Գործակցում են, էլի

04/12/2010

Երեկվա ասուլիսում Հայ դատի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ-ական Կիրո Մանոյանն` անդրադառնալով կոալիցիա վերադառնալու հնարավոր հեռանկարի եւ առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունների հետ համագործակցության մասին հարցին, ասել է. «Եթե խոսքը կոալիցիա վերադառնալու մասին է, այսպիսի ոչ մի խոսակցություն չկա: Կուսակցությունն, ընդհակառակը, որոշել է իր ուղին եւ գնում է: Ինչ վերաբերում է իշխանությունների հետ գործակցությանը, ապա մենք նույնիսկ ՀՀՇ-ի օրոք եւ ՀՀՇ-ի հետ գործակցել ենք արտաքին ճակատում, երբ կուսակցությունը եւ մեր ընկերներից ոմանք փակված էին: Մեզ համար արտաքին ճակատը արտաքին ճակատ է՝ այսօր կարող է լինել դիվանագիտություն, վաղը կարող է լինել ռազմական գործողություն: Եվ արտաքին ճակատի վրա մեր քաղաքական հաշիվներով չգործակցելն այնքան էլ ճիշտ չէ»: Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն հարցում ինչպիսի կեցվածք ունի իշխանությունը` ճի՞շտ, թե՞ սխալ, ՀՅԴ-ն հաշվի առնելով երկրի հետ կապված խնդիրների յուրահատկությունը, աշխատում է դրանց ուղղությամբ: Իսկ վերջին համագործակցությունը, ինչպես նշեց Կ. Մանոյանը, եղել է ՄԱԿ-ում, երբ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վերաբերյալ շրջանառության մեջ դրված բանաձեւը հետ կանչվեց ՄԱԿ-ում: