Մեր տեղեկություններով՝ Գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով: Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր մի քանի գերատեսչությունների, այդ թվում նաեւ՝ Գյուղնախարարության աշխատանքները: Դրանից հետո պաշտոններից ազատվեցին փոխնախարարներ եւ վարչության պետեր, նաեւ` Գյուլզադյանը: Այդ դեպքերից մի քանի օր հետո Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Վ.Գյուլզադյանի պաշտոնանկումը կապեց «Զվարթնոց» օդանավակայանում պատգամավորներից մեկի դստեր բեռի արգելափակման հետ` չնշելով, թե կոնկրետ որ պատգամավորին նկատի ունի: Խոսքը, մեր տեղեկություններով, վերաբերել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ում դուստրը զբաղվում է այնպիսի նյութերի ներկրման բիզնեսով, որոնք պետք է ստուգվեն նշված տեսչության կողմից: Ըստ մեր աղբյուրների, «Զվարթնոց» օդանավակայանում այդ տեսչության տեսուչները մի փոքր ուշացրել են պատգամավորի դստեր բեռի զննումը, ինչի համար էլ Դ.Հարությունյանը բողոքել է Տ.Սարգսյանին: Այս տեղեկատվության առնչությամբ Դ. Հարությունյանից մեկնաբանություն ստանալ երեկ չհաջողվեց, քանի որ վերջինս բացակայում է հանրապետությունից: