ՀՀ գլխավոր դատախազությունը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնել Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ: «Դատարանը բավարար չի համարել Ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները եւ նրանց մասով կայացրել է արդարացման դատավճիռ: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազների գնահատմամբ` Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ապացույցները եղել են բավարար, եւ նրանց մասով նախատեսվում է ներկայացնել վերաքննիչ բողոք»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 29-ի դատավճռով հանցավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Նույն գործով մեղադրվող օպեր-լիազոր Մորես Հայրապետյանը հանցավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով եւ դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման: Վ. Խալաֆյանի իրավահաջորդը եւ Ա. Հարությունյանը հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը: