Արդյո՞ք ադամաթուզն է (լատիներեն Musaceae, ռուսներն անվանում են նաեւ «դրախտային եղջյուրիկ»` ռայսկի ռաժոկ) այն ծառը, որ դրախտային այգու կենտրոնում էր աճում, եւ որի պտուղը արգելված էր ուտել։
«Օձի դրդմամբ կինը կերավ դրա պտղից եւ իր մարդին էլ տվեց, եւ նա կերավ։ Նրանց աչքերը բացվեցին եւ գիտեցան, որ մերկ են, թզենու տերեւներ կտրեցին եւ իրենց համար ծածկոցներ շինեցին» (Աստվածաշունչ, էջ 3):
Շվեդ բուսաբան Կարլ Լիննեյը այս բույսն անվանել է Musa sapientum, որ ըստ Դարվինի՝ նշանակում է «իմաստունների մուսա»։
Այս բույսի մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է հին հնդկական ձեռագրերում դեռեւս 6-րդ դարում (Ն.Ք.)։ 2200 տարի առաջ բարի աստված Էնլիլը, իջնելով երկնային ոսկյա նավից, հիմնադրել է հյուսիսային Չինաստանում իմաստության քաղաքը եւ այդ ժամանակից էլ, ըստ ավանդազրույցի` այդ երկրում մշակում է Musa cavendishi տեսակը։
Միայն 20-րդ դարի սկզբում, երբ նավերի վրա տեղադրվեցին սառցախցիկներ, հնարավոր եղավ տեղափոխել գաղութներից։ Ֆրանսիան դարձավ այդ պտղի շահավետ առեւտրի կենտրոն։
Ադամաթուզը ծառանման խոտաբույս է, երբեմն ծառի, բարձրությունը հասնում է 1-15 մետրի: Տերեւները շատ մեծ են, մակերեսը կտրատված, ծաղիկները գտնվում են հասկանման ծաղկաբույլերում, փոշոտումը կատարվում է միջատների, թռչունների եւ չղջիկների միջոցով։ Ադամաթուզն աճում է արեւադարձային, ավելի քիչ՝ մերձարեւադարձային գոտիներում, չունի կորիզներ, բազմանում է աճեցողական (վեգետատիվ) եղանակով։
Ի դեպ, մոտ 60 տարի առաջ Հյուսիսային Կովկասում բուծվել եւ մշակվում է «ազիմինա տրիլոբան»։ Ադամաթուզի այս տեսակի հայրենիքը Մեքսիկան է, ցրտադիմացկուն է, կարող է աճել Հայաստանի պայմաններում, աշնանը տերեւները թափվում են։ Այս տեսակի պտուղները պարունակում են մի քանի սերմ, երկարավուն են, կենտրոնական մասում ավելի նեղ է, գույնը փոխվում է բաց կանաչից մինչեւ մուգ-շագանակագույն, ինչը կախված է հասունացման աստիճանից։ Այս բույսին չեն մոտենում վնասատուները, խնամքը շատ հեշտ է, բազմանում է սերմերի միջոցով, պահպանման ժամկետը կարճատեւ է։
Մեքսիկայում այս բույսը դասվում է առավել սննդարար եւ բուժիչ հատկություններ ունեցողների թվին։
Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում եւ ադամաթուզ մշակող այլ երկրներում ադամաթուզը օգտագործվում է տարբեր նպատակներով՝
– թարմ եւ չորացրած տերեւներից ստանում են ստվարաթուղթ, ձկնորսական պարագաներ, մանրաթել, պարան, գործվածք, խսիր,
– բույսի վերգետնյա մասն օգտագործվում է որպես անասնակեր,
– պատրաստում են ալյուր, շաքարային փոշի, չիր, ջեմ, դոնդող, մարմելադ, օշարակ, գինի։
Ադամաթուզի պտղամիսը պարունակում է մինչեւ 75% ջուր, 15-25% շաքարներ (առավելապես բուսաշաքար), օսլա, սպիտակուց, բջջանյութ, 0,3-0,6%, եթերային յուղեր, խնձորաթթու, ֆերմենտներ, պեկտինային նյութեր։ Հայտնաբերվել է ասկորբինաթթու (8-12 մգ՝ հարյուր գրամի մեջ), ենթավիտամին A, տոկոֆերոլներ (վիտամին E)։ B խմբի վիտամիններից՝
– նյարդերի գործունեությունը խթանող տիամին (B1),
– սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակումը կարգավորող բիբոֆլավին (B2),
– նյարդերի սնուցմանը եւ մաշկի պահպանմանը նպաստող, գիրությունը կանխարգելող պանտոտենաթթու (B3)։
– կենդանի բջիջներում էներգիայի արտադրությունն ապահովող, հոգեկան հանգիստ պարգեւող նիկոտինաթթու (PP),
– ֆիզիկական, հոգեբանական, նյարդային ծանրաբեռնվածության պատճառով առաջացած քրոնիկական սթրեսները հանում է պիրիդոքսինը (B6): B6 վիտամինի պարունակությունը ադամաթզում բավականին բարձր է (0,35 մգ 100 գ մեջ):
– նյարդային հյուսվածքները պահպանող բիոտին (H),
– ողնուղեղի հյութի մեջ պարունակվող ֆոլիաթթու։
Վիտամինային այսպիսի համատեղությունը նպաստում է օրգանիզմի կենսունակության բարձրացմանը, կարգավորում է նյութափոխանակության գործընթացները, լավանում է հիշողությունը, կանխվում է հոգնածության սինդրոմը։
Ադամաթուզի պտղամիսը պարունակում է անչափ կարեւոր միկրոտարրերի միացություններ՝ կալիում, նատրիում, մագնիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ։ Այս միկրոտարրերն ավելի են ուժեղացնում վիտամինների եւ ադամաթզի պտղամսի մեջ պարունակվող այլ նյութերի օգտակար ներգործությունը։ Ադամաթուզը պարունակում է էֆեդրին։ Այս նյութը մի փոքր բարձրացնում է ճնշումը, խթանում Կ.Ն.Հ.-ն, բարձրացնում շաքարի մակարդակը արյան մեջ, ունի թույլ արտահայտված լուծողական հատկություն։
Էֆեդրինը օգտակար է նեֆրիտի, միզաքարային եւ լյարդի հիվանդությունների դեպքում։ Ադամաթուզի ցողուններն օգտակար են որպես հանգստացնող միջոց, կիրառվում են նաեւ հիստերիայի եւ ընկնավորության դեպքում։
Ադամաթուզը լայնորեն կիրառվում է որպես դիետիկ մթերք՝ 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցային հիվանդությունների, դիզենտերիայի, բարակ աղիների բորբոքման (էնտերիտ), խոցային կոլիտի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում՝ որպես ջղաձգանքները հանգստացնող միջոց։ Կիրառվում է բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Ադամաթուզը խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի եւ հիպերտոնիկ հիվանդության կանխարգելման համար։
Ադամաթուզի օգտագործումը նպաստում է կալցիումի յուրացմանը, ամրացնում է ոսկորները, ատամները, մկանները, կանոնավորում է ավելորդ հեղուկի հեռացումը օրգանիզմից, խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ այտուցների գոյացմամբ ուղեկցվող հիվանդությունների բուժման ընթացքում։
Ադամաթուզը պարունակում է լեկտինային սպիտակուց։ Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ այդ սպիտակուցի պատրաստուկը կանխարգելում է ՁԻԱՀ-ի (ՍՊԻԴ) հարուցիչի մուտքը օրգանիզմի իմունային համակարգ։
Ադամաթուզը մեծ կիրառում ունի հյութաբուժության մեջ։ Արդյունավետ են դրա խառնուրդները մաղադանոսի, քարավուզի, հազարի, սպանախի, դաղձի, կաղամբի հետ (3։1 հարաբերությամբ)։ Այս խառնուրդներին պետք է ավելացնել ջուր (ընդհանուր ծավալի 1-2 չափով)։ Կարելի է խառնել նաեւ դեղձի, խնձորի, տանձի, բալի, ցիտրուսների եւ այլ մրգերի, հատապտուղների հյութերի հետ` պահպանելով 3։1 հարաբերությունը։
Եթե օրգանիզմի վիճակը թույլ է տալիս` հասցրեք այդ հարաբերությունը 3։2-ի։ Այս խառնուրդները պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, որը լավացնում է մարսողությունը։ Այս կոկտեյլները պատրաստվում են միմիայն բլենդերի մեջ։
Սննդակարգ ադամաթզով
Խորհուրդ է տրվում շաբաթվա մեջ 1 օր սնվել միայն ադամաթզով եւ կաթով (կամ մածունով)։ 3 ադամաթուզը եւ 3 բաժակ կաթնամթերքը բաժանել մասերի եւ օգտագործել խյուսի, հյութային խառնուրդի ձեւով։ Այս սննդակարգը հիմնավորվում է ադամաթուզի միզամուղ եւ լուծողական հատկություններով, սպիտակուցների եւ ճարպերի սակավությամբ, վիտամինների եւ միկրոտարրերի բարձր պարունակությամբ։ Եթե այս սննդակարգը որովայնի փքվածություն կամ ստամոքսի այրոց առաջացնի, ապա այդ դեպքում հակացուցված է։
Հակացուցում
Ադամաթուզը դժվարամարս սննդամթերք է, շատ ուտելու դեպքում աղիներում կուտակվում են գազեր, եւ դժվարանում է լեղու արտազատումը։ Օրվա չափաբաժինը կախված է օրգանիզմի առողջական վիճակից։ Խորհուրդ է տրվում ուտել օրվա առաջին կեսին, բաժանելով ադամաթուզը 2-3 մասի։ Բուժման նպատակով օգտագործելիս չափաբաժինը պետք է որոշի բժիշկը։
Դեղատոմսեր
Ադամաթուզը նպաստում է երջանկության հորմոն սերոտոնինի ստեղծմանը, որն օգնում է սթրեսային իրավիճակների, դեպրեսիայի ժամանակ։
Խառնել 1 մանրացրած ադամաթուզ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ պնդուկ, 1 թեյի գդալ ցորենի ծիլեր։ Այս խառնուրդը հարել 150 մլ կաթի մեջ, խմել փոքր կումերով։
Շաքարային դիաբետի դեպքում
Նման հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում չհասունացած ադամաթուզը կեղեւի հետ միասին խաշել եւ ուտել։
Ստամոքսի խոցի դեպքում
Ադամաթզի պտղամիսը պետք է չորացնել, փոշիացնել եւ խմել 5-10 գրամ` ուտելուց հետո։
Այրվածքների դեպքում
Խորհուրդ է տրվում այրվածքների դեպքում վերքը մշակել ադամաթզի հյութով։
Սնունդը դեղ է
1 բաժակ բրինձը կես ժամ թողնել 2 բաժակ կաթի մեջ, եփել, այնուհետեւ ավելացնել 1 բաժակ հարած սերուցք (սլիվկի), 2 հատ ճզմված ադամաթզերը լավ խառնել եւ վրան ավելացնել կիտրոնի միջուկ` ըստ ճաշակի։
«Շոկոլադ»` ադամաթզով
4 ադամաթուզը կեղեւից մաքրել, թաթախել 1 ճաշի գդալ կակաոյի մեջ, դասավորել ափսեի մեջ՝ կտրատել, վրան ցանել մանրացրած ընկույզը եւ ավելացնել հարած սերուցք։
Ադամաթզով դիմակներ
Ադամաթուզը պատառաքաղով տրորեք եւ քսեք դեմքին: 20 րոպե հետո դիմակը հանեք տաք ջրով, իսկ հետո անմիջապես լվացվեք սառը ջրով։ Կրկնել օրը մեջ 15-20 անգամ: Այն թարմացնում եւ սնուցում է մաշկը:
– 1 ճաշի գդալ թթվաշոռը, 1 ճաշի գդալ թթվասերն ու 1 ճաշի գդալ ադամաթզի պտղամիսը լավ խառնեք եւ քսեք դեմքին: Պահեք 20 րոպե, հետո դիմակը հանեք տաք ջրով, հետո անմիջապես լվացվեք սառը ջրով։ Կրկնել օրը մեջ։ Այս դիմակը խորհուրդ է տրվում չոր մաշկի եւ կնճիռների դեպքում։
Բալզամ մազերի համար
1 ադամաթուզը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ։ Քսեք խոնավ մազերին, ծածկեք սննդային թաղանթով, գլուխը կապեք սրբիչով, 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով։