Բուժիչ նամակներ

04/12/2010 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Սուրճը

Տորոնազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ մինչեւ 5 մետր բարձրության ծառ։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղ պահպանվել են դրա վայրի մացառուտները։ Սուրճի ծառն առաջին անգամ նկարագրել է գերմանացի բժիշկ Ռաուվելֆը (1573 թվականին)։ Արեւմտյան Հայաստանում սուրճի ըմպելիքը տարածում է ստացել դեռեւս 16-րդ դարի սկզբում։ Հետաքրքիր է, որ 1672թ. Ֆրանսիայում բացված առաջին սրճարանի տերը Պասկալ անունով մի հայ է եղել։

Հյուսիսային Ամերիկայում սուրճ են օգտագործել 1670թ. Բոստոնում։ Սուրճը մշակվում է 17-րդ դարից Եմենում։ Այդ երկրի Մոկկո նավահանգստից այն արտահանվել է աշխարհով մեկ։ 20-րդ դարի սկզբում սուրճ տեղափոխող նավերից մեկի բեռնախցիկը փոթորկի պատճառով ջրով լցվեց։ Բեռնաթափվելուց հետո նկատեցին, որ այդ սուրճից պատրաստված ըմպելիքի ազդեցությունն ավելի թույլ է։ Այդ պատահականության շնորհիվ սուրճը ստացավ ավելի մեծ տարածում, քանի որ կոֆեինի փոքր տոկոս պարունակող սուրճը կարող էին խմել նաեւ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։

Եվ այսպես. եթե ցանկանում եք տնային պայմաններում իջեցնել կոֆեինի տոկոսը, ապա հատիկները որոշ ժամանակ պահեք ջրի մեջ: Քիչ անց դրանք կուռչեն: Ջրից առանձնացրեք հատիկները եւ լվացեք հոսող ջրի տակ։ Լուծույթի մեջ գցեք մի քանի կոճակ ակտիվացրած ածուխ, որը ներծծում է լուծույթի մեջ գտնվող կոֆեինը։ Ցանկության դեպքում կարող եք ցայել սուրճի հատիկները այդ լուծույթով եւ բովել։ Այս հատիկներով պատրաստված սուրճի «գրգռիչ» հատկությունը նվազում է։ Կոֆեինի պարունակությունը չմշակված հատիկների մեջ տատանվում է. «Ռոբուստա» տեսակի մեջ կոֆեինի պարունակությունը մոտ երկու անգամ ավելի է, քան «Արաբիկա» տեսակի մեջ։ Վաճառքում գտնվող սուրճի հատիկների կոֆեինի պարունակությունը մոտ է 0,1%-ի։

Լուծվող սուրճի մեջ կոֆեինի պարունակությունն ավելի բարձր է։ Որոշ հետազոտողներ հավաստում են, որ լուծվող սուրճը բարենպաստ ներգործություն ունի օրգանիզմի վրա, նշվում է, որ այն ցանկալի է խմել կաթի կամ սերուցքի հետ խառնած վիճակում, սակայն ոչ քաղցած ստամոքսին: Սուրճից պատրաստված ըմպելիքները արտահայտված բարերար ազդեցություն ունեն հիպոտոնիայով հիվանդների վրա։ Հակացուցված են սիրտ-անոթային որոշ հիվանդությունների, 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի դեպքում։ Ցանկացած հիվանդության դեպքում սուրճի չափաբաժինը պետք է որոշի բժիշկը։ Սուրճը պարունակում է կոֆեին (1,2%), ջուր (12%), շաքարանյութեր (8%), սրճաթթու (9%), բջջանյութ (25%), ազոտային միացություններ (13%), ֆենոլային միացություններ, պիրիդին, քացախաթթու, վիտամին PP, E եւ այլ նյութեր։ Բովելուց հետո ճարպերի, ազոտային միացությունների եւ կոֆեինի պարունակությունը մի փոքր ավելանում է, իսկ ջրի, շաքարի, սրճաթթվի պարունակությունը իջնում է 2-4 անգամ։ Նիացինը (վիտամին PP) մասնակցում է էներգիայի արտադրմանը բջիջներում։ Սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։ Խորհուրդ է տրվում քրոնիկական հիվանդությունների՝ լյարդի ցիռոզի, չարորակ ուռուցքների, հատկապես շագանակագեղձի ադենոմայի, պանկրեատիտի դեպքում։ Ստորեւ նշվածից պարզ է դառնում, թե ինչու կոֆեինի ցածր պարունակությունը առանձնապես չի ազդում սուրճի բարերար հատկությունների վրա։ Նիացինը օգնում է նաեւ հոգնածության, մկանային թուլության, վատ ախորժակի, ստոմատիտի, լնդերի հիվանդությունների, սրտխառնոցի դեպքում։ Վերացնում է բերանի տհաճ համը եւ հոտը։ Սիսեռը շատ լավ համակցվում է սուրճի հետ, ուժեղացնում սուրճի օգտակար ազդեցությունը։ Սուրճի եւ սիսեռի հարաբերությունը խառնուրդի մեջ որոշում է խմողը։

Շատ կարեւոր է նիացինի հետեւյալ հատկությունը. նպաստում է սերոտինի արտադրությանը, պարգեւում է առողջ քուն եւ երջանկության զգացողություն։ Վերջերս հետազոտությունների միջոցով պարզվել է, որ սուրճի լուծամզվածքը (յուղային, ջրային, սպիրտային) բերում է թքի արտադրությունից առաջացող գազերի պակասեցմանը: Այդ գազերը բավական տհաճ հոտ ունեն: Սովորական ձեւով պատրաստված սեւ սուրճը չի հանգեցնում նման արդյունքի: Գիտնականները փորձեր են կատարում, որպեսզի ստանան տհաճ հոտերը վերացնող դեզոդորանտ սուրճի հատիկներից:

Դիմակներ

Մանր կնճիռների դեպքում. 1 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնել թունդ պատրաստված (հովացրած) սուրճի հետ այնպես, որ ստացվի խիտ զանգված, ավելացնել 1 ձվի դեղնուց։ Ստացված խառնուրդը հարել, քսել դեմքին, 10-15 րոպեից լվանալ տաք ջրով:

Փափկեցնող եւ թարմացնող. մեկական թեյի գդալ աղացած սուրճը, ձիթապտղի յուղը եւ մեղրը լավ խառնել: Քսել դեմքին թեթեւակի մերսելով մաշկը։ 15 րոպեից լվանալ դեմքը։