Հայ դիվանագիտական աշխարհագրությունը հարկավոր է ընդարձակել

23/10/2005 Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության հաղորդագրությունը վկայում է, որ նախարար Վարդան Օսկանյանի հոկտեմբերի առաջին կեսի ժամանակացույցը խիստ լարված էր եւ հագեցած քաղաքական ակտիվ գործունեությամբ, ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Այն պլանավորում էր արտաքին գերատեսչության ղեկավարի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-ի Գլխավոր կոնֆերանսում, հանդիպումներ Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սիգհ Շեխավատի եւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Այնուհետեւ սկսվում էր նրա պաշտոնական այցեշարքը Հարավ-Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ Օվկիանոսի երկրներ` Ավստրալիա, Ինդոնեզիա, Սինգապուր, եւ ավարտվում Լիտվայում, որը, եթե ընթերցողը հիշում է, առաջին պետությունն էր, որը ճանաչեց մեր անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մեզ հետ:

Նախարարի նման գործելակերպը, երկու կարծիք լինել չի կարող, արժանի է դրվատանքի եւ հասարակական կարծիքի հավանությանը: Հայաստանի համար միանգամայն կարեւոր են համագործակցության խորացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ եւ նրա շրջանակներում, ինչպես նաեւ՝ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը Մեծ Բրիտանիայի ու Լիտվայի հետ: Մենք հեռու ենք վիճարկելու կամ կասկածի տակ առնելու երկկողմ կապերի անհրաժեշտությունն «աշխարհի մյուս ծայրում» տեղադրված այլ երկրների հետ եւս: Սակայն այստեղ երեւան են գալիս մի շարք հարցականներ, որոնք պարզաբանման եւ ճշգրտման կարոտ են: Նախ, որքանով է նպատակահարմար Հայաստանի նման եւ Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող փոքր երկրի համար՝ կտրուկ զարգացնել դիվանագիտական աշխարհագրությունն, այդպես էլ երբ քաղաքական հայեցակարգի բացակայության պայմաններում, գոնե պաշտոնապես, ճշգրտված չեն հայկական դիվանագիտության հիմնական ուղղություններն ու գերակայությունները: Խնդիրն ամենեւին էլ նշված երկրների հազարավոր կիլոմետրերով մեզանից հեռու գտնվելը չէ: Կարող է լինել մեծ հեռավորության վրա գտնվող երկիր եւ ավելի օգտաշատ լինել մեզ, քան մեր անմիջական հարեւանը: Կրկնում ենք, այստեղ հարցը վերաբերում է այցելության նպատակահարմարությանը եւ, առաջին հերթին, ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հնարավոր դիվիդենտներին, եթե նկատի ունենանք, որ խոսքը վերաբերում է աշխարհի հարուստ երկրներից մեկին` Ավստրալիային եւ Հարավ-Արեւելյան Ասիայի արագ զարգացող եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող «վագրեր» Ինդոնեզիային եւ Սինգապուրին: Սակայն երեք երկրների այցելությունների արդյունքում, ըստ ԱԳՆ հաղորդագրության, ստորագրվել է ընդամենը մեկ պայմանաիրավական փաստաթուղթ Ինդոնեզիայի հետ` համաձայնագիր կրկնակի հարկումից խուսափելու համար: Համաձայնեք, որ կտրել հազարավոր կիլոմետրեր Ջակարտայում մի տրաֆարետ պայմանագիր ստորագրելու համար` շռայլություն է նույնիսկ Հայաստանից շատ ավելի հարուստ պետությունների համար: Մի փոքր շեղվելով բուն նյութից՝ փաստենք, որ Արտգործնախարարությունը սովոր է ավելի մեծ եւ երկարատեւ շռայլությունների: Օրինակ, ՀՀ ԱԳՆ-ն կարող է Բրազիլիայի Սան-Պաուլուում բացել Գլխավոր հյուպատոսություն, որը տարին մեկ տալիս է մի քանի վիզա: Պարզապես պետք էր մարդուն մի յոթ-ութ տարով գործուղել արտասահման, որի համար բացվեց դիվանագիտական ներկայացուցչություն: Սա՝ իմիջիայլոց:

Հաղորդագրությունը լռում է նախարարի գլխավորած պատվիրակության կազմի մասին, մինչդեռ ցանկալի կլիներ, եթե նրան ուղեկցեր հայ գործարարների եւ արդյունաբերողների ստվար մի խումբ, որն իր իսկ հաշվին այցելելով այդ երկրներ, թերեւս կկարողանար արտգործնախարարի բարձր հովանավորության ներքո հիմք դնել նրանց հետ փոխշահավետ համագործակցության: Ընդհանրապես արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է գործնական օգնություն ցուցաբերի միջզազգային տնտեսական կապերի զարգացման գործընթացին: Նման գործելակերպը հատուկ է շատ ու շատ երկրների դիվանագիտական ծառայություններին: Ում` ում, բայց Օսկանյանին քաջ հայտնի է, որ, օրինակ, Պետդեպի գործունեության գերակայություններից մեկն ամերիկյան բիզնեսի ապահովումն է արտասահմանում: Եթե նախարարի այս այցելության տնտեսական բանակցային արդյունքները համեստ են, ապա քաղաքականի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այն, որ Ջակարտան Օսկանյանին շարադրել է Աչեի հակամարտության կարգավորման, իսկ վերջինս` Լեռնային Ղարաբաղի կարգավորման ընթացքը, առնվազն միամտություն կլինի հուսալ, որ Ինդոնեզիայի նման իսլամական երկիրը ղարաբաղյան հիմնահարցում կդառնա մեր համակիրը: Անիմաստ է այս խնդրում ակնկալել Ավստրալիայի կամ Սինգապուրի աջակցությունը եւս, անգամ, եթե նախարարի հետ ջերմ հանդիպումներ ունեցած տեղի սակավաթիվ հայերը խոստացած լինեն նրան սատար կանգնել այդ հարցում:

Մենք չենք բացառում, սակայն, որ այցելության ընթացքում շոշափվել եւ լուծվել են հարցեր, որոնք չեն արտացոլվում պաշտոնական հաղորդագրություններում: Առարկություն չկա, եթե խոսքը վերաբերում է դիվանագիտության փակ կողմին: Սակայն այսօր հարկատուն չգիտե, թե ինչ ձեւով ու նպատակով է այդ գերատեսչությունը ծախսում իրենից կատարված գանձումները: Տվյալ պահին մենք չենք խոսում Լեռնային Ղարաբաղի, հայ-թուրքական, Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ հարաբերությունների եւ այլ «նուրբ եւ կենսական» հարցերի մասին: Մարդիկ, օրինակ, կցանկանային իմանալ, թե ինչպես են զարգանում քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններն այս կամ այն երկրի հետ, թե ինչպես է ընթանում այն հարյուրավոր պայմանաիրավական փաստաթղթերի կիրարկումը, որոնք Հայաստանը ստորագրել է օտար պետությունների հետ, ունի սպասելիքներ, եւ որի կատարման պատասխանատվությունը դրված է ԱԳՆ-ի վրա: Սակայն ի՞նչ թափանցիկության կամ հաշվետվության մասին կարող է խոսք լինել, երբ նախարարությունում չկա կամ չի գործում կոլեգիա, երբ դեսպանները կամ նախարարության ղեկավարները ոչ միայն առհասարակ բացակայում են զանգվածային լրատվամիջոցներում, այլեւ հաշվետու չեն Ազգային ժողովի անգամ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ինչպես դա ընդունված է ողջ աշխարհում: Դիվանագիտական ծառայության այս եւ շատ ուրիշ մեծ ու փոքր թերություններ կարող են բերել անցանկալի հետեւանքների, լրջորեն խոչընդոտել Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակների իրագործմանը: Վաղուց ժամանակն է լրջորեն խորհել այս մասին եւ հետություններ անել: