«Վերջին շրջանում որոշ կալանավորված ընդդիմադիրներ ազատ են արձակվել քաղաքական պահանջի առկայության պարագայում, բայց իրավական գործընթացներով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը: Երկու օր առաջ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու մեջ: Անցած ամիս պայմանական-վաղաժամկետ ազատ էր արձակվել Հայ Ազգային կոնգրեսի Լոռու կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով նույնպես 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Ե՛վ Սաղաթելյանը, եւ՛ Մանուկյանն իրենց ազատ արձակելու որոշումը կապում են Հայաստանի իշխանությունների վրա միջազգային կառույցների կողմից գործադրվող ճնշումների հետ: «Ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս այդ «ճնշում» բառը, որովհետեւ շատ գնահատողական դատողություն է: Այն հարցադրումները, որոնք կային` մնացել են եւ անփոփոխ են: Բացենք վերջին երկու տարվա ԵԽ ԽՎ բանաձեւերը, եւ կտեսնենք ինչ հարցադրումներ կային, դրանից ավելի որեւէ նոր քայլ կատարված չէ»,- ի պատասխան այդ դիտարկման՝ ասել է նաեւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Ինչ վերաբերում է ազատված անձանց` նրանք պնդում են, որ դա քաղաքական ճնշման արդյունքում է: Բնական է` սա քաղաքական պայքարի տարր է, շատ բնական է, որ նրանք դա պետք է օգտագործեն»: Իսկ արդյոք այդ «քաղաքական պահանջի» արդյունքում հնարավոր է, որ առաջիկայում ազատ արձակվեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր մյուս գործիչները: «Ազատություն» ռ/կ-ի այդ հարցին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասել է. «Չկա քաղաքական պահանջ կամ քաղաքական մոտեցում, որ անթույլատրելի կլիներ այդ անձանց պայմանական-վաղաժամկետ ազատումը»: Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանի այն հայտարարությանը, թե իշխող կոալիցիայում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցով քննարկում է եղել, Դավիթ Հարությունյանն ասել է, որ իրեն նման քննարկում հայտնի չէ: Նա խոսել է նաեւ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի այն հայտարարության մասին, որի համաձայն՝ իրենք կարեւորում են ԵԽ ԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը: «Առաջինը` ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը չի պատկանում Մեւլութ Չավուշօղլուին, այլ պատկանում է ԵԽ ԽՎ-ին, եւ իր հանրահայտ 1416 բանաձեւում այդ առաջարկը ներկայացված է: Երկրորդը` մենք եւ այն ժամանակ ենք համարել, որ դա սխալ քայլ է, նաեւ համարել ենք, որ փորձը ցույց տվեց, որ դա սխալ քայլ է: Երրորդ` մենք առ այս պահը չենք փոխել մեր դիրքորոշումը եւ համարում ենք նման հանձնաժողովի ստեղծումն անիմաստ, եւ վերջին երեք տարիների ընթացքում դրա մասին անընդհատ խոսել ենք Խորհրդարանական վեհաժողովում: Չորրորդ` ես չեմ կարող բացառել, որ Վեհաժողովի Բյուրոն, ոչ թե պարոն Չավուշօղլուն, այնուամենայնիվ, ստեղծի նման հանձնաժողով: Հինգերորդ` մենք դեմ ենք լինելու այդ հանձնաժողովի ստեղծմանը, բայց անգամ՝ եթե ստեղծեցին, մենք գիտենք մեր անելիքը»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը: