ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քենիացի տատիկը պատմել է, որ Մեքքա կատարած ուխտագնացության ժամանակ աղոթել է, որ իր թոռը իսլամ ընդունի: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը: Միաժամանակ, Օբամայի 88-ամյա տատիկը` Սարա Օմարը, որեւէ կերպ չի մեկնաբանել իր թոռան կողմից վարվող քաղաքականությունը: Սարա Օբաման Մեքքա ուխտագնացություն է կատարել որդու` Սայիդ Հուսեյն Օբամայի եւ 4 թոռների հետ: Օբամայի ընտանիքին Մեքքայում հարմարավետ «տեղավորելու» մասին անմիջապես հոգացել է Սաուդյան Արաբիայի կառավարությունը: Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում նախընտրական քարոզարշավի ժամանակ ենթադրություններ կային, թե Օբաման գաղտնի իսլամ է դավանում: Այս տարվա օգոստոսին անցկացված հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 5-րդ ամերիկացի կարծում է, թե Օբաման մուսուլման է: Մինչդեռ Սպիտակ տունը հերքում է Բարաք Օբամայի` իսլամ դավանելու մասին բոլոր կասկածները` հայտարարելով, որ Օբաման «աստվածավախ քրիստոնյա է»: