Նոր «աշխարհակարգ»

30/11/2010

Երեկ ողջ աշխարհը, բառի բուն իմաստով, ցնցվել էր Շվեդիայում գրանցված «Wikileaks» կայքի հրապարակած տեղեկատվության պատճառով: «Wikileaks»-ը, որն արդեն մեծ աղմուկ էր հանել Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ զինուժի գործողությունների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հրապարակմամբ, նախօրեին հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական նամակագրությունը։ Կայքը սկսել է ԱՄՆ Պետդեպարտամենտից ամերիկյան դեսպանատներին եւ հյուպատոսություններին ուղարկված ավելի քան 251 հազար հեռագրերի հրապարակումը։ Դրանց մեծ մասը մակնշված է որպես «գաղտնի» կամ «կոնֆիդենցիալ»։ Երեկվա դրությամբ հրապարակվել է կայքի հեղինակների տրամադրության տակ եղած փաստաթղթերի միայն մեկ հազարերորդական մասը, որն արդեն բավական է եղել կատարվածը դիվանագիտական աշխարհի «չեռնոբիլ», «դիվանագիտության սեպտեմբերի 11-ը» որակումների արժանացնելու համար: Ընդ որում, աշխարհի գրեթե բոլոր պետությունների ղեկավարների մասին ամենաանմիջական որակումներ, երրորդ երկրների առաջնորդների` իրար հասցեին տրված գնահատականներ պարունակող այդ տեղեկատվության իսկությունն ըստ էության չի հերքվել ամերիկյան իշխանությունների կողմից, թեեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը քննարկում է «Wikileaks»-ը ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու հնարավորությունը: Միջազգային դիվանագիտական պրակտիկայում այս` իր մասշտաբներով աննախադեպ իրադարձության վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններ են հնչել ու դեռ կհնչեն: Ոմանք էլ չեն բացառում, որ նման արտահոսք կարող էր կատարվել միայն ամերիկյան իշխանությունների իմացությամբ` կոնկրետ նպատակներ հետապնդելով: Անկախ ամեն ինչից, նոյեմբերի 28-ից հետո աշխարհն արդեն ապրելու է միանգամայն այլ խաղի կանոններով, միջպետական հարաբերություններում գրեթե կատարյալ անվստահության պայմաններում: Իսկ Հայաստանի վրա «Wikileaks»-ի հրապարակումների ազդեցությունը կարող է զգացվել հենց առաջիկա օրերին` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում: