Սարգսյանն ու Ալիեւը չհանդիպեցին

02/12/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Աստանայում ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հայտարարություն է ընդունվել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի հայտարարության տակ, որով ըստ էության ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքները: Սա որոշ իմաստով բեկումնային կարելի է համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Իհարկե, դա ուղղակիորեն չի արվել, սակայն սա ՀՀ նախագահի առաջին պաշտոնական ստորագրությունն էր, որով նա համաձայնություն է տվել Մադրիդյան սկզբունքներին: Ընդ որում, Ս.Սարգսյանի նման, Մադրիդյան սկզբունքներն ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Եվ այսպես` ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` ԼՂ հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբամայի, Դ.Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի` 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում եւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա»: Հիշեցնենք, որ Ակվիլայում երեք նախագահների հայտարարությամբ բացահայտվեցին Մադրիդյան 6 սկզբունքները, որոնցից առաջինը ԼՂ հարակից տարածքների վերադարձն է Ադրբեջանի վերահսկողությանը: Երկրորդը` ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու մասին կետն է, երրորդ դրույթը վերաբերում է ՀՀ-ն ԼՂ-ին կապող միջանցքին: Իսկ ԼՂ վերջնական կարգավիճակի լուծումն ամրագրված է այդ փաստաթղթի չորրորդ կետում: Ավելացնենք, որ ըստ Ակվիլայի հայտարարության՝ այս 4 հարցերը լուծելուց հետո փախստականները պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, որտեղ էլ պետք է իրականացվի միջազգային խաղաղապահ գործողություն: Ճիշտ է, Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթն այս 6 կետերով չի սահմանափակվում, բայց Աստանայի գագաթաժողովում Ս. Սարգսյանն ու Ի.Ալիեւն անուղղակիորեն հայտարարեցին, որ ընդունում են վերը նշված կետերը:

2006 թվականից ՀՀ-ն ու Ադրբեջանը խուսափում էին գրավոր համաձայնություն տալ Մադրիդյան սկզբունքներին: Եվ միջազգային հանրությանը 4 տարի չէր հաջողվում ստանալ երկու երկրների համաձայնությունը: Թեեւ բանավոր հայտարարություններ եղել են, որ կողմերից մեկը` ՀՀ-ն, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանն էլ ընդունել է արդեն Մադրիդյան նորացված սկզբունքները:

Ի դեպ, այս հայտարարությունը եզակի է նաեւ նրանով, որ այն ստորագրել են հինգ երկրների ներկայացուցիչները` ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները եւ ՀՀ ու Ադրբեջանի նախագահները: Նախորդ հայտարարությունները հիմնականում եռակողմ էին լինում: Ավելացնենք նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Դ.Մեդվեդեւի, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաեւ՝ Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ եկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առավել վճռական գործողություններ ձեռնարկելու ժամանակը: Հայտարարության մեջ նրանք հղում են արել նաեւ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի՝ Մոսկվայի 2008թ. նոյեմբերի 2-ի եւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի հայտարարություններին: Համաձայնություն են հայտնել, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն եւ անվտանգություն կբերի, կհանդիսանա նրանց միջեւ համաձայնության հասնելու միակ հնարավորությունը: «Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` նրանց կողմից խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշում ընդունելու գործում: Նրանք կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ կրկնապատկված եռանդով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռ մնում են չհամաձայնեցված Հիմնարար սկզբունքներում: Եվ հանձնարարեցին իրենց համանախագահներին` շարունակել հակամարտության կողմերի հետ աշխատանքը նրանց այս ջանքերին աջակցելու համար: Բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով նրանք կոչ արեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմը պահպանելու եւ բոլոր ոլորտներում վստահությունը ամրապնդելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ հակամարտության խաղաղ կարգավորման մասին տրված ձեւակերպումից հասկանալի է դառնում, որ միջնորդ կողմերին չի հաջողվել ամբողջությամբ չեզոքացնել պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը: Վտանգը, բնականաբար, գալիս է Ադրբեջանից: Ճիշտ է, Ի.Ալիեւը միացել է հայտարարությանը, որով արձանագրվում է, որ անհրաժեշտ է խնդրի շուտափույթ լուծում, սակայն արդեն խաղաղ կարգավորման մասին ձեւակերպումը պատվիրակության ղեկավարները տվել են առանց նրա: Ավելացնենք նաեւ, որ սպասվածին հակառակ՝ երեկ Աստանայում Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի հանդիպումը չկայացավ: Մամուլում նշվում է, որ Ի.Ալիեւը վերջին պահին «հրաժարվել է հանդիպել ՀՀ ու ՌԴ նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել հրապարակված հնգակողմ հայտարարության եւ գագաթաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ ներառված տեսակետների տարբերության համար»: Նշվում է, որ համանախագահները, ովքեր ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը` «տարակուսանքի մեջ են հայտնվել»: Միեւնույն ժամանակ գագաթաժողովում ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է «պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների մեջ», պնդել է, որ Հայաստանը «զորավարժություններ անցկացնելով օկուպացված տարածքներում, փոխելով քաղաքների եւ գյուղերի անվանումները, անօրինական կերպով բնակեցնելով օկուպացված տարածքները` փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»: Ս.Սարգսյանը ելույթ կունենա այսօր:

Աստանայի հայտարարության մասին

Հայաստանում արդեն Աստանայում ընդունված հայտարարությունը մեկնաբանվել է տարբեր կերպ: Այն, որ դրանում ԼՂՀ հակամարտության լուծման համար Հելսինկյան եզրափակիչ ակտի կողքին նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունը, շատերին, հիմնականում՝ իշխանական մեկնաբաններին, հիմք է տվել ասելու, թե հայկական կողմն ունեցավ հերթական ձեռքբերումը: Այս տեսակետի կողմնակիցները նշում են, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքին: «Առաջին անգամ է, որ նման հայտարարության մեջ հղում է տրվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, իսկ կանոնադրության մեջ հստակ նշված է, որ ինքնորոշման իրավունքը, ի տարբերություն տարածքային ամբողջականության, ոչ միայն սկզբունք է, այլ նաեւ նպատակ: Այսինքն՝ սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացմանը, իսկ նպատակը, բնականաբար, գերակա է»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Մինչդեռ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ոչ միայն համաձայն չէ այս տեսակետի հետ, այլեւ գտնում է, որ այս հայտարարությամբ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում թուլացվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ազդեցությունը: Պատգամավորի խոսքերով՝ այն փաստը, որ հայտարարության մեջ շեշտվում են Ակվիլայում, Մոսկվայում եւ Աստրախանում ընդունված հայտարարությունները, կողմերին զրկում է ինքնուրույն ռազմավարություն ունենալուց եւ լիակատար կախվածության մեջ է դնում համանախագահող երկրներից: «Այսինքն՝ կողմերին զրկում են այլ ռազմավարություն ունենալու իրավունքից: ԼՂ-ն էլ դառնում է կարգավորում կոչվող այս գործընթացի պատանդը: Այս հայտարարությունը ստեղծում է կոնֆլիկտի հավերժացման հեռանկար: Մադրիդյան առաջարկներն իրականում երկարաձգում են կոնֆլիկտի կարգավորումը, ընդ որում, մի այնպիսի պրոցեսում, որտեղ թելադրողը դրսի ուժերն են»,- ասում է Ս.Սաֆարյանը: «Այս հայտարարությամբ լուծվում է Մադրիդյան սկզբունքների համար խորամանկությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդիրը: Հայաստանին ու Ադրբեջանին ներքաշում են այնպիսի մի գործընթացի մեջ, որից չկա ետդարձի ճանապարհ, որից չես կարող հրաժարվել»,- ավելացնում է պատգամավորը:

Իսկ մինչեւ հայտարարության ընդունումը Մինսկի խմբի երկրների պատվիրակության, միջազգային կառույցների ղեկավարները գագաթաժողովի ժամանակ առանձին-առանձին անդրադարձել են խաղաղ կարգավորման եւ պատերազմի չվերսկսման վտանգին: Օրինակ, Դ.Մեդվեդեւը հայտարարել էր, թե «Հակամարտությունների լուծման ժամանակ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է»: «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, ինչպես նաեւ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի` Ակվիլայում ու Մոսկվայում հայտարարած 6 էլեմենտների հիման վրա: Դրանք մի ամբողջություն են, եւ ցանկացած փորձ` դրանցից որեւէ մեկը գերակայող ներկայացնելու, ոչ կառուցողական քայլ է ու չի նպաստելու կարգավորման գործընթացին»,- նախապես հայտարարել է Հ.Քլինթոնը:

Հ.Քլինթոնից անմիջապես հետո ելույթ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ հայտարարել է, թե «Ֆրանսիան վճռական է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը կողմերին աջակցելու հարցում: Խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների եւ Ակվիլայում համանախագահ երկրների ղեկավարների ներկայացրած տարրերի հիման վրա»:

Աստանայում ԼՂՀ հակամարտությանն անդրադարձել է նույնիսկ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: «Պետք է լուծել գոյություն ունեցող հակամարտությունները: Գլխավոր հակամարտող միավորները ԵԱՀԿ տարածքում հայտնի են. դրանք Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի եւ Մերձդնեստրի հիմնահարցերն են»,- ասել է Իտալիայի վարչապետը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագա առաջընթացը պետք է հիմնված լինի նրա վրա, ինչն արդեն ձեռք է բերվել»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն էլ անդրադառնալnվ այդ խնդրին` հայտարարել է. «Հուսով եմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը որքան հնարավոր է արագ համաձայնության կհասնեն այս հարցի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Միաժամանակ հորդորում եմ Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ Շփման գծում սադրիչ քայլերից եւ հեռացնել Շփման գծում գտնվող դիպուկահարներին: Դա օգտակար կլինի ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ այն բոլոր խմբերի համար, որոնք լարված աշխատանքով ջանում են արագացնել խաղաղ բանակցությունները»: Ձգձգվող հակամարտություններին եւ դրանց կարգավորման գործում ԵԱՀԿ դերին անդրադառնալով` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, թե Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման համար ամենաբարձր քաղաքական ազդանշանը կտա:

Աստանայում մեկնարկած ԵԱՀԿ գագաթաժողովը կավարտվի այսօր: Նշենք, որ գագաթաժողովին մասնակցել են 38 երկրների ղեկավարներ, 10 վարչապետ, ԱՄՆ պետքարտուղարը, Վատիկանի պետքարտուղարը, Գերմանիայի կանցլերը, Մոնակոյի պետնախարարը: