Ձմռան գալստյան հետ էներգետիկային վերաբերող հարցերն ավանդաբար ավելի սուր կերպով են արտահայտվում: Այնպիսի «պատերազմներ», ինչպիսիք նախորդ տարիներին ծավալվեցին Ռուսաստանի եւ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, եւ որի պատճառով Եվրոպան հայտնվել էր սառցահրման վտանգի առջեւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ չեն լինի: Այնուամենայնիվ մատակարարի` Ռուսաստանի, եւ սպառողի` Հին աշխարհի միջեւ հակասություններն աստիճանաբար սկսում են սրվել: Գերմանական «Suddeutsche Zeitung» թերթի Տնտեսական ֆորումում վերջերս ունեցած իր ելույթում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Գերմանիայի բացասական վերաբերմունքը ատոմային էներգետիկայի նկատմամբ, հայտարարեց. «Դուք գազ չեք ուզում, ատոմային էներգետիկան չեք զարգացնում: Գուցե փայտո՞վ եք տաքանալու: Իսկ փայտի հետեւից պետք է Սիբիր հասնել, դուք անգամ փայտ չունեք»: Ռուսաստանի վարչապետի այս կեսկատակ-կեսլուրջ հայտարարության մեջ երեւացին էներգետիկ հարցերում Մոսկվայի եւ Եվրոպայի միջեւ գոյություն ունեցող հակասությունները: Կսրվե՞ն արդյոք դրանք, թե՞ ընդհակառակը` կհարթվեն: Մեր այս եւ Հին աշխարհի գազամատակարարման իրար հետ մրցող նախագծերին վերաբերող հարցերին պատասխանում է «RusEnergy» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը:
– Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի խորհուրդը եվրոպացիներին` փայտի համար Սիբիր հասնելու մասին: Եվրոպան կփորձի՞ արդյոք դիմանալ առանց ռուսական գազի:
– Եվրոպան առանց այդ էլ փորձում է, սակայն չի հրաժարվում ռուսական գազից: Առայժմ Եվրոպան չի կարող «յոլա գնալ» առանց ռուսական գազի: Այստեղ փոխադարձ կախվածություն կա. ռուսական գազն անհրաժեշտ է Եվրոպային, իսկ Ռուսաստանին անհրաժեշտ է եվրոպական շուկան: Որովհետեւ եվրոպական եւ ներքին շուկայից բացի` Ռուսաստանը ոչինչ չունի: Չինական շուկան Ռուսաստանի համար փակ է, ռուսական գազի կարիքն այնտեղ բացարձակ չկա: Պեկինը պատրաստ է գազ գնել միայն այն դեպքում, եթե ռուսական կողմն այն մատակարարի ինքնարժեքից ցածր գնով: Ամերիկյան շուկան ռուսական հեղուկ գազի համար նույնպես փակ է: Արկտիկայից ստացվող հեղուկ գազն այդ դեպքում մրցունակ չի լինի: Այնպես որ` մնում է միայն Եվրոպան, եւ այդ պատճառով Ռուսաստանը ստիպված է համաձայնության գալ: Իսկ «Գազպրոմի» համար ամենասարսափելին այն է, որ եվրոպացիները մտադիր են ինչ-որ ձեւով ապամոնոպոլիզացնել «խաղի» կանոնները: Այդ պատճառով Վլադիմիր Պուտինի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «Գազպրոմի» հետ առնչություն ունեցող մյուս գործիչների հայտարարությունները գնալով ավելի հիստերիկ են դառնում, ինչն էլ մասնավորապես արտահայտվեց Գերմանիայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ:
– Բայց դատելով վերջին պայմանավորվածություններից` ռուսական «Հարավային հոսք» նախագիծն առաջ է գնում, նշանակում է` ամեն ինչ լավ է: Ուրեմն ի՞նչ մտավախություններ կարող են լինել:
– «Հարավային հոսք» նախագծի ընթացքն այնքան էլ հարթ չէ: Կարելի է մի գրադարան միջպետական համաձայնագրեր, հուշագրեր եւ այլ փաստաթղթեր ստորագրել, ձեւավորել բազմաթիվ ընկերություններ, բայց գործնականում ոչ մի բանի չհասնել: Օրինակ` ավելի քան 17 տարի է` ընթանում է Բուրգաս-Ալեքսանդրապոլ գազամուղի կառուցման վերաբերյալ փաստաթղթերի ձեւակերպման ու ստորագրման գործընթացը, այնինչ դեռ որեւէ խողովակ չի անցկացվել: Նույնն է նաեւ «Հարավային հոսքի» դեպքում: Բանն այն է, որ բավականին դժվար է միջոցներ գտնել 23 մլրդ դոլար արժեցող մի նախագծի համար, որի նպատակն, ըստ էության, միմիայն ուկրաինական տրանզիտը մեկ ուրիշ երթուղով փոխարինելն է: Ես չեմ պատկերացնում, որ Եվրոպայում կգտնվեն բանկեր, որոնք կգնան նման ավարտյուրայի:
– Իսկ մի՞թե այլընտրանքային, «հակառուսական» Nabucco նախագիծն ավելի էժան է:
– Nabucco նախագիծը գնահատվում է 8-9 մլրդ դոլար: Երկրորդ` նրանով հոսող գազը լինելու է ոչ ռուսական: 40 մլրդ խմ գազ պարտավորվել է տրամադրել Թուրքմենիան: Իրաքյան Քուրդիստանից առաջարկում են տրամադրել 20-30 մլրդ խմ գազ: Թուրքիան պատրաստ է մատակարարել մինչեւ 10 մլրդ խմ իրանական գազ, Ադրբեջանը` Շահ-Դենիզից կարող է տալ 10-12 մլրդ խմ ազ: Nabucco-ն խողովակ է, որը կառուցում են սպառողները, ոչ թե գազամատակարարողները: Այդ պատճառով նրանք են որոշում, թե ումից գնված եւ ում գազն են ցանկանում վառել իրենց երկրում:
– Բայց Nabucco-ում եւս ոչ մի խողովակ դեռ չի անցկացվել:
– Այո, չի անցկացվել: Սակայն Nabucco-ի գործն ավելի առաջ է գնացել, քան ռուսական «Հարավային հոսքի» դեպքում: Այնքան առաջ, որ բացառված չէ, որ առաջին պայմանագրերը կստորագրվեն արդեն հաջորդ տարվա կեսերին: Ներդրումների մասին որոշումը եւս կարող է ավելի վաղ կայացվել, քան «Հարավային հոսքի» դեպքում: Կարծում եմ` Nabucco-ի շանսերն ավելի մեծ են, քանի որ դա համաեվրոպական նախագիծ է: Իսկ «Հարավային հոսքին» համաեվրոպական կարգավիճակ ոչ ոք մտադիր չէ շնորհել, քանի որ այդ խողովակով անցնելու է միմիայն ռուսական գազը, որն էլ, իր հերթին, թեկուզ կիսով չափ, բայց վերահսկվելու է «գազպրոմական» ենթակառուցվածքների կողմից: Նման իրավիճակը հակասում է Եվրոպայում ընդունված գազային եւ էներգետիկ դիրեկտիվների այն նույն երրորդ փաթեթին, որը օրինականացվել է Եվրոպական խորհրդարանի որոշմամբ, եւ որը բացարձակապես ձեռնտու չէ ՌԴ-ին` հաշվի առնելով այդ որոշման հակամենաշնորհային բնույթը: Սա այն է, ինչին ընդդիմանում է Պուտինը:
– Այդուհանդերձ, «Հարավային հոսքի» մասնակիցները ստորագրել են բոլոր համաձայնագրերը, մնացել է միայն խողովակաշար անցկացնել Սեւ ծովի հատակով: Մի՞թե այդպես չէ: Այդ դեպքում ինչպե՞ս է Nabucco-ն առաջ անցել ռուսական նախագծից:
– Դա դեռ ամենը չէ: Թուրքիան մինչ օրս համաձայնություն չի տվել: Պուտինի խոսքերով` Անկարան խոստացել է նոյեմբերին համաձայնություն տալ Սեւ ծովի իր տնտեսական գոտու երկայնքով խողովակաշար կառուցելու հարցում, սակայն պաշտոնական համաձայնություն դեռեւս չկա, եւ հայտնի չէ` երբ կլինի: Ես չեմ բացառում, որ Թուրքիան ի վերջո համաձայնվի. նրա համար միեւնույն է, այսինքն` Թուրքիան առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. իմ տարածքում, իմ տնտեսական գոտում ինչ ուզում եք կառուցեք, միայն թե դա ինձ օգուտ բերի: Այլ հարց է, որ Ռուսաստանը կարծես թե բոլոր երկրների հետ պայմանավորվածություն ձեռք է բերել, բայց ֆինանսավորում այդպես էլ չկա: Դա վերաբերում է նաեւ պայմանագրերին… Օրինակ` Բուլղարիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն դրան անմիջապես հետեւեցին բողոքները Եվրահանձնաժողովի ու Եվրամիության կողմից, քանի որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նրանց թիկունքում: «Հարավային հոսքի» դեմ շատ հզոր դիմադրություն կա: Եվ սա եւս մի պատճառ է ՌԴ ղեկավարների նյարդային հայտարարությունների համար:
– Nabucco-ի համար եւս խողովակաշար պետք է անցկացնել Կասպից ծովի հատակով: Իսկ Կասպից ծովի կարգավիճակը մինչ օրս որոշված չէ: Ավելին, Բաքվում կայացած վերջին գագաթաժողովի ժամանակ նախագահները ստորագրեցին Կասպից ծովի անվտանգության մասին համաձայնագիր… Եվ քանի դեռ Կասպից ծովի հետ կապված բոլոր հարցերը լուծված չեն, որեւէ գլոբալ նախագիծ այնտեղ չի իրականացվի:
– Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիա դեռ ընդունված չէ, բայց Թուրքմենիան արդեն հայտարարել է, որ գազամուղի անցկացման համար բավարար է երկու պետությունների` Թուրքմենիայի եւ Ադրբեջանի համաձայնությունը: Եվ Թուրքմենիան հայտարարել է, որ մերձկասպյան երկրների մեծ մասը դրան սկզբունքորեն համաձայն է: Ռուսաստանը Թեհրանում կայացած մերձկասպյան երկրորդ գագաթաժողովի ժամանակ ակտիվորեն դիմադրում էր Կասպից ծովի խնդիրների կարգավորմանը: Բայց այս անգամ, երբ գագաթաժողովին մասնակցում էր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, դիմադրություն չեղավ: Ընդամենն ակնարկվեց, որ լավ կլիներ, եթե նախագծերի իրականացման ժամանակ պահպանվեին բնապահպանական նորմերը: Ընդամենն այսքանը:
– Սա խոսում է այն մասին, որ դիմադրելն անիմա՞ստ է:
– Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դադարում է «Գազպրոմի» զենքը լինելուց:
– Բայց մնում է Իրանը: Նա, միեւնույն է, կառարկի Կասպից ծովի հատակով գազամուղ անցկացնելու հարցում:
– Իրանը կարող է համաձայնել Թուրքմենիայի առաջարկի հետ: Թեհրանն այլ շահագրգռվածություն ունի` ինչպե՞ս բաժանել Կասպից ծովը: Կամ ուղիղ գծով` Թուրքմենիայի սահմանից մինչեւ Ադրբեջանի սահմանը, ինչպես դա եղել է ԽՍՀՄ-ի օրոք, կամ եռանկյունաձեւ` իջնելով ծովի խորքերը այնպես, որ ափամերձ պետություններից յուրաքանչյուրին բաժին ընկնի ողջ ջրատարածքի 20-ական տոկոսը: Իրանն առարկում է հենց այս հարցի շուրջ եւ ոչ թե քննարկում է այն, թե ով պետք է կառուցի գազատարը: Այդ խողովակը նրա համար ընդամենը ճնշման գործիք է ծովի սահմանները գծելու հարցում: Բացի այդ, կարծում եմ, որ եւ՛ Թուրքմենիան, եւ՛ Ադրբեջանը Իրանի հետ կարող են համաձայնության գալ:
– Երբեմն խոսակցություններ են ծագում, որ Nabucco նախագծում ինչ-որ կերպ կարող է ներգրավվել նաեւ Հայաստանը: Հնարավո՞ր է դա արդյոք գործնականում` ներկա քաղաքական իրավիճակում, երբ կարգավորված չէ Ադրբեջանի հետ հակամարտությունը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները հստակեցման կարիք ունեն: Թե՞ այս բոլոր «հայկական էներգածրագրերը» ընդամենը խայծ են, որպեսզի, ասենք, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդրահարույց հարցերի լուծման ժամանակ Երեւանն ավելի ենթարկվող լինի:
– Ես չեմ տեսնում որեւէ տարբերակ, որի դեպքում գազատար խողովակը կարող է անցնել Հայաստանի տարածքով: Nabucco-ն սկիզբ է առնում Թուրքիայում` Էրզրումում: Այնտեղ են հասցվում Իրանից, Ադրբեջանից եկող խողովակները, իսկ Հայաստանը ցանկացած դեպքում դուրս է մնում: