Մեծ Պարնիում երեխաները ցրտահարվում եւ մահանում են

02/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղը գտնվում է Սպիտակ քաղաքից 20կմ հեռավորության վրա, որտեղ գրանցված է մոտ 1500 տնտեսություն: Երկրաշարժի էպիկենտրոն համարվող Նալբանդ գյուղին հարակից Մեծ Պարնին նույնքան անշունչ ու անկենդան է, որքան 1988-ին էր: Գյուղի միակ դպրոցի տվյալներով` տարեկան մոտ 14-15 սաների ընտանիքներ հեռանում են Մեծ Պարնիից. շատերը մեկնում են Ռուսաստան, իսկ ոմանք էլ` Հայաստանի այլ շրջաններ: Գյուղացիներն ահազանգում են. մի քանի տարի անց գյուղը դատարկվելու է: Բնակչության սոցիալական կենսապայմաններն աննկարագրելի ծանր են, քանի որ աշխատատեղ գոյություն չունի: Տեղի բնակիչների հավաստմամբ` զբաղվածությունն ապահովում է դպրոցը, գյուղապետարանը, փոստատունը եւ գյուղի մի քանի փոքրիկ խանութները: Մի խոսքով` բնակիչների մոտ 15-20%-ն է ապահովված աշխատանքով, այն էլ՝ չնչին աշխատավարձով: «Մենք գյուղացի չենք է, գեղցի ենք, գեղցի»,- ասում է չորս երեխաների մայր Նելլին: Գյուղացիների ծանր սոցիալական պայմանները նկարագրելու համար նա պատմում է, որ անցյալ տարի տնակում ապրող մի ընտանիքի 3 ամսական երեխան վառելանյութի բացակայության պատճառով ցրտահարվել-մահացել է: Մեկ այլ երեխա էլ տեղափոխվել է հիվանդանոց ձեռքերի ցրտահարության համար: Նաեւ պատմում է, որ ծնողներն աղքատության պատճառով չեն կարողանում երեխաների դասագրքերն ապահովել եւ ստիպված են լինում երեխաների միայն 8-ամյա կրթությունն ապահովել: Նելլիի ավագ որդին` Էդվարդը, Ասկերանում զինվորական ծառայությունն անցկացնելուց հետո, օրեր առաջ վերադարձել է գյուղ: Նելլին ասում է, որ երկու տարվա ընթացքում չեն կարողացել գումար հավաքել եւ գնալ որդուն տեսակցելու: Էդվարդը մի տեսակ շփոթված է, ասում է. «Գիտե՞ս, ես երկու տարի երազել եմ, որ պիտի գամ, աշխատեմ ու ամեն ինչ անեմ, որ մի քիչ մեր պայմանները լավանան: Եկա, տեսա մերոնք ավելի վատ են, քան երկու տարի առաջ: Շատ մեծ հիասթափություն եմ ապրում: Մի քանի օր ա՝ ինչ եկել եմ, ամեն օր գործ եմ ման գալիս, բայց… Մտածում եմ` բանակում ավելի լավ էի ինձ զգում, էնտեղ գոնե գիտակցում ես, որ հայրենիքիդ համար ծառայում ես, սահման ես պաշտպանում, իսկ էստեղ… Էստեղ ոչինչ չես կարողանում անել: Անպետք ես ու չգիտես՝ ինչի, ինչ նպատակով ես ապրում»: Էդվարդը հիմա ճանապարհներ է որոնում Ռուսաստան տեղափոխվելու համար, հակառակ դեպքում` նրա ապագան նույնքան անորոշ ու անկանխատեսելի է, որքան գյուղի տղաների մեծամասնությանը: Նելլին ասում է, որ աղքատության պատճառով գյուղում գողությունների դեպքեր շատ են լինում. «Մարդիկ սոված են ու ամեն ինչի պատրաստ: Մի գիշերվա մեջ էստեղ երեք խանութ են թալանել: Տղա երեխեքը պարապությունից կամ ծխում են, կամ գողություն են անում, կամ էլ` խուլիգանություն: Զբաղմունք չկա, սաղ ներվային են»: Ասում են` տղաներից շատերը նույնիսկ դիտավորյալ հանցագործություն են կատարում` կալանավայրում «ապրելու» համար: Ասում են` «Ավելի լավ ա պետության հաշվին ապրեմ, քան թե չապրեմ ու մի բան էլ չկարողանամ ընտանիքիս պահել, ու բեռ դառնամ»: Մեծ Պարնիում աղքատության նպաստ ստացող ընտանիքները մեծ թիվ են կազմում, որոնցից մեկն էլ Նելլիի բազմանդամ, տնակում ապրող ընտանիքն է: Ասում է` ամեն ամսի 20-ին` նպաստ ստանալու օրը, գյուղի փոստատանը մարդկանց հերթ է գոյանում` «Իրար ուտում են»: Փոստի աշխատակից, նպաստ բաժանող Սուսանն իսկական իշխանուհի է իրեն զգում, քանի որ գյուղի ժողովուրդը շնչակտուր սպասում է նպաստ ստանալուն: Նպաստ բաժանող Սուսանը, ըստ գյուղացիների` «ինքնիշխան պետության» նման է: Նախ՝ նպաստներն ու ծերերի թոշակները նա բաժանում է` նախապես գանձելով 200-ական դրամ` յուրաքանչյուրից: «Ինքը 200 դրամը հանած տալիս ա փողերը»,- ասում է Նելլին` նաեւ հավատացնելով, որ ամիսներ են լինում, երբ նպաստառուներին նպաստն ընդհանրապես չի հասնում. «Մենք խանութներից նիսյայով վերցրած ապրանքով ենք ապրում: Խանութի տերերն ամեն ամիս նպաստի օրը գնում են Սուսանի մոտ: Իրար հետ նստում, հաշվարկ են անում, ու սա նպաստները բաժանում ա էն խանութպաններին, որոնց մոտ գյուղացիները պարտքեր են կուտակել: Էնքան ա եղել, որ գնացել եմ, բայց չեմ ստացել, միանգամից տվել ա խանութի տիրոջը»: Տարօրինակն այն է, որ գյուղացիները գաղափար չունեն, թե ինչ բան է օրենքը, իրավունքը: Այսինքն` անում են այն, ինչ իրենց թելադրում են, իսկ եթե մեկը համարձակություն է ունենում անարդարության համար ձայն բարձրացնել` գյուղում անմիջապես տարածվում է, ու «գործ տվողի» պիտակ են կպցնում: Գյուղի կանայք պատմում են, որ նպաստ բաժանող Սուսանն աղքատների միջոցով լավ բիզնես է անում: Օրինակ` նպաստ բաժանելու օրերին նա թոշակառուներին ու նպաստառուներին ստիպում է իր ապրանքը գնել: Ասում են` «Բերում ա չուլկի, նասկի, թերթ-մերթ ա ծախում: Դու հլը փորձի ասա` չեմ առնում… նենց մի հատ ձենը կգցի ու կռիվ կանի, որ խայտառակ կլինես: Ինքը չի էլ սպասում, որ առնես: Բարակ` 150 դրամանոց նասկու համար 300 դրամը նպաստից հանում ա ու նասկու հետ փողը տալիս ա: 3-4 օր առաջվա, հին թերթ ա ծախում 300 դրամով, անունն էլ չգիտեմ, ստիպված փողը տալիս բերում-գցում փեչն ենք կպցնում: Մի անգամ մի բիձա մարդու վրա չուլկի էր ծախել, ստիպել էր, թե` պետք կգա. Էդ բիձեն կատաղել էր, թե` չուլկին տանեմ, ի՞նչ անեմ, կնիկս մեռել ա, հո ես չե՞մ հագնելու»:

«Անլույս ապրողները պարապությունից էդ գործով (սեքսով) շատ են զբաղվում»

70-ամյա Աստղիկ Արզումանյանի հինգ երեխաներից մեկը Ռուսաստանում է եւ ամեն ինչ անում է հարազատներին այնտեղ տեղափոխելու համար: 12.000 դրամ ծերության թոշակ ստացող Աստղիկ տատը Սովետի կարոտախտով է ապրում, որովհետեւ` «եթե Սովետի լիությունը չլիներ, մենք պինդ ոսկոր չէինք լինի ու վաղուց սովից կմեռնեինք»: Մեծ Պարնիում Խորհրդային ժամանակաշրջանում ճակնդեղի հսկայական գործարան է եղել, որն ապահովել է ինչպես հարակից գյուղերի, այնպես էլ` անգամ երեւանաբնակների աշխատատեղերը: Աստղիկ տատն ասում է` «Մեր գյուղ մեկ էլ ժաժքից առաջ, Սովետի վախտ ա լրագրող եկել: Դրսից մարդկանց բերում էին ու սովորացնում էին մեր տեխնոլոգիան: Էսքան տարվա մեջ ոչ մի լրագրող, ոչ մի պաշտոնավոր… Էս լքված, անտեր գյուղ ա, անծանոթ մարդ ստեղ ոտք չի դնում»: Աստղիկ տատը հիմնական ապրելատեղ չունի, որովհետեւ ամեն օր մի երեխայի մոտ է մնում: Ասում է` «Սաղ փախնում են, բալամ, ախր ստեղ ծնված են, չեն ուզում գնան, կապված են, հարազատություն կա, բարեկամություն կա, բայց ո՞նց մնան, երեխեքին չեն կարում մի կտոր հացով ապահովեն»: Երկրաշարժի ժամանակ Աստղիկ տատի որդու` 5 երեխաների հայր Լյովայի (Նելլիի ամուսինն է) տունը փլվել է, որից հետո, 20 տարի է, ապրում են փայտե տնակում: Լյովան ասում է, որ հայրական տանից դուրս գալուց հետո չի հասցրել գրանցվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել աղետի գոտու բնակիչների` բնակարան ստացողների ցուցակում չընդգրկելու համար: Լյովան ասում է, որ ամբողջ գյուղը կարող է վկայություն տալ, որ ծնողներն իր համար առանձին տուն են կառուցել, սակայն տեղեկանքներն ու վկայությունները ոչինչ են: Վեց հոգով ապրում են աննկարագրելի պայմաններ ունեցող փայտե տնակում, որտեղի պատերի ճաքերից կարելի է դրսի անցուդարձին հետեւել: Լյովան ներկայումս բանվորություն է անում: Քար ու ցեմենտ է կրում, եւ նման ծանր աշխատանքի համար վարձատրվում է 60.000 դրամ աշխատավարձով: Գազալիցքավորման կայանը կառուցելուց հետո կրկին գործազրկություն է սպառնում: Ընտանիքի անդամները վստահեցնում են, որ հազար ու մի բարեգործական ծրագրերով իրենց հատկացված սերմնացաններն ու դրամական օգնություններն իրենց չեն հասնում. «Տելեվիզորով լսում ենք, որ՝ կարկուտի համար գյուղացու ամեն ընտանիքին էսքան սերմնացան ենք փոխհատուցում, կամ էժան գնով ալյուր են տալիս: Հողեր են, իբր, վարձակալությամբ տալիս, բայց նենց վարձ են դնում, որ մի բան էլ դու տուժես, ոչ մի դեպք չի եղել, որ մեզ ձեռք մեկնեն»: Նելլին վստահեցնում է, որ գյուղապետ Հրայր Յաղուբյանն ինչ էլ պետությունից ստանում է՝ կամ իրենով է անում, կամ էլ` փշրանքներն է գյուղացիներին տալիս: «Ամիսներ առաջ եկել ստուգումներ էին արել ու գյուղի բյուջեից ահագին պակասորդ էին հայտնաբերել: Յաղուբյանն ընկել էր տնետուն ու հինգ ընտանիքի 10.000 դրամ տալով՝ ստիպել էր թուղթ ստորագրել, իբր էդ ընտանիքին 60.000 դրամ ա տվել: Ինքը ուտում ա, բայց գյուղացիների հաշվին ա գրում: Սկեսուրս 10.000 դրամը վերցրել էր ու 60.000-ի տակ ստորագրել էր: Նույնն էլ տների հարցն ա: Ձեր Երեւանում հայտարարեք, որ էդ պաշտոնավորներն իմանան էս խարդախությունների մասին: Նենց մարդկանց են տներ տալիս, որոնք մի քանի տուն ունեն, իսկ նորերը ծախում-գնում են: Մարդ էլ կա, Ռուսաստանում ա ապրում, գալիս տունը ստանում, թողում էլի գնում ա: Իսկ մեր նմանները այ սենց օր օրի մաշվում են: Չորս երեխա ունեմ, հես ա ամուսնանալու տարիք ա գալիս, ես ի՞նչ անեմ, էս դոմիկի մեջ ո՞նց մի հատ էլ հարս բերեմ: Հետո էլ ազգի բարգավաճման մասին են խոսում: Մեռնում ենք, մեռնում…»: Որքան էլ տարօրինակ է, բայց Մեծ Պարնիի բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, կուսակցությունների, կառավարության անդամների անունները: Նրանցից շատերը նույնիսկ Երեւանում չեն եղել, իսկ քաղաքը նրանց համար սահմանափակվում է Վանաձորով: Ասում են` «Հազարից մեկ որ Երեւան ենք գալիս՝ ոնց որ Եվրոպա վայրէջք կատարենք: Էդ լույսերը, աշխուժությունը: Ախր ձեր կյանքն ուրիշ ա, մեր դարդը չեք հասկանա: Գոնե կարաք համբալության գործ գտնեք: Ստեղ էդ էլ չկա: Ջահել աղջիկները հավաքարարի գործ էլ չեն ճարում»: Նելլին ասում է, որ խորհրդարանական, նախագահական ընտրությունների ժամանակ գյուղի «վերեւներում» իրենց փոխարեն արդեն որոշում են, թե ով ում է ընտրելու. «Պատգամավորի ընտրության ժամանակ արդեն ցուցակները գրել էին անուններով, թե ով ում պիտի ընտրի: Ամեն կուսակցությանն, իրանք էին որոշել, թե ով պիտի ձայն տա: Կանչում-ասում են` դու շատ կարիքավոր ես, դու Հանրապետականին կընտրես, իրանք 3000 են տալիս, իսկ Բարգավաճը` 2000-ով ա ձայն վերցնում: Չնայած ասեմ քեզ, որ ես 3000 վերցրեցի, հետո գնացի Բարգավաճին ընտրեցի»: Թեեւ Նելլին գյուղապետի գործունեության մասին շատ վատ է արտահայտվում, այդուհանդերձ, շատ գյուղացիներ էլ համարում են, որ Յաղուբյանն ինքն էլ կարիքավոր մարդ է եւ բնակիչների համար ամեն հնարավոր բան անում է: Չնայած դժվարություններին, այնուամենայնիվ, Մեծ Պարնի գյուղում բազմազավակ ընտանիքներ շատ կան: Մի դեպքում երեխաները ցրտահարվում, մահանում են, մյուս դեպքում էլ` ամեն տարի երեխաներ են ծնվում: Նելլիին հարցնում եմ` «Կյանքը, պայմանները շատ դժվար են, բայց երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքները շատ են: Ո՞նց է, որ չեք վախենում ու շատ երեխաներ եք ունենում»: Պատասխանում է` «Նայի, որ ընտանիքը օրերով, շաբաթներով անլույս ա ապրում` էդ ընտանիքներում երեխեքը շատ են: Զբաղմունք չկա, անելիք չկա, աշխատանք չկա: Մութ ու խավար ա, դրա համար էլ մարդիկ ստիպված անընդհատ էդ գործով են զբաղվում»: Միակ հիվանդանոցը գյուղից բավականին հեռու, սարերի մեջ է գտնվում: Գյուղացիներն ասում են, որ ձմռանն արտակարգ դեպք լինելու ժամանակ պատահում է՝ չեն կարողանում հիվանդանոց հասնել. «Մեր մոտ շատ ցուրտ գոտի ա: Թիփի ա լինում, ճանապարհները փակվում են, չենք կարում գնանք»:

Մեր այցելության ժամանակ գյուղում իսկույն տարածվել էր լուրը, որ լրագրող է եկել: Գյուղացիներից բոլորն էլ իրենց դժգոհությունն էին հայտնում, պատմում էին ապրել չկարողանալու իրենց դժվարություններից: Ասում էին, որ իշխանություններից բացի` իրենց մասին չեն հետաքրքրվում նաեւ լրատվամիջոցները: «Առաջին անգամ ա, որ էս գյուղ լրագրող ա ոտք դրել: Տելեվիզորն էլ մենակ «Հ2», «Երեւան» ու «ORT» ա ցույց տալիս: Դե հիմի մի քիչ դու պատմի` Երեւանում ի՞նչ ա կատարվում, ի՞նչ են մտածում էս խեղճ ու կրակ մարդկանց էս վիճակից հանելու ուղղությամբ»,- հարցնում էին ինձ: