Հինգշաբթի օրը «Wikileaks»-ը հրապարակել էր Թբիլիսիից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունները, որոնցից մեկում (ԱՄՆ էր ուղարկվել 2007թ. հուլիսին), խոսվում է Վրաստանում ՌԴ-ի ակտիվ միջոցառումների մասին: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը գրել է. «Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում եւ Ախալքալաքում, ինչպես նաեւ՝ տեղական համայնքի ղեկավարներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ ՌԴ իշխանությունները ֆինանսավորել են ծայրահեղական հայ ազգայնականներին Սամցխե-Ջավախեթիում` փորձելով ապակայունացնել այս բազմազգ եւ քաղաքականապես անկայուն տարածաշրջանը: Լարվածությունը կիզակետին է հասել 2006թ. գարնանը, երբ մարտին Ախալքալաքում բուռն ցույցեր էին Ծալկայում ազգությամբ հայի սպանությունից հետո, եւ մայիսին, երբ ցուցարարները կարճ ժամանակով կասեցրեցին ռուսական բազաների դուրսբերման առաջին փուլը: Սակայն, երբ բազաները դուրս բերվեցին, Ախալքալաքում հուզումները կտրուկ նվազեցին, ինչը վկայում է, որ հավաստի էին Վրաստանի պնդումները, թե լարվածությունը առաջացնում էին այն տարրերը, որ ղեկավարվում էին ռուսական բազաներից»: Չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ իրենք ակտիվորեն մասնակցել են այդ ցույցերին, սակայն կտրականապես հերքել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորման հանգամանքը: «Ես կտրականապես հերքում եմ, որ այդ ֆինանսավորումը անցած լինի իմ եւ իմ շրջապատի մարդկանց միջեւ, որովհետեւ դա չեմ նկատել: Իսկ ինչ վերաբերում է, որ ուրիշ մարդիկ են եղել այս պրոցեսներին խառը, այլ կարգի կազմակերպություններ, ես այդպիսի մարդկանց չեմ կարող ասել` եղել է, չի եղել, ես միայն պատասխան եմ տալիս այն մարդկանց շրջանակներում, որոնք իրոք ջավախահայերի շահերին են կանգնած եղել` այդ մարդկանց համար երաշխավորում եմ ուղղակի»,- ասել է Ռստակյանը: «Ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ աղբյուրների վրա է հիմնվում դեսպանատունը, որ այդպիսի ինֆորմացիա տվել է կամ չի տվել: Միտինգները միշտ էլ Ջավախքում եղել են բանակի դուրս գալու վերաբերյալ, ընդ որում, կարծում եմ, որ իրենց` ջավախքցիներին էր առաջին հերթին պետք, որ այս բազան տարածաշրջանից դուրս չգար, որովհետեւ իրենք միշտ երաշխիք են տվել բազայի ներկայությամբ բավականին Ջավախքում, այնպես որ` ես չեմ հասկանում, թե տրամաբանությունը որն է, որ ռուսները պետք է ֆինանսավորեին` մենք մեր ազգային շահե՞րը պահեինք: Աղբյուրները, որ այդ մարդիկ ունեն` ում են ֆինանսավորել, ինչ են արել, իրենք պետք է երեւի ավելի բաց այդ մասին ասեն, եթե փաստեր ունեն, եթե փաստեր չկան` իմաստը ո՞րն է՝ այդպես ենթադրելով այդ մասին խոսել»: Նաեւ հավելել է. «Նորից կրկնում եմ, ինչ վերաբերում է միտինգներին` դա ջավախահայերիս էր պետք, եւ հետագայում, երբ ռուսական բազան Ջավախքից հեռացավ, կյանքը ապացուցեց, որ, այո, նա ոչ միայն անվտանգության երաշխիք էր, այլեւ կերակրում էր շատ ու շատ Ջավախքի ընտանիքների»: