Սա կոռուպցիա չէ՞

30/11/2010

Նոյեմբերի 23-ին Երեւանում բացվեց մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Այս մասին գրում է hetq.am-ը եւ հիշեցնում, որ «Քրոնիմետ Մայնինգը» հենց նախարար Ճշմարիտյանի օրոք է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Վաճառքի պայմանագիրը 2004թ. դեկտեմբերին ստորագրել է Կ. Ճշմարիտյանը: Ի՞նչ կապ կա «Էլբատ» ՓԲԸ-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի միջեւ: Ուղիղ կապ: Այդ ժամանակահատվածում մի քանի ձեռնարկություններ են սեփականաշնորհվել, եւ դրանցում տարբեր պաշտոնյաներ ապահովել են իրենց մասնակցությունը: «Էլբատը» տեղակայված է «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տարածքում: «Էլեկտրոնի» սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40%), Կարեն Ճշմարիտյանը (40%) եւ ձեռնարկության կոլեկտիվը (20%): «Էլեկտրոն» ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է 2005թ. ուղղակի վաճառքի միջոցով: Գնորդը Սամվել Աբրահամյանն էր, իսկ նախարարը, ինչպես կռահեցիք, Կարեն Ճշմարիտյանն էր: Ստացվում է, որ նախարարն ինքն իրեն ուղղակի վաճառել է «Էլեկտրոնը», որի բաժնեմասերի 40 տոկոսն այժմ տնօրինում է ինքը` արդեն ԱԺ պատգամավոր Կ. Ճշմարիտյանը: