«Wikileaks». դիվանագիտության աշխարհի «Չեռնոբիլը»

30/11/2010

Համաշխարհային սկանդալ, դիվանագիտական չեռնոբիլ, սեպտեմբերի 11-ը՝ դիվանագիտության աշխարհում, եւ այսպես շարունակ։

Միջազգային մամուլում այսպիսի մակդիրներով է բնորոշվում Շվեդիայում գրանցված «Wikileaks» տեղեկատվական ռեսուրսի հերթական «բացահայտումը»։ «Wikileaks»-ը, որն արդեն բավականին մեծ աղմուկ էր հանել Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ զինուժի գործողությունների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հրապարակմամբ, այս անգամ անդրադարձել է ԱՄՆ-ի դիվանագիտական նամակագրությանը։ Նոյեմբերի 28-ի երեկոյան կայքը սկսել է ԱՄՆ Պետդեպարտամենտից դեսպանատներին եւ հյուպատոսություններին ուղարկված ավելի քան 251 հազար հեռագրերի հրապարակումը։ Դրանց մեծ մասը մակնշված է որպես «գաղտնի» կամ «կոնֆիդենցիալ»։ Ամերիկյան դիվանագետները, չկասկածելով, որ իրենց նամակագրությունը կարող է երբեւէ դառնալ մարդկության սեփականությունը, բավականին անկեղծ են եղել իրենց դիտարկումներում եւ չեն խուսափել անգամ վիրավորական արտահայտություններից։ Օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացվում է որպես «ալֆա-որձ», Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին՝ սեռական հողի վրա շեղված (ՏջՈոՏփՍՈ) եւ այլն։ Սակայն սրանք ընդամենը անմեղ արտահայտություններ են՝ մի շարք այլ տեղեկությունների համեմատ։ «Wikileaks»-ի հրապարակումներից պարզ է դառնում, օրինակ, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության գլխավոր հովանավոր համարվող Սաուդյան Արաբիայի ղեկավարները ԱՄՆ իշխանություններից թաքուն խնդրում են օդային հարված հասցնել Իրանին։

Հեռագրերում պարունակվում են նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ցուցումները, որոնք արտերկրում աշխատող դիվանագետներին պարտադրում են հավաքել ցանկացած հասանելի ինֆորմացիա տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն հեռախոսահամարներին, պաշտոններին եւ հասցեներին, այլեւ կրեդիտ քարտերի համարներին, հաճախ թռչող անձանց ավիացիոն քարտերին, անձնական էլեկտրոնային փոստի հասցեներին, աշխատանքային գրաֆիկին եւ կենսագրական տվյալներին։ «Փաստորեն, դիվանագետներին ստիպել են զբաղվել լրտեսությամբ»,- գրել է «The New York Times»-ը (ի դեպ, նամակները հրապարակելուց առաջ «Wikileaks»-ը դրանք ուղարկել է միջազգային մի շարք հեղինակավոր թերթերի։ Այնպես որ, անգամ հակերական եղանակով կայքի աշխատանքի խափանումն այլեւս չի կարող ազդել տեղեկատվության տարածման վրա)։

Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ կարգի սկանդալի մասին է խոսքը, նշենք ընդամենը մի ցուցանիշ. «Wikileaks»-ը երեկվա դրությամբ իր տրամադրության տակ եղած ավելի քան 251 հազար փաստաթղթերից հրապարակել էր ընդամենը 243-ը։ Այսինքն՝ մեկ հազարերորդական մասը։ Սակայն այդքանն էլ բավական է եղել, որ աշխարհի բոլոր հեղինակավոր ԶԼՄ-ները, մասնագետները եւ անգամ կառավարությունները անդրադառնան այս թեմային՝ որպես գլխավոր իրադարձություն։ Դժվար չէ ենթադրել, որ ամերիկացի դիվանագետներն ու նրանց հետ գոնե մեկ անգամ շփված տարբեր երկրների պաշտոնյաներն ինչ հուզմունքով են սպասում, թե իրենց անունը երբ կհայտնվի այս «փնջի» մեջ։

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է կազմակերպվել այս սկանդալը։ Նախ՝ նշենք, որ կարծիքները տարբեր են։ Երկրները պաշտոնապես դեռ խուսափում են կարծիք հայտնել այս ամենի մասին, սակայն ուղղակիորեն չեն էլ հերքել տեղեկատվությունը։ Այսինքն՝ դեռ ոչ ոք, անգամ ԱՄՆ կառավարությունը, միանշանակ չի նշել, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Ոմանք նշում են, որ սա ԱՄՆ իշխանությունների կողմից կազմակերպված արտահոսք է, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում արդեն ցանկանում են «Wikileaks»-ին դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին։

Սակայն մի հարցում գրեթե բոլորը համակարծիք են. նոյեմբերի 28-ից համաշխարհային դիվանագիտությունը անճանաչելիորեն փոխվեց։ Ոչ միայն դիվանագիտությունը, այլ՝ աշխարհն ընդհանրապես։

Նշենք, որ ամենահին նամակը թվագրվում է 1966թ., իսկ ամենաթարմը՝ 2010թ. փետրվարին։ «Նամակները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը լրտեսում է անգամ ՄԱԿ-ի իր դաշնակիցներին, անտեսում է կոռուպցիան եւ մարդու իրավունքների խախտումները իր վասալ-երկրներում, գաղտնի համաձայնություններ է հաստատում չեզոք թվացող երկրների հետ, զբաղվում է ամերիկյան կորպորացիաների լոբբինգով»,- նշված է կայքում։

«Wikileaks»-ի պրեսս-ատաշե Ջուլիան Ասսանժն էլ գրել է. «Փաստաթղթերը բացահայտում են հակասությունները ԱՄՆ-ի խոսքերի եւ գործերի միջեւ։ Եթե ժողովրդավարական երկրի քաղաքացիները ցանկանում են, որ իշխանությունները կատարեն իրենց ցանկությունները, ապա պետք է ավելի հաճախ ստուգեն, թե ինչ է կատարվում կուլիսների ետեւում։ Ամերիկյան դպրոցականներին սովորեցնում են, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը երբեք չէր ստում։ Եթե նրան հաջորդած վերջին նախագահների վարչակազմերը հետեւեին այդ սկզբունքին, այսօրվա արտահոսքը ընդամենը մի թեթեւ կշփոթեր նրանց։ Սակայն ԱՄՆ կառավարությունը դիմել է աշխարհի բոլոր երկրների կառավարություններին (անգամ ամենակոռումպացված)՝ զգուշացնելով նրանց արտահոսքի մասին եւ նախապատրաստելով բացահայտումներին»։

Հայաստանը «Wikileaks»-ում. Զենքի մատակարարում Իրանին

Ինչպես նշեցինք, «Wikileaks»-ը երեկվա դրությամբ հրապարակել էր իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի ընդամենը մեկ հազարերորդական մասը։ Սակայն անգամ այդ աննշան մասի մեջ Հայաստանի անունը մի քանի անգամ շոշափվում է։ Ամենաանմիջականորեն Հայաստանին վերաբերող փաստաթուղթը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 24-ին։ Այն ուղարկվել է ՀՀ իշխանություններին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի կողմից։ Նամակում, որը հրապարակել է նաեւ բրիտանական «Guardian»-ը, ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը միջոցներ չձեռնարկի իր տարածքով զենքի առաքումները դեպի Իրան կանխելու համար։

«Գաղտնի» գրիֆի տակ դասակարգված նամակում, տեղեկատվության բաժնում նշվում է, որ 2003թ. Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռներ եւ գնդացիրներ ձեռք բերելուն: «2007թ. այդ սպառազինությունների մի մասը վերադարձվել են շիաների երկու հարձակումների ընթացքում: Այդ ժամանակ զոհվել է ԱՄՆ մեկ զինվոր, եւս 6-ը վիրավորվել են: Պետքարտուղարը խնդիրները քննարկել է նախագահ Սարգսյանի հետ` ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կուլիսներում, բայց նա հերքել է, որ նման բան է եղել: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությունը եւ այդ զենքի մասնակցությունը ԱՄՆ ուժերի դեմ, այդ դեպքն ունիկալ եւ բավական մտահոգիչ են դարձնում»,- նշված է նամակում:

Բուն նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին, բավականին բաց տեքստով, խոսք է գնում հնարավոր պատժամիջոցների մասին. «Չնայած մեր երկրների միջեւ սերտ հարաբերություններին, ո՛չ վարչակազմը, ո՛չ Կոնգրեսը չեն կարող չնկատելու տալ դա: Ըստ օրենքի, նման զենքի հանձնումը պահանջում է մեզնից քննարկել, թե կա՞ն, արդյոք, հիմքեր ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների համար: Եթե պատժամիջոցներ մտցվեն, պատիժը կարող է ներառել ԱՄՆ օգնության դադարեցում եւ արտահանման որոշ սահմանափակումներ: Նման պատժամիջոցներից խուսափելու համար կարեւոր է, որ դուք համոզիչ ապացույցներ ներկայացնեք, թե ձեր կառավարությունը ներկայումս որպես գործընկեր համագործակցում է մեզ հետ` երաշխավորելու, թե նման առաքումներն ապագայում չեն կրկնվի»:

ԼՂ հակամարտություն

Հայաստանին վերաբերող հաջորդ կարեւոր փաստաթուղթը «դուրս է եկել» ոչ թե Պետդեպից կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, այլ՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։ 2010թ. փետրվարի 25-ով թվագրված կոնֆիդենցիալ նամակը պատմում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել են մի շարք հարցեր՝ Իրանի հետ հարաբերություններ, Կասպյան հիմնախնդիր, Էներգետիկ նախագծեր եւ այլն։ Զրույցում բավականին մեծ տեղ է հատկացվել նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին։ Փաստաթղթի այդ մասն ամբողջությամբ ներկայացված է ստորեւ.

«ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսը իր մեկժամյա հանդիպումը նախագահ Իլհամ Ալիեւի հետ սկսեց՝ ընդգծելով, որ իրեն ուղարկել են մի պարզ ուղերձ. Վաշինգտոնը ցանկանում է կառուցել մեր երկկողմ հարաբերությունները եւ ստեղծել ավելի սերտ համագործակցություն։

Հետո նա ցավակցություն է հայտնել երեք ազերի զինվորների համար, որոնք սպանվել էին շփման գծում փետրվարի 18-ին։ Ալիեւը պատասխանել է, որ նման միջադեպերը վկայում են այն մասին, որ չկա խաղաղություն, չկա խաղաղության համաձայնագիր, եւ չկան զինադադարը ապահովող խաղաղապահներ։ Նա անհանգստություն է հայտնել, որ նման միջադեպերը կարող են կրկնվել։ Բըրնսը նշել է, որ այս կարգի միջադեպերը եւս մեկ անգամ ընդգծում են ԼՂ հարցում քաղաքական լուծում գտնելու հրատապությունը։

Ալիեւը հավաստիացրել է, որ ինքը պատրաստ է առաջ շարժվել Մինսկի խմբի շրջանակներում, սակայն Հայաստանին առաջ մղելու համար միջազգային ճնշում է պետք։ Նա ասել է, որ այժմ վերջնական լուծում գտնելու ժամանակն է, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռու է գնում գործընթացից։ «Ես համանախագահներին ասել եմ, որ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է ձգձգել գործընթացը եւ խուսափել հանգուցալուծումից»։ Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է անել իրենից պահանջվող ամեն ինչ՝ գործընթացն առաջ տանելու համար։ «Մենք հիմա փորձելու ենք անգամ ավելի ճկուն լինել»։

Ալիեւն առանձնացրել է մի քանի քայլեր՝ Հայաստանին ստիպելու համար համաձայնել Մինսկի խմբի հիմնական սկզբունքներին.

– երեք համանախագահները պետք է առավելագույնս կոնսոլիդացնեն իրենց ջանքերը,

– երեք համանախագահները պետք է հստակ ուղերձ ուղարկեն, որ ԼՂ անկախության հարցը չի քննարկվում,

– եթե այս նոր առաջարկները չընդունվեն, ապա դա պետք է ունենա հետեւանքներ՝ միջազգային մեկուսացման տեսանկյունից։ Հատկապես, Ռուսաստանի կողմից դա կարող է տեղի ունենալ Հայաստանին ցուցաբերվող տնտեսական աջակցության որոշակի կրճատման տեսքով։

Ալիեւը նշել է, որ Սոչիում նախագահ Սարգսյանն առաջարկել է հստակ ամսաթիվ սահմանել՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի համար։ Դա, Ալիեւի պնդմամբ, վտանգում է համաձայնագրի ամբողջական շրջանակը, որը հիմնված է վերջնական հանրաքվեի վրա (առանց հստակ ժամկետի)` «ԼՂ-ում հաստատված ապօրինի ռեժիմը» լեգալացնելու դիմաց։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը մեկուսացման տեսանկյունից խոցելի է, քանի որ կախված է դրսից ստացվող դրամական փոխանցումներից, ինչպես նաեւ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծումից։ «18 տարի շարունակվող բանակցությունների ընթացքում մենք փորձել ենք բոլոր միջոցները։ Եթե այս փուլն էլ (Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները) վերջանա, ո՞րն է լինելու հաջորդը»,- բարձր ձայնով հարցրել է նախագահը։

Ռուսաստանի դերը ԼՂ բանակցություններում

Պատասխանելով Բըրնսի հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի դերը ԼՂ բանակցությունների հարցում, Ալիեւը նշել է, որ համոզված է, որ Մեդվեդեւի ջանքերն անկեղծ են։ Նա ասել է, որ Մեդվեդեւն անձամբ հինգ անգամ հանդիպել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին։ Այսպիսով, առաջընթացի հասնելու հարցում ցանկացած ձախողում վնաս կհասցնի Մեդվեդեւի հեղինակությանը։ Նա ասել է, որ Սոչիում Մեդվեդեւը փորձում էր Սարգսյանին համոզել բեկումնային առաջընթացի հասնելու համար։ Նա, սակայն, ավելացրել է, թե տարօրինակ է, որ Մոսկվայի կողմից այդքան ճնշում գործադրելուց եւ Լավրովի՝ Երեւան կատարած այցից հետո, հայերը ոչ միայն հակադրվում են առաջընթացին, այլեւ փաստորեն հրաժարվում են նախկինում համաձայնեցված կետերից։ Ալիեւն ասել է, որ համոզված է՝ վարչապետ Պուտինն իր սեփական առանձին կարծիքն ունի ԼՂ հակամարտության լուծման նախընտրելի տարբերակի վերաբերյալ։ «Ես որեւէ փաստ չունեմ, սակայն կարող եմ դա զգալ»,- նշել է Ալիեւը։ Ալիեւն ասել է, որ Մեդվեդեւին համարում է «ժամանակակից, նոր սերնդի ինտելեկտուալ», ով շրջապատված է մարդկանցով, որոնց ինքը չի կառավարում։ Ալիեւն ասել է նաեւ, որ անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Մեդվեդեւը որոշումներ ընդունել, որոնք հետագայում վերանայման կարիք են ունեցել։«Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ընդունում Մեդվեդեւին որպես առաջնորդ: Չնայած անձամբ Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ հակամարտություն չկա, սակայն այդ երկու քաղաքական գործիչների թիմերի միջեւ հակադրության նշաններ առկա են։ Մեզ մոտ՝ Ադրբեջանում, ասում են, որ մեկ կաթսայում երկու գլուխ չի եփվում»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Բըրնսը շեշտել է, որ ԱՄՆ-ը հավատում է, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում առաջընթացը քաղաքական տարածություն կստեղծի Սարգսյանի համար՝ թույլ տալով նրան ավելի ճկուն լինել ԼՂ հարցում։ Նա շարունակել է, որ հակառակ պնդումը նույնպես ճիշտ է. գրեթե հաստատ կարելի է ասել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի ձախողումը լուրջ բացասական հետեւանքներ կունենա ԼՂ գործընթացի վրա։ Ալիեւն ասել է, որ ԼՂ գործընթացը կպահանջի նվազագույնը 5-6 ամիս. Նա առաջարկել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ողջ գործընթացը հետաձգվի մինչեւ ապրիլի 24-ից հետո ընկած ժամանակահատվածը. Նրա խոսքերով, Հայերի Հիշատակության օրը «դամոկլյան սրի» նման կախված է ոչ միայն հայ-թուրքական գործընթացի, այլեւ ԼՂ բանակցությունների առաջընթացի գլխին։ «Եթե վերջնաժամկետ չլիներ, միգուցե կարողանայինք տեսնել՝ ինչպես համատեղենք մեր ջանքերը (ԼՂ հիմնախնդիրը լուծելու համար)»։

Ալիեւը շարունակել է զրույցը իր սովորական զգուշացումներով՝ առ այն բացասական հետեւանքները, որ կարող է ունենալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, եթե դա տեղի ունենա մինչեւ ԼՂ հարցում առաջընթացը։ Նա այսպիսի մռայլ կանխատեսումներ է արել՝ «ԼՂ հարցի կարգավորումը կհետաձգվի, չի բարելավվի տարածաշրջանային բազմակողմանի անվտանգությունը, վնաս կհասցվի թուրք-ադրբեջանական հարաբերություններին, կշարունակվի Կենտրոնական Ասիայի մեկուսացումը, վտանգի տակ կհայտնվեն էներգետիկ նախագծերը, վնասներ կկրի նաեւ Վրաստանը՝ կորցնելով թե՛ տրանզիտային եկամուտների մասով, թե՛ իր դերի առումով՝ որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միակ ցամաքային միջանցք»։

Մեկ անգամ եւս նշենք, որ «Wikileaks»-ը հրապարակել է ընդամենը 243 փաստաթուղթ։ Ռեսուրսը հավաստիացնում է, որ մի քանի ամսվա ընթացքում պարբերաբար կհրապարակի մյուս փաստաթղթերը, որպեսզի հանրությունը հասցնի դրանք «մարսել»։ Իսկ կմարսե՞ն արդյոք հրապարակման արդյունքում ի հայտ եկած բացահայտումները տարբեր երկրների պաշտոնյաները՝ ցույց կտա ժամանակը։