ԱՊՊԱ-ն ապօրինի՞ է

02/12/2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը: Երեկ «Ժառանգության» պատգամավորները հանդես են եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ: Ըստ պատգամավորների` օրենքը չի բխում Սահմանադրությունից, որով ամրագրված են ՀՀ տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ ՀՀ օրենսդրության իրավական հիմքը: «Անհրաժեշտ է կիրառել սահմանադրորեն ամրագրված այն դրույթը, ըստ որի` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ` պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ: Նրանց դիտարկմամբ` այդ օրենքը մի կողմից բերում է ֆինանսական հավելյալ չնախատեսված ծախսեր, մյուս կողմից` ուղղված է մի քանի տնտեսվարողներին երաշխավորված գերշահույթներ ապահովելուն: