Տժժացել են

02/12/2010

Երեկ` Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի օրը, «Wikileaks»-ը հրապարակել է ամերիկյան դիվանագետների նամակագրության նոր մանրամասներ, որոնցում խոսք է գնում Ղազախստանի քաղաքական վերնախավի սովորույթների մասին: Ըստ այդմ, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հատուկ սեր է տածում ձիերի նկատմամբ, եւ Աստանայի մոտ գտնվող նախագահական ձիարանը հատուկ պահպանության տակ է գտնվում: Ամերիկյան դիվանագետներն անդրադարձել են նաեւ նրա փեսային՝ Թիմուր Կուլբաեւին, ով իր ծննդյան օրը համերգ է կազմակերպել ռուսական աստղերի եւ Էլթոն Ջոնի մասնակցությամբ: Իսկ Նազարբաեւի ծննդյան օրը ելույթ է ունեցել Նելլի Ֆուրտադոն: Գրառումներում նշված է, թե ինչպես է վարչապետ Քարիմ Մասիմովը զվարճացել էլիտար գիշերային ակումբներից մեկում նախագահի աշխատակազմի ղեկավար Քայրաթ Քելիմբետովի եւ Աստանայի քաղաքապետ Ասքար Մամինի հետ: «Վարչապետն անգամ պարել է գիշերային ակումբի բեմում: Պաշտպանության նախկին նախարար Դանիիլ Ահմետովը զվարճանում է «homo soveticus» ոճով, հարբում՝ անգիտակից վիճակի հասնելով»,- ասված է գրառումներում: