Բաց նամակ Դունյային

02/12/2010

«Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը բաց նամակ է հղել ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին` կոչ անելով հետեւողականություն ցուցաբերել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանության հարցում: «Վերջերս, երբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի էր ունենում ԶԼՄ-ների ազատության հարցերով Հարավկովկասյան 7-րդ կոնֆերանսը, ես առիթ ունեցա ունկնդրել հարավկովկասյան երկրների նախագահներին ուղղված Ձեր կոչը, որը լավագույնս արտահայտում էր ԶԼՄ-ների ազատության հարցերում ունեցած Ձեր սկզբունքային դիրքորոշումը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց այդ օրերին, երբ Թբիլիսիում ընթանում էր վերոհիշյալ կոնֆերանսը, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող լրագրող, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը ենթարկվում էր բռնությունների: Ն.Փաշինյանի նկատմամբ կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ունի: Մենք խորը մտահոգություններ ունենք լրագրողի ճակատագրով, եւ հավաստիացնում եմ Ձեզ, որ անհանգստացած է ազատ մտածող եւ ազատ գործող ցանկացած քաղաքացի` քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հազարավոր ներկայացուցիչներ: Մենք ակնկալում ենք, որ բանտարկված լրագրողի իրավունքների պաշտպանության հարցում Դուք մեկ անգամ եւս հանդես կգաք նույն վճռականությամբ եւ հետեւողականությամբ»,- ասված է նամակում: