ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության մամլո ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: «Դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ: Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի` «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: