«Այդ հարցը (անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ազատ արձակման.- խմբ.) լուծվելու է, ես չեմ կասկածում, շատ արագ: Տարբեր ձեւեր են կիրառելո՞ւ իրենց դեմքը փրկելու համար, տարբեր ձեւեր` մեկ երրորդ, կես, չգիտեմ` մեկին հիվանդության պատճառով կարող են ազատել, ներում շնորհել` առանց դիմում գրելու` մերոնցից ոչ ոք դիմում չի գրի»,- շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Հայ Ազգային կոնգրեսին անդամակցող ուժերի մի մասի ղեկավարների հետ այցելել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղ եւ հյուրընկալվել օրեր առաջ քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի հայրական տանը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով եւս Ձորակապում է եղել, համոզմունք է հայտնել, որ ներքին քաղաքական պահանջի, նաեւ դրսի ճնշմամբ բոլոր ընդդիմադիրները մինչեւ հունվար ազատ կարձակվեն: «Ակնհայտ է, որ մինչեւ եկող տարի հունվարի կեսերը (ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտի Հայաստան գալը) մնացած բոլոր քաղբանտարկյալներին էլ բաց են թողնելու, եւ դա միանշանակ նաեւ միջազգային ճնշման արդյունք է,- հայտարարել է Սարգսյանը` հավելելով,- Ինչու նաեւ` որովհետեւ այստեղ միջազգային ճնշումը չէր լինի, եթե 2008թ. նախագահական ընտրություններից հետո այս երկու տարին անընդհատ, անընդմեջ այդ բազմամարդ հանրահավաքները, պիկետները, արտաքին քաղաքական աշխատանքները չլինեին, իհարկե, եվրոպացիներն էլ այդ տեսակետները չէին պահի: Բայց ակնհայտ է, որ կոնկրետ Մ. Սաղաթելյանի դեպքում, Աշոտ Մանուկյանի դեպքում եւ մնացած տղաների դեպքում աշխատում են հիմնականում արտաքին քաղաքական ճնշումները»: