«Wikileaks» կայքը կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250.000 ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր, որոնք պարունակում են սկանդալային տեղեկություններ:
Ո՞վ կամ ի՞նչ է «Wikileaks»-ը
«Wikileaks»-ը միջազգային սոցիալական ցանցային նախագիծ է։ Ինչպես հայտարարում են հեղինակները, նախագծի նպատակը «տեղեկատվական արտահոսքի արդյունքում հասանելի դարձած ինֆորմացիայի անոնիմ հրապարակումն ու վերլուծությունն է»։ Ռեսուրսը գրանցված է Շվեդիայում։ Ստեղծողների եւ ղեկավարների մասին շատ քիչ բան է հայտնի։ Կայքում շրջանառվում է միայն Ջուլիան Ասսանժի անունը, ով մերթ հանդես է գալիս որպես «Wikileaks»-ի հիմնադիր, ներկայացուցիչ, մերթ որպես պրեսս-ատաշե։ Կալիֆոռնիայի դատարանի 2008թ. փետրվարի 18-ի որոշմամբ «Wikileaks.org» կայքն արգելափակվեց, իսկ կայքը գրանցած Dynadot սուբյեկտին հրամայվեց վերացնել բոլոր գրառումները այդ հասցեից։ Սակայն նույն դատարանը, դատավոր Ջեֆրի Ուայթի նախագահությամբ, հղում անելով ԱՄՆ Սահմանադրության առաջին լրացմանը, նորից թույլ տվեց, որ այն հասանելի լինի ինտերնետում։ 2010թ. ամռանը աշխարհը ցնցվեց, երբ «Wikileaks»-ը հրապարակեց ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում ձեռնարկած ռազմական գործողությունների մասին հազարավոր փաստաթղթեր։ 2010թ. օգոստոսին Ասսանժը մեկնեց Շվեդիա, որտեղ համաձայնագիր ստորագրեց տեղական «Ծովահենական կուսակցության» հետ՝ «Wikileaks»-ի սերվերների մի մասը նրա տարածքներում տեղակայելու մասին։ Դա նախագծին նաեւ քաղաքական աջակցություն ապահովեց։ 2010թ. հոկտեմբերի 23-ին «Wikileaks»-ը ավելի հզոր արտահոսք հրապարակեց՝ Իրաքում տեղի ունեցած ռազմական գործողություններին վերաբերող շուրջ 400 հազար գաղտնի փաստաթուղթ։ Պարզ է, որ այս ամենը անհետեւանք չէր կարող մնալ։ Շվեդիայում գտնվելու ժամանակ Ասսանժին մեղադրանք ներկայացվեց։ Օգոստոսի 20-ին երկու աղջիկ դիմել էին Ոստիկանություն՝ հայտարարելով, որ Ասսանժն իրենց բռնաբարել է։ Ինքը՝ Ասսանժը, հերքեց դա՝ հայտարարելով, որ այդ ամենը հենց այնպես չէ, եւ անմիջական կապ ունի «Wikileaks»-ում հրապարակված տեղեկությունների հետ։ Հաջորդ օրը մեղադրանքը նրա վրայից հանվեց։ Սակայն 10 օր չանցած Շվեդիայի իշխանությունները կրկին ընթացք տվեցին գործին։ Ասսանժը շարունակում է պնդել, որ դա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Պենտագոնի կազմակերպածն է։ Ինչեւէ, շուրջ մեկ շաբաթ առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ «Wikileaks»-ը լքում է Շվեդիան։ Ըստ լուրերի, կայքի հիմնադիրներն անգամ հրաժեշտ չեն տվել սերվերի ղեկավարներին։ Սերվերի սեփականատեր Միկաել Վիբորգը, հայտնաբերելով, որ բաժանորդը լքել է իրենց, վերջնահաշիվ է ներկայացրել, որը դեռ վճարված չէ։ Ըստ որոշ
ԶԼՄ-ների` կայքի տրաֆիկն այժմ իրականացվում է այլ երկրներով, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Հոլանդիայի միջոցով։ Շվեդական ինտերնետ պրովայդերներից մեկն էլ հայտարարել է, որ «Wikileaks»-ը չի լքել Շվեդիան, պարզապես տրաֆիկի վերաբաշխում է կատարել։ «Wikileaks»-ի դեմ քայլեր է ձեռնարկել նաեւ Ավստրալիան, որի քաղաքացին է Ասսանժը։ ԶԼՄ-ների եւ հաղորդակցության միջոցների ավստրալական հանձնաժողովը պարտադրել է երկրի ինտերնետ պրովայդերներին արգելափակել մուտքը դեպի «Wikileaks»-ի որոշ էջեր։
Ենթադրվում է, որ հրապարակած փաստաթղթերն այնքան կարեւոր են, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անմիջապես խնդրել է չտարածել դրանք` զգուշացնելով, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել հազարավոր կյանքեր, փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների միջեւ, դիվանագիտական սկանդալների եւ դեսպանների արտաքսման պատճառ հանդիսանալ: Չնայած այս զգուշացումներին, երկուշաբթի օրը «Wikileaks»-ի տարածած նյութերի վերաբերյալ հրապարակումներ են հայտնվել ամերիկյան, բրիտանական, գերմանական, իսպանական եւ ֆրանսիական հինգ խոշորագույն թերթերում: Երեկ ողջ օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարները, արտգործնախարարությունները կամ այլ գերատեսչությունները հանդես էին գալիս «Wikileaks»-ի տարածած տեղեկատվությունը մեկնաբանող հաղորդագրություններով:
Երեկ կեսօրին հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որտեղ ասված է. «Ինչ վերաբերում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումներին, Պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում: Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում «Wikileaks»-ի կողմից վնասակար հետեւանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաեւ պետությունների միջեւ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար: Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որեւէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում եւ առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ»:
Իսկ, օրինակ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «Wikileaks»-ի հրապարակումները համարում է ԱՄՆ կառավարության «խաղը»: «Այդ տեղեկատվության հրապարակումն արտահոսք չէ, այն կազմակերպվել եւ իրականացվել է ամերիկյան վարչակազմի կողմից: Այդ փաստաթղթերն իրավաբանական ուժ չունեն եւ քաղաքական արդյունք էլ չեն ունենա»,- ասել է նա: Անդրադառնալով նրան, որ որոշ փաստաթղթերում արտացոլված է Պարսից ծոցի արաբական երկրների թշնամական վերաբերմունքը Իրանի հանդեպ, Ահմադինեջադն ասել է, թե նման գնահատականների հրապարակումները չեն ազդի պետությունների միջեւ հարաբերությունների վրա: «Տարածաշրջանի բոլոր պետությունները բարեկամություն են անում իրար հետ: «Wikileaks»-ի հրապարակածը նույնիսկ չարժե, որ մեկնաբանվի, եւ չարժե ժամանակ ծախսել դրանց վրա»,- ասել է Իրանի նախագահը:
«Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերը զարմացրել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին։ «Զարմացրել են, որովհետեւ այնտեղ արտահայտված են որոշ տեսակետներ, որոնք իբրեւ թե արտահայտել է Ադրբեջանի նախագահը հանդիպումների ժամանակ»,- ասել է նա` հավելելով, թե Ալիեւի կողմից անցկացվող բոլոր քաղաքական հանդիպումներին անձամբ մասնակից է եղել: «Ես նաեւ մասնակցել եմ Ալիեւի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Բրնսի հանդիպմանը: Հարկ է նշել, որ կոնկրետ այդ հանդիպումը նվիրված էր երկու հարցերի: Առաջինը` ԼՂՀ հակամարտությանը, երկրորդը` ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ուզում եմ հայտարարել, որ Ադրբեջանի նախագահի կողմից անցկացրած բոլոր հանդիպումների ժամանակ նախագահը չի խոսում երրորդ կողմի կամ պետության մասին: Այդպես է եղել նաեւ Բրնսի հետ հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Մամեդովը: Ըստ նրա` այդ բնույթի հայտարարությունները փոխպետքարտուղարի հանդիպման հետ կապված տարակուսանք են առաջացնում. «Ստացվում է, որ նրան, ով բանակցություններ է վարում, անցած թվով հայտնում են իրենց իսկ ասածի էության մասին: Հավանաբար կան ուժեր, որոնք ձգտում են փչացնել տարբեր երկրների միջեւ եղած հարաբերությունները, եւ այդ ուժերը որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Դա վտանգավոր միտում է»: Ի դեպ, Մամեդովի խոսքով` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ նման բնույթի նյութերի ի հայտ գալը մտորումների տեղիք է տալիս: «Այսինքն՝ այդ հաղորդագրությունների տարածումն ու Աստանայում կայանալիք գագաթաժողովի համընկնումը հարցեր են առաջացնում միջազգային հանրության մոտ»,- նշել է նա: «Wikileaks»-ի հրապարակմանը երեկ անդրադարձել են նաեւ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից շատերը: Օրինակ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով, ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին «Wikileaks»-ի կողմից հրապարակված փաստաթղթերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում եւ հակամարտության կողմերի վրա ճնշում բանեցնելու առիթ դառնալ: «Այս արտահոսքից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չեն կարողանալու հակադրվել, այլ գուցե ուղղակի համաձայնեն այն ամենին, ինչը կթելադրվի նրանց»,- կարծում է Սաֆարյանը: Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Հայաստանն Իրանին ապօրինի զենք է վաճառել, Ս. Սաֆարյանն ասել է, թե դա կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ուղղված նախազգուշացում. «Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանի իշխանություններին: Այնպես որ` բոլոր երկրների հետ կապված կան հստակ ուղերձներ, եւ կան հաշվարկներ, թե ինչպես իրենց կպահեն այդ երկրների ղեկավարներն այս արտահոսքից հետո»: Միաժամանակ նա այն կարծիքին է, թե կոնկրետ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն այս արտահոսքից հետո կարող են ոչ թե ավելի վատանալ, այլ լավանալ, քանի որ Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ այլեւս չեն կարող «դիմադրել եւ կհամաձայնեն այն ամենին, ինչն իրենց կառաջարկվի»:
Ի դեպ, ըստ Ս. Սաֆարյանի` բոլոր երկրները, որոնք հիշատակվել են «Wikileaks»-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերում, այն երկրներն են, որոնք ԱՄՆ-ի արտաքին քաղաքակության համար խնդիրներ են հարուցել` Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Գերմանիա, Իտալիա եւ այլն: «Դրանք այն երկրներն են, որոնք խանգարել են ԱՄՆ ծրագրերի իրականացմանը՝ էներգետիկ ոլորտից սկսած մինչեւ հակամարտությունների լուծում»: Այնպես որ` ըստ նրա` այդ փաստաթղթերի արտահոսքն ամենեւին էլ պատահական չէ եւ փոխելու է բազմաթիվ երկրների միջեւ հարաբերությունների որակը, իսկ որոշ դեպքերում ուղղակի վատացնելու է, ինչպես, օրինակ, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի համոզմամբ` Հայաստանին վերաբերող փաստաթղթերի ուղղությամբ պետք է լուրջ ուսումնասիրություն տարվի, եւ այդ փաստաթղթերը պետք է վերլուծվեն՝ հասկանալու համար, թե այդտեղ ինչն է ճիշտ եւ ինչը` սուտ: «Ես չեմ հավատում այդ փաստաթղթերի իսկությանը: Իսկ այդ փաստաթղթերի ընդհանուր բովանդակությունը համարում եմ վարվող արտաքին հրապարակային քաղաքականությանը հակասող»,- ասել է նա` բացառելով, թե Հայաստանն Իրանին կարող էր անօրինական ճանապարհով զենք վաճառել: «Մեր երկրի կողմից վարվող քաղաքականությունը ուղղակի հուշում է, որ նման բան լինել չէր կարող»,- նշել է նա: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ ասել է, թե Հայաստանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին վարել է բազմավեկտոր քաղաքականություն, իսկ կոնկրետ Իրանի հետ մեր երկրի հարաբերությունները բաց եւ թափանցիկ են եղել: «Մեր հարաբերություններն Իրանի հետ միջազգային հանրության աչքի առաջ են, եւ մենք հետաքրքրված ենք, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները լինեն նորմալ, որովհետեւ Հայաստանն ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ ունի դրական, զարգացող հարաբերություններ, եւ դա բխում է մեր երկրի շահերից»,- ասել է նա: Շարմազանովը, սակայն, չի հավատում միայն փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածին:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ այն կարծիքին է, թե այդ փաստաթղթերը Պետքարտուղարությունը չի հրապարակել, որպեսզի ինչ-որ նպատակներ հետապնդի: «Սրանք, պարզ ասած, գողացել են Պետքարտուղարությունից: Այսինքն` սա Պետքարտուղարության նախաձեռնությունը չէ: Ինչ վերաբերում է այդ նամակին, ապա հաշվի առնելով կատարված որոշ դեպքեր` եզրակացությունը պարզ է. նման բան չի եղել Հայաստանում. ոչ մի զենք էլ չի վաճառվել Իրանին, բայց ամերիկյան կողմը սպառնալիքով ուզեցել է դրա դեմն առնել, որպեսզի հանկարծ զենք չվաճառվի կամ չփոխանցվի իրանական կողմին: Եթե նման բան իսկապես եղած լիներ, ապա բանակցությունների եւ նոր պայմանավորվածությունների հարց չէր դրվի, այլ միանգամից ՀՀ-ին պատժամիջոցների ենթարկելու հարցը կդրվեր: Այսինքն` սպառնալիքով փորձել են վտանգի առաջն առնել եւ ստացել են ցանկացածը. Հայաստանը գրավոր հավաստիացրել է, որ ոչինչ չի վաճառելու եւ չի փոխանցելու Իրանին, եւ երկրորդ` ամերիկյան կողմն իրավունք է ստացել մեր սահմանակետերում այդ ուղղությամբ պարբերաբար ստուգելու աշխատանքը»: