ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախորդների համեմատ Սպիտակ տանն առաջին 2 տարիների աշխատանքի ընթացքում ամենաշատն է իրականացրել արտասահմանյան այցեր: «Հարկատուների ազգային միություն» (HCH) հ/կ-ի տարածած տվյալների համաձայն` Օբաման 15 շրջագայություն է իրականացրել, որոնց ընթացքում այցելել է 26 երկիր` այնտեղ ընդհանուր առմամբ անցկացնելով 55 օր: HCH-ի նշում է, որ ըստ Պենտագոնի աղբյուրների, նախագահական «Էյր ֆորս-1» ինքնաթիռի մեկ ժամ թռիչքը պետական գանձարանին արժենում է մոտ 182 հազար դոլար: Շահագործման մեջ գտնվող 2 «Բոինգ-747»-ից յուրաքանչյուրի համար վճարվել է 350 մլն դոլար: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը ղեկավարելու ամբողջ ընթացքում ամենաշատը արտասահմանյան գործուղումներ է կատարել Բիլ Քլինթոնը` 55 այց, 233 օր. ամեն տարի նա երկրից դուրս է գտնվել ավելի քան 29 օր: Երկրորդ տեղում է Քլինթոնին հաջորդած Ջորջ Բուշ կրտսերը. Սպիտակ տանը 8 տարվա աշխատանքի ընթացքում նա իրականացրել է 49 շրջագայություն` արտասահմանում գտնվելով 215 օր` տարեկան գրեթե 27 օր:
«Հարկատուները պետք է տեղյակ լինեն, թե որքան արժեն նախագահների արտասահմանյան այցերը»,- ասել է HCH-ի վերլուծաբան Դեմիան Բրեյդը: