Կեցցե ՏՄՊՊՀ-ն: 10 անգամ

04/12/2010

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է պանրի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները։ Այդ ուսումնասիրությունների համար առիթ էր հանդիսացել պանրի գնի թռիչքաձեւ աճը. մոտ երկու ամիս առաջ պանիրը հաշված օրերի ընթացքում թանկացավ 35-40 տոկոսով: ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալներում հետաքրքիր է, սակայն, ոչ այնքան պանրի թանկացման գրեթե ստանդարտ բացատրությունը, այլ մեկ այլ ցուցանիշ: Ի թիվս այլ տվյալների, ՏՄՊՊՀ-ն հրապարակել է պանիր արտադրող ընկերություններից ստացված ցուցանիշներն այդ ապրանքատեսակի շուկայի վերաբերյալ: «Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ ընտրված 16 ընկերություններն ապահովում են պանրի արդյունաբերական արտադրության շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերություններից ստացված տեղեկատվությունը ԱՎԾ-ից ստացված տվյալների հետ համադրելիս, ստացվում է ընդամենը 7-8 տոկոս»,- նշված է ՏՄՊՊՀ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Սա նշանակում է, որ պանիր արտադրող 16 առավել խոշոր ընկերությունները շուրջ 10 անգամ նվազեցրել են իրական շրջանառության ծավալները: Այսինքն` կոնկրետ պանրի շուկայում առկա է ոչ թե «սովորական» ստվերային շրջանառություն, այլ՝ խայտառակ մեծ ծավալի ստվերայնություն։ Ամենաուշագրավն այն է, որ նման տվյալներ հրապարակում է պետական այն կառույցը, որի հիմնական գործառույթը ստվերային տնտեսության սկզբնաղբյուրներից մեկը համարվող մենաշնորհների դեմ պայքարն է: Եվ հենց դրանով է արժեքավոր ՏՄՊՊՀ-ի երեկվա հրապարակումը, քանի որ, որոշակի վերապահումներով, այդ ցուցանիշը կարելի է տեղայնացնել նաեւ տնտեսության մյուս ոլորտների եւ այլ շուկաների վրա: Խնդիրն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը տնտեսվարողների հետ աշխատում է նույն մեխանիզմներով: Այսինքն` եթե խոշոր պանիր արտադրողները Վիճվարչության հետ «աշխատում են»՝ 10 անգամ նվազեցնելով իրական ծավալները, ապա կարելի է ենթադրել, որ մյուս շուկաների սուբյեկտները եւս այդ համամասնությամբ են ներկայացնում իրենց ցուցանիշները: Այնպես որ, ՏՄՊՊՀ-ին պետք է ընդամենը շնորհակալություն հայտնել ստվերային տնտեսության մասին մինչ այժմ հնչող փորձագիտական գնահատականները պաշտոնապես արձանագրելու համար: