Մի քանի օր առաջ հանդուգն գողություն է տեղի ունեցել իսպանական Խետաֆե քաղաքում. օրը ցերեկով հարձակում է կազմակերպվել Պաբլո Պիկասոյի, Ֆերնանդո Բոտերոյի կտավները տեղափոխող բեռնատարի վրա: Գողերը հասցրել են յուրացնել մոտ 5 մլն եվրո արժողության արվեստի գործերը: Բարսելոնայի ու Մադրիդի 6 թանգարաններից հավաքված աշխատանքները Քյոլնից (որտեղ ցուցադրվում էին) տեղափոխվում էին հայրենիք, եւ թանկարժեք նկարներով բեռնված ավտոմեքենան դեռ չէր հասցրել բեռնաթափվել, երբ 3 գողերը հեշտությամբ մուտք են գործել բեռնատարի կայանման վայր ու անաղմուկ դուրս են հանել թվով 50 կտավները: Իսպանիայի Ոստիկանությունը խոստովանում է, որ սա արվեստի գործերի ամենախոշոր առեւանգումն է իրենց երկրում, եւ նշում են, որ անհրաժեշտ է շուտափույթ գտնել գողերին, քանի դեռ արվեստի գործերն Իսպանիայի սահմաններից դուրս չեն հանվել: Այլապես ազգային մշակութային ժառանգության հետքը կկորչի: