Ազատություն Նիկոլին

27/11/2010

Երեկ լրատվամիջոցները` հիմնականում տպագիր եւ էլեկտրոնային, հերթական ակցիան էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Լրագրողները Ն. Փաշինյանի լուսանկարները պարզած շղթա էին կազմել Հանրապետության հրապարակի մեջտեղում: Ակցիային հեռուստաընկերություններից մասնակցում էին միայն ԱԼՄ-ն եւ Գյումրիում հեռարձակվող «Գալան»: «Նիկոլ Փաշինյանի դեմ ոտնձգությունները բացառապես պայմանավորված են նրա լրագրողական գործունեությամբ եւ ունեն մեկ նպատակ` կասեցնելու այն: Եթե նա լրագրողական գործունեությամբ չզբաղվեր, նրա նկատմամբ չէին լինի նաեւ այս ոտնձգությունները, քանի որ այլ քաղբանտարկյալների նկատմամբ նման բան տեղի չի ունենում: Սակայն Նիկոլը միշտ էլ գրել է եւ գրելու է, չի լռելու»,- երեկ ասաց «Հայկական Ժամանակ» թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Իսկ Ն. Փաշինյանի կինը՝ «ՀԺ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանն էլ նշեց, որ Նիկոլն այս օրերին ապօրինաբար պահվում է «Կոշ» ՔԿՀ-ի պատժախցում, եւ որ այս ակցիայի նպատակը Նիկոլի անվտանգության ապահովումն ու նրա ազատ արձակումն է: «Թեեւ վերջին տեսակցության ժամանակ նրա վրա կապտուկներ կային, բայց իրեն լավ էր զգում, տրամադրությունն էլ բարձր էր»,- ասաց Ա. Հակոբյանը: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը պատժախցից դուրս կբերվի դեկտեմբերի 2-ին: