Նախագահների անձնական կյանքից

04/12/2010

Իսպանական «El Pais» պարբերականը հրապարակել է հատվածներ «Wikileaks»-ի նյութերից, որոնք վերաբերում են Ղազախստանի նախագահի անձնական կյանքին: «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, բացի պաշտոնական կնոջից` Սարայից, եւս երկու կին ունի (Լոնդոնում բնակվող ուղեկցորդուհին եւ գեղեցկության մրցույթի հաղթող)»,- հայտնել են ամերիկացիները` ղազախական վերնախավի ցոփ կյանքի մասին նամակներում: Վարչապետ Քարիմ Մասիմովին տեսել են Աստանայի «Շոկոլադ» գիշերային ակումբում պարելիս, իսկ Նազարբաեւի փեսա Թիմուր Կուլիբաեւն իր 41-ամյակը նշել է Էլթոն Ջոնի երգեցողության հնչյունների ներքո: Նաեւ ընդգծել են, որ Նազարբաեւը սեփական պալատ ուներ Արաբական Միացյալ Էմիրություններում, որը նա փոխանակել է Աստանայից հյուսիս գտնվող լեռնային առանձնատան հետ: Թուրքիայում էլ վիլլա ունի, որտեղ լինում է տարվա մեջ 4-5 անգամ: Ի դեպ, իսպանական «El Pais» պարբերականը հետաքննություն է իրականացրել «Wikileaks»-ի հրապարակումների հետքերով, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, եւ պարզել է. «Ամերիկացիները մի ամբողջ շարք են հրապարակել Ադրբեջանի ամենահարուստ ընտանիքների մասին: Առաջին հերթին դա Փաշաեւների տոհմն է, որից սերում է Մեհրիբանը` նախագահ Իլհամ Ալիեւի կինը: Փաշաեւները վերահսկում են երկրի 10 խոշոր բանկերից մի քանիսը, նաեւ «Pasha Holding»-ը, որը Բաքվում «Bentley» մեքենաների վաճառքի կետ է բացել: Նրանց է պատկանում նաեւ «Pasha Constructions» շինարարական ընկերությունը, որը կառուցել է Բաքվի գլխավոր հյուրանոցները, հեռուստաալիքներ, բջջային կապի ընկերություններ, եւ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ ունի: Փաշաեւները ռուսերեն ավելի լավ են խոսում, քան ադրբեջաներեն, վերահսկում են նախարարություններն ու գերատեսչությունները, որտեղ շահեր ունի առաջին տիկին Մեհրիբանը: Վերջինս գլխավորում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որն ամերիկացիները «կասկածելի» կազմակերպություն են համարում: Նրանց կարծիքով, Մեհրիբանը ճչան է հագնվում անգամ արեւմտյան չափորոշիչներով եւ վերջերս պլաստիկ վիրահատություն է արել: Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի ընտանիքը հարստությամբ երկրորդն է Ադրբեջանում: Քեմալադդինի հայրը` Ֆաթթահը կուսակցական աշխատող է եղել Նախիջեւանում, որտեղ ծնվել է Հեյդար Ալիեւը: Հեյդարովների ընտանիքը սեփական «Airbus 319» ունի, սակայն երեխաները՝ Նիջաթն ու Թալեն, որոնք կրթություն են ստացել Լոնդոնում, ուզում են գնել մեկական «Gulfstream»` 20 մլն դոլար արժեքով: Հեյդարովները բազմաթիվ ձեռնարկություններ ունեն շինանյութերի արտադրությունից մինչեւ կաթի արտադրությամբ զբաղվող: Նրանք մենաշնորհ ունեն նռան հյութի եւ սեւ ձկնկիթի արտադրության ոլորտում»: Հիշեցնենք, որ «Wikileaks»-ը հրապարակել է ամերիկացի դիվանագետ Դոնալդ Լուի գրությունը, որտեղ նա ներկայացնում է Ադրբեջանի նախագահի եւ նրա շրջապատի բնորոշումը: «Ալիեւը որոշակի ջանքեր է գործադրում, որպեսզի չեզոքացնի իր քաղաքական կարգավիճակի մասին ամեն մի ակնարկ: Նրա նպատակն է՝ ունենալ այնպիսի քաղաքական շրջապատ, ուր Ալիեւների դինաստիայի կարգավիճակը չի վիճարկվի: Դրա վկայությունն է 2009թ. մարտին շտապ ձեռնարկված, նախագահի պաշտոնավարման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումը»,- ասված է գրության մեջ: Դիվանագետը ենթադրում է, որ «այսպիսի դիրքորոշումը խեղդում է բոլոր թեկնածուների, այդ թվում` Ադրբեջանի նախագահի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հույսերը»: