Պատերազմն իրատեսական չէ

27/11/2010

«Ճիշտ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ընդհանուր հայտարարի գան եւ հակամարտությանը լուծում գտնեն»,- երեկ Երեւանում կայացած համաժողովում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը: «Կարծում եմ` կողմերը պետք է ոչ թե տեխնիկական խնդիրների վրա կենտրոնանան, այլ քաղաքական կամք դրսեւորեն՝ փոխզիջումների գնալու եւ լուծում գտնելու համար, որովհետեւ հակամարտության խաղաղ կարգավորումը փոխզիջումներ է ենթադրում: Կողմերից որեւէ մեկը չի կարող 100 տոկոսանոց արդյունք արձանագրել»,- ասել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերը, ով մասնակցում էր «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ Հայաստան-Եվրոպական միություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» խորագրով միջազգային համաժողովին: Լրագրողների հետ զրույցում Լենմարկերն ասել է նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ մեղադրանքներ ուղղելու փոխարեն՝ պետք է նախ ներքին քննարկումներ սկսեն, պարզեն, թե արդյոք երկու երկրների ներսում կա՞ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն, այնուհետեւ գնան քաղաքական լուծումների: «Հակամարտությունը սառեցված չէ, եթե չեմ սխալվում՝ տարեկան 20-30 երիտասարդ կյանքեր է խլում այդ հակամարտությունը,- ասել է Լենմարկերը` ավելացնելով,- Խաղաղ կարգավորումը նշանակում է խաղաղ կարգավորում` առանց կրակոցների ու ռազմական գործողությունների: Մինսկի խմբի շրջանակներում ողջ գործընթացը, հանդիպումները ուղղված են խաղաղ կարգավորմանը: Իհարկե, աղետ կլինի, եթե գործընթացը վերածվի պատերազմի, բայց ես չեմ կարծում, որ դա իրատեսական տարբերակ է»: