Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Արաբկիրի տարածքային կառույցը կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել:
Դահլիճը լի էր հանրապետականներով: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ բարձրաստիճան պաշտոնյաներ` ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավոր Արմեն Մխիթարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀԿ անդամ մտավորականներ, գիտնականներ, գործարարներ:
Միջոցառման սկզբում շնորհավորական ելույթով հանդես եկավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանը։ «Հանրապետականը ստեղծել եւ մշտապես ղեկավարել են քաղաքական, պետական այնպիսի լուրջ գործիչներ, որոնք մշտապես եղել են Անկախ Հայաստանի պետականության կերտման, երկրի զարգացման ակունքներում: 20-ամյա հոբելյանը որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող է ՀՀԿ անդամներիս համար: Կուսակցությունը հասարակական ամենաակտիվ եւ բազմաշերտ ինստիտուտներից մեկն է եւ պահանջում է ամենօրյա աշխատանք: Ե՛վ գաղափարական, եւ՛ կազմակերպչական առումով: Դա հատկապես տեսանելի է կուսակցության տարածքային կառույցի պարագայում, որը հանդիսանում է կուսակցական կյանքում ՀՀԿ անդամների ներգրավվածության առաջնային օղակը»,- ասաց Հովհ. Շահինյանը:
ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպությունը գործում է 10 տարի, եւ կառույցի բազմաթիվ հանրապետականներ այսօր ներկայացված են երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում, տեղական ինքնակառավարման համակարգում: «Արաբկիրը Երեւանի ամենամեծ համայնքներից մեկն է` իր ավանդույթներով եւ առանձնահատկություններով, որոնցից կցանկանայի առանձնացնել հատկապես մեր բնակիչների ինտելեկտուալ բարձր մակարդակը, հետեւաբար նաեւ` խստապահանջությունը: Արաբկիրում են բնակվում բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ, արվեստի գործիչներ ու մանկավարժներ, պետական, քաղաքական գործիչներ, որոնք համայնքում յուրահատուկ մթնոլորտ են ձեւավորում: Աշխատելով Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ես առիթ եմ ունեցել շփվելու մեր համայնքի գրեթե բոլոր ակտիվ բնակիչների հետ, որոնք մտահոգ են ոչ միայն իրենց համայնքի, այլեւ մեր քաղաքի, պետության ներկայի եւ վաղվա օրվա ճակատագրով: ՀՀԿ տարածքային կառույցի հիմնական խնդիրներից մեկը ես համարում եմ հենց նման անհատներին, երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց մեր աշխատանքներում ներգրավելու հնարավորությունը: ՀՀԿ-ն` ի դեմս իր առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ստանձնել է քաղաքական, հասարակական եւ տնտեսական զարգացման ժամանակակից ծրագրերի իրականացման առաջամարտիկի դերը: Հանրապետականը, որպես իշխող կուսակցություն, որպես իշխող ուժ, մեծ պատասխանատվություն եւ պարտավորություններ է ստանձնել երկրի եւ ժողովրդի առջեւ: ՀՀԿ-ն իր անցած ճանապարհով, քաղաքական փորձով, պրոֆեսիոնալ ներուժով բազմիցս ապացուցել է, որ երկրի առաջատար քաղաքական ուժն է: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն ենք կրում: Արաբկիրի հանրապետականներիս համար առաջնային են առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ կուսակցության գաղափարներն ու ծրագրերը, որոնց հավատում ենք, վստահում ենք եւ հետեւում ենք: Աշխարհը եւ մեր երկիրը լրջագույն մարտահրավերների առջեւ են կանգնած, որոնց պետք է դիմագրավենք Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական, մրցունակ, բարեկեցիկ երկիր դարձնելու համար: Եվ այսօր մեր կարեւորագույն անելիքներից մեկն ենք նաեւ համարում, որպես երկրի քաղաքական առաջատար ուժի մի մասնիկ, հասարակությանը` անկախ կուսակցական պատկանելությունից, միավորելը, մեկ բռունցք դարձնելը, երկխոսելու, հանդուրժելու մշակույթ ձեւավորելը: Իսկ քաղաքական երկխոսության մշակույթ եւ միջավայր ձեւավորելու գործում ամենամեծ պատասխանատվությունը եւ հնարավորությունը առաջնորդ կուսակցությանն է»,- ասաց նա` ավելացնելով, որ իր գլխավորած կառույցի ձեռքբերումներից մեկն այն է, որ այն բաց է ոչ միայն կուսակցականների, այլեւ համայնքի բոլոր բնակիչների համար, ովքեր գրասենյակ են դիմում իրենց հուզող բազմաթիվ հարցերով: Տարածքային կառույցի ղեկավարը կարեւորեց ՀՀԿ Արաբկիրի կառույցի` այս տարվա սեպտեմբերին բացված մշտական գրասենյակի դերը, որի բացումը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանի հետեւողական վերահսկողության շնորհիվ եւ անմիջական աջակցությամբ: Արաբկիրցի հանրապետականներին երեկ շնորհավորեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Երեկ Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի տասնյակ անդամներ, ակտիվիստներ ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ եւ կուսակցական ակտիվ գործունեության համար արժանացան ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի եւ պարգեւների: Միջոցառման ընթացքում ելույթ էին ունենում արաբկիրաբնակ արվեստագետներ եւ պարային խմբեր` Թովմաս Պողոսյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, դուդուկահար Արսեն Գրիգորյանը, «Բերդ» պարային անսամբլը (գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Գեւորգյան, պարուսույց՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյան): Ի դեպ, երեկ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցը համալրվեց նոր անդամներով: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Երեւանի պատվավոր քաղաքացի Սուրեն Գյանջումյանին ՀՀԿ անդամատոմսը հանդիսավոր հանձնեց քաղաքապետ Գ. Բեգլարյանը: Պարուսույցը գրպանից հանելով Կոմունիստական կուսակցության լավ պահպանված անդամատոմսը, նշեց, որ ՀՀԿ-ն իր կյանքում երկրորդ կուսակցությունն է, որին անդամակցում է, եւ կոչ արեց ԱԺ նախագահին եւ քաղաքապետին` դպրոցներում պարարվեստի ուսուցման պարտադիր դասաժամեր մտցնել:
Արմինե ՍԱՀԱԿՅԱՆ