների ու թոռների հագուստի հարցում օգնում են Վանաձորում ապրող հարազատները: «Դե՛, եսիմ, բարեկամներ ունենք, որ շորերով օգնում են, թե չէ` մենք չենք կարող մեզ թույլ տալ հագուստ առնել»,- ասում է տիկին Էլիզան, ում խոսքը բղավելով ընդհատում է հարեւանուհի Նելլին` «Ախչի՛, խի՞ ես սուտ խոսում, ինչի՞ց ես ամաչում, ճիշտն ասա: Ոչ մի հարազատ էլ չի օգնում, կարտոշկի հետ շոր ա փոխում, որ երեխեքը տկլոր չմնան…»: Տիկին Էլիզան պատմում է, որ երեխաները շնորհքով են, սովորող են, բայց խմբակների կամ մասնագիտացված պարապմունքների բացակայության պատճառով փորձում են ինքնակրթությամբ զբաղվել: Աննան ասում է` «Ինչ էլ սովորում ենք` տելեվիզորով ենք սովորում: Ես պարել շատ եմ սիրում, կուզեի պարի գնալ, բայց ո՞ւր գնամ: Ստիպված` Երեւանի ալիքներով ինչ ցույց են տալիս` կրկնելով մի բան սովորում եմ: Մեկ էլ ռուսերեն եմ շատ սիրում: Շատ կուզենայի մասնագիտանալ, բայց էստեղ պարապող չկա: Երանի մի քիչ փող ունենայինք, գայի Երեւան, սովորեի…»: Աննան ու քույրերը Երեւանում չեն եղել, մի տեսակ երազանքով են խոսում մայրաքաղաքի մասին: Աննան հարցուփորձ է անում, թե արդյոք Երեւանը գիշերվա ժամերին լուսավո՞ր է, արդյոք երեւանցիները թատրոն, համերգ գնալու հնարավորություն ունե՞ն: Տիկին Էլիզան ասում է, որ օրեր առաջ գյուղի դպրոցում Տիկնիկային թատրոնի տոմսեր են վաճառել 1500 դրամով: Երեխաներից բոլորն էլ երազում են մասնակցել ներկայացմանը, բայց` «1500 դրամ ունենամ, մի քանի կիլո կարտոշկա էլ կդնեմ վրեն` երեխին սապոգ կառնեմ: Ձմեռն եկավ, դպրոց գնալու սապոգ չկա»: 53-ամյա տիկին Էլիզային հարցնում եմ` «Վերջին անգամ քաղաքում ե՞րբ եք եղել»: Երկար մտածելով պատասխանում է` «Վերջին անգա՜մ… մի րոպե հիշեմ է՜, երեխեք… ե՞րբ էր, որ տարանք կարտոշկով շոր առնենք: Անցած սեպտեմբեր ենք Կիրովականում եղել»: «Չէ,- ասում եմ,- Երեւան քաղաքը նկատի ունեմ»: Չի կարողանում հիշել, թե վերջին անգամ Երեւան ե՞րբ է ոտք դրել: Փայտե տնակի ննջարանից երեխայի բղավոց է լսվում: Տիկին Էլիզայի թոռնիկն արթնացել ու սրթսրթալով, դողալով լաց է լինում: Սենյակում թեեւ էլեկտրական սալիկ են միացրել, այդուհանդերձ, աննկարագրելի սառնամանիք է: Մայրն անմիջապես նրան գրկելով` տեղափոխում է վառարանի մոտ: Երեխան տաքությունը մարմնի վրա զգալով, անմիջապես դադարում է լաց լինել: Տիկին Էլիզան վստահեցնում է, որ գյուղացիների մեծամասնությունն ապրում է խանութներից վերցրած պարտքով սննդամթերքով, իսկ նպաստը ստանալուն պես հազիվ կարողանում են խանութների նախկին պարտքերը մարել: Ընդհանրապես Մեծ Պարնիում արտագաղթը բավական մեծ թիվ է կազմում: Ընտանիքներից շատերը Ռուսաստան տեղափոխվելու ճանապարհներ են որոնում, իսկ նրանք, ովքեր ինչ-որ չափով բարվոք պայմաններում են ապրում, որպես կանոն, Ռուսաստանի իրենց հարազատների օգնությամբ են գոյատեւում: Նույն գյուղի բնակիչ Աստղիկ տատն ասում է` «Էս ջահելները շատ մեղք են, բալամ, շատ-շատ, սրանք չեն դիմանում էս նեղությանը: Ծերերն ավելի դիմացկուն են, մենք վախտին լավ ապրած ենք, մեր անցյալը մեզ պահում ա, բայց ջահելների մեջ ուժ չկա, սրանք կոտորվում, կործանվում են անճարությունից: Մի մոռացեք, որ սրանք ժաժքի սերունդ են. իրանք տկար են, իրանցից ծնված երեխեքն՝ ավելի բեթար»: