Կարեւորը Շարմազանովի լավատեսությունն է

27/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն շփոթված են արտաքին քաղաքական ոլորտում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների պատճառով:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սպասվում է եւս մի փորձություն արդեն Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում:

Ավելի քան մեկ տասնամյակ ընդմիջումից հետո տեղի ունենալիք այս գագաթաժողովի ընթացքում անդրադարձ է լինելու նաեւ ԼՂՀ կարգավորման գործընթացին: Իսկ այսօր այդ գործընթացը կարծես այնպիսի փուլ է մտել, որ ՀՀ իշխանությունները մտածում են ոչ այնքան ստորագրվելիք փաստաթղթի լավ կամ վատ լինելու, որքան վատ եւ վատթարագույն լինելու հնարավորությունների մասին: Իսկ վերջին օրերին ավելի հաճախակի են կարծիքներ հնչում, որ Աստանայում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ անպայման կընդունվի:

Բոլոր դեպքերում այսօր արդեն տեսանելի են այն մարտահրավերները, որոնց շուրջ Լեռնային Ղարաբաղի հարցով Աստանայում կարող են ծավալվել զարգացումները: ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովում արդեն պարզ կլինի, թե այսուհետ ինչ ձեւաչափով են ընթանալու կարգավորման բանակցությունները: Այս առումով հնարավոր է, որ Աստանան բեկումնային լինի Ղարաբաղի համար: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի մասին է. Աստանայում կորոշվի` պահպանվելո՞ւ է այն, թե՞ բանակցություններն այսուհետ կընթանան այլ ձեւաչափով: Բացառված չէ, որ դա լինի դե ֆակտո Ռուսաստանի ներքո գործող ինչ-որ ձեւաչափ: Համենայնդեպս, վերջին շրջանում Ռուսաստանը գրեթե միանձնյա է զբաղվում հակամարտության կարգավորմամբ: «ՌԴ-ն 2008 թվականից անթաքույց փորձեր է անում ավելի շատ ընդգծելու իր լիդերությունը հակամարտության կարգավորման գործում: Եվ պատահական չեն ՌԴ նախագահի կողմից կազմակերպած այս եռակողմ հանդիպումները, որին Արեւմուտքը բավականին խանդով է վերաբերվում: Եվ այս հարցում ՌԴ-ն Ադրբեջանի աջակցությունը կարող է ունենալ այն պարզ պատճառով, որ այդ երկիրը շանտաժ է անում Մինսկի խմբին` դժգոհելով նրա անարդյունավետությունից: Իսկ ՌԴ-ն Մայնդորֆից սկսած մինչեւ Աստրախանյան հանդիպում՝ փորձ է անում իր առաջատարությունն ընդգծել, ինչը կարող է նաեւ զուգահեռ ֆորմատ դառնալ»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Պատգամավորի խոսքերով՝ ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություններում ՌԴ-ի այս առաջխաղացումը մի կողմից՝ ձեռնտու է Մինսկի խմբի մյուս երկու երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, այն առումով, որ Ռուսաստանը կարող է օգտագործել կողմերի վրա ունեցած ազդեցության լծակները: Սակայն մյուս կողմից` ակնհայտ է, որ նրանք գիտակցում են, որ դա կարող է անցնել թույլատրելի սահմանը եւ հիմք դնել միանգամայն այլ գործընթացի: Այսինքն՝ բացառված չէ, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում հակամարտության կարգավորումը դուրս գա իրենց ազդեցությունից եւ ծավալվի միայն ՌԴ-ի հովանու ներքո: «Կհիշեք, երբ Մայնդորֆյան հռչակագիրն էր ստորագրվում, Մինսկի համանախագահները հապճեպ թռան այնտեղ: Ճիշտ է, նրանք չմասնակցեցին հանդիպմանը եւ միջանցքում սպասեցին: Այդ կռիվը, որքան էլ որ թաքնված է, դրա մասին քիչ են խոսում, բայց մրցակցությունը կա: Պատահական չէ, որ անընդհատ ամենատարբեր մակարդակներով հայտարարություն է արվում, որ ֆորմատը չպետք է փոխվի: Սա նշանակում է, որ ֆորմատը փոխելու ցանկություն ունեցողը կա»,- ավելացնում է Ս.Սաֆարյանը:

Աստանայում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նաեւ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու խնդիրը: «Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների արդյունքում, իհարկե, արդեն խաղաղ գործընթացի մասին խոսելն ավելորդ է դառնում: Ադրբեջանը փորձում է այս իրավիճակն օգտագործել` ցույց տալով, որ լավագույն ճանապարհը խնդրի արագ լուծելն է այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,- ասում է Ս.Սաֆարյանը:

Եվ այսպես, Աստանայում հիմնականը լինելու են ԼՂՀ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պահպանելու ու պատերազմի ռիսկերի նվազեցման հրամայականները: Իսկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրից հետո արդեն կարելի է կասկածել, թե Աստանայում ընդունվելիք փաստաթղթում տարածքային ամբողջականության մասին սկզբունքի կողքին կլինի՞ նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքը: Այստեղ արդեն, բնականաբար, կասկած չունի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Վերջինս, սակայն, չի կարծում, թե այս անգամ որեւէ լուրջ, բեկումնային փոփոխություն կարող է լինել: «Լուրջ դրական փոփոխությունը կախված է երկու գործոնից: Եթե Ադրբեջանի վրա հստակ ճնշում լինի, եւ նա գիտակցի, որ այլեւս ոչ թե պետք է իմիտացիա իրականացնի, այլ բանակցություն վարի: Եվ որ Ադրբեջանը պարտավոր է գործել հռչակված սկզբունքների հիման վրա: Երկրորդը, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ կոնֆլիկտի կողմերը ոչ թե ՀՀ-ն ու Ադրբեջանն են, այլեւ ԼՂՀ-ն ու Ադրբեջանն են: Եվ բանակցություններին առանց ԼՂՀ մասնակցության խնդիրը չի կարող թեւակոխել առաջխաղացման փուլ»,- ասում է Է.Շարմազանովը:

Եվ նույնիսկ ընդամենն անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում ԼՂՀ հակամարտության անդրադառնալիս՝ միայն տարածքային ամբողջականության սկզբունքի առկայության եւ ինքնորոշման սկզբունքի բացակայության հանգամանքը չեն խանգարում, որ Է.Շարմազանովը հայտարարի, թե այսօր հայկական կողմի դիրքերն ավելի շահեկան են: «Այս երկու տարիների ընթացքում իշխանությունները ՀՀ նախագահի գլխավորությամբ կարողացել են լուրջ հիմքեր ստեղծել, որ ինքնորոշման ճանաչման իրավունքը լինի փաստացի»,- ասում է Է.Շարմազանովը: