Ազգային ջոջերը եւ սփյուռքի ընտրովի ղեկավարությունը

27/11/2010

Այս տարվա նոյեմբերի 20-ին, «Հարավային Կալիֆոռնիա համալսարանում» տեղի ունեցավ «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» վերնագրով սիմպոզիումը։

Միանգամից ասեմ, ներկա չեմ եղել հիվանդության պատճառով, սակայն նայել եմ ողջ տեսագրությունը։ Զարմանալին հենց սկզբում էր. ես ինքս, ինչպես ԱՄՆ-ում երկար տարիներ ապրող յուրաքանչյուր «նախկին հայաստանցի», որ բավարար տիրապետում է երեք լեզուների, անակնկալի եկա։ «Սփյուռքահայ համաշխարհային կառույց» վերնագրով ողջ սիմպոզիումը տարվեց անգլերեն լեզվով։ Ամերիկացի մեկ-երկու հյուրերի համար կարելի էր, չէ՞, կազմակերպել թարգմանություն։ Սփյուռքի հիմնական գերխնդիրը հայապահպանությո՛ւնն է, որի առաջին գրավականը հայերե՛ն լեզուն է։ Ուրեմն, ինչի՞ համար է այս սիմպոզիումը. գուցե նախաձեռնողները հայոց լեզվի նկատմամբ չունեն բավարար հարգանք, բայց իրենց համաշխարհային սփյուռքյան կառույց այնուամենայնիվ պե՞տք է։

Ճիշտն ասած, լավ «շոու» էր։ Ներկա էր մոտ 500 հանդիսատես։ Գլխավոր նախաձեռնող Հարութ Սասունյանի հրավերով ներկա էին պրոֆեսորներ՝ Դոքմեջյանը, Աստուրյանը, Մարաշլյանը, հյուրերի թվում էին՝ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Դյուքմեջյանը, ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսը, ՀՀ-ում նախկին դեսպան Էվանսը ու շատ ու շատ ուրիշներ։

Հարցն այսպես էր դրված։ Ըստ այս ծրագրի գլխավոր նախաձեռնող Հարութ Սասունյանի, յուրաքանչյուր 20 հազար սփյուռքահայ ընտրում է մեկ պատգամավոր (ինտերնետային ընտրության միջոցով), եւ ընտրված 350 պատգամավորները միանգամից դառնում են յոթ միլիոնանոց սփյուռքը ներկայացնող միացյալ մարմին։ Անշուշտ, այս 350 պատգամավորներից էլ կկազմվի մի յոթ հոգուց բաղկացած վարչություն եւ, իհարկե, նախագահ։ Ու մենք, սիրելի հայրենակիցներ, կունենանք սփյուռքի՛ նախագահ։ Հա՜յ-հա՜յ, հայ ժողովուրդ, երկու պրեզիդենտ ունես Հայաստանում եւ Արցախում, երրորդն էլ՝ սփյուռքի պրեզիդենտ էլ որ ունեցար, պրծա՜վ, քո բոլոր կնճռոտ խնդիրները լուծված կլինեն։

Հիմա գանք այս «Համաշխարհային սփյուռքի ընտրովի ղեկավարության եւ կառույցի» դեմոկրատական ընտրությունների եւ տեխնիկական հնարավորությունների խնդիրներին։

Սիմպոզիումի նախաձեռնողներն ընդգծեցին, որ պատգամավոր ընտրելու գործում թշնամի երկիր Թուրքիայի հայության քվեարկությունը գուցե անհնարին կլինի՝ բոլորիս քաջ հայտնի պատճառներով։ Բայց, ըստ լուսահոգի Հրանտ Դինքի, Թուրքիայում ապրում է երկու միլիոն հայ։ Ուրեմն, այս համաշխարհային կառույցի 350 պատգամավորներից 100-ը պետք է լինեն Թուրքիայից, բայց ցավոք… դա հնարավոր չէ։ Սիմպոզիումի ղեկավարությունը նշեց նաեւ, որ Ռուսաստանում ապրում է ամենաքիչը երկու միլիոն հայ, բայց «Ռուսաստանի Համահայկական Միությունը» ոչ դեմոկրատական միություն է, եւ փաստորեն… ռուսահայերը հավանաբար կանտեսվեն։ Ուրեմն, ըստ Հարութ Սասունյանի տրամաբանության եւ մաթեմատիկական մոդելի, «կառույցից» դուրս կմնա եւս հարյուր պատգամավոր։ 350 պատգամավորներից եթե հանենք 200 անիրատեսելի պատգամավորներին, ապա արդյունքում կունենանք 150 պատգամավոր։ Եթե հաշվի առնենք Միջին Արեւելքի եւ Պարսկաստանի ինտերնետային եւ համակարգչային հնարավորությունները, ապա այդ տարածքների հայության պատգամավորությունն անշուշտ կտուժի գոնե կիսով չափ՝ մի 50 պատգամավորով։ Դե, եթե աշխարհի մնացած երկրներում ամեն ինչ հաջող ընթանա, ապա անտեսելով մի քանի միլիոն սփյուռքահայությանը, «ազգային ջոջերը» մի հարյուր հոգով սեղան կնստեն ու կհայտարարեն, որ ունեն համարյա՜ ողջ սփյուռքահայության քվեն ու իրե՛նք են ներկայացնում սփյուռքը։ Հա՜յ-հա՜յ, ականջդ կանչի Հակոբ Պարոնյան։ Բայց մի ուրիշ հարց էլ կա։ «Դեմոկրատական» կարգով քվե տալը մի բան է, համակարգչով քվեներն ընդունողն ու արձանագրողը՝ մի ուրիշ բան է։ Հարց՝ այդ ո՞վ է լինելու կամ ի՞նչ գերվստահելի մարմին է լինելու համակարգչով ձայն հավաքողը, որ անխտիր ունենա միլիոնավորների, այդ թվում` կուսակցականների վստահությունը, հը՞։ «Է, բարոն Սասունյան, քիչ մը խառնագ փան մը չստացվեցա՞վ։ Է՜ յավրում, հարգա՛վ ստացվեցավ»։

Նմանատիպ գաղափարով տարիներ առաջ հանդես եկավ ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը։ Այն ժամանակ շատերն էին խոսում, որ նա կամ իր փառամոլությունից, կամ գերտերություն Ռուսաստանի կողմից հատուկ նպատակ իրականացնելու համար է ոտքի ելել։ Եվ ամերիկահայ սփյուռքի ավանդական ուժերը սատար չկանգնեցին Աբրահամյանի գաղափարին, սակայն ոմանք այդ գաղափարի «հեղինակային իրավունքը» սեփականացնել չզլացան։ Նույն գաղափարը որդեգրող ամերիկահայ նախաձեռնողները սփյուռքահայությանը գայթակղելու համար վաղուց են սկսել իրենց հեռուստատեսային գրոհները, սակայն արդյո՞ք նրանք իրենք իրենց տվել են՝ «իսկ ո՞րն է նպատակը» տարրական հարցը։ Այսինքն, «համաշխարհային կառույցը» միջոց է, ուրեմն, ո՞րն է մեր համաշխարհային նպատակը։ Այսինքն, այս «ազգային ջոջերը» նպատակը եւ նպատակին հասնելու միջոցը չե՞ն տարբերում իրարից։ Բոլորիս քաջ հայտնի է, որ սփյուռքում գործում են երեք ավանդական կուսակցությունները, «Հայ Դատն» ու «Հայկական համաժողովը», եկեղեցական թեմերը՝ թե՛ Էջմիածնական, թե՛ Անթիլիասական, հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, հազարավոր մշակութային ու կրթական միավորներ եւ այլն։ Ու թեեւ ավանդական կուսակցությունները սփյուռքում ունեն որոշ «պատմական տարաձայնություններ», սակայն համահայկական սկզբունքների առումով, սփյուռքի բոլոր կառույցները՝ լինի հայապահպանություն, ցեղասպանության ճանաչում, Արցախին ու Հայաստանին սատարում եւ այլն, համակարծիք են։ Իսկ երբ պետք է լինում, ապա բոլորն անվերապահ միավորվում են այս կամ այն ծրագրի կամ գաղափարի շուրջ։ Օրինակ, «Համահայկական Հիմնադրամի» շրջանակներում կամ թեկուզ ՀՀ նախագահի դեմ ցույցերով՝«Հայ-թուրքական պրոտոկոլների» առումով։ Ուրեմն, ո՞րն է «համաշխարհային կառույց» ստեղծելու նպատակը։ Գուցե նպատակը կայանում է նրանում, որ եթե Հայաստանի Հանրապետության նախագահը ցանկանա զանգահարել սփյուռք, ապա… ո՞ւմ պիտի զանգահարի։ Չէ՞ որ դրա համար անհրաժեշտ կլինի հեռախոսահամար եւ… սփյուռքի նախագահ։ Զվարճալի է, չէ՞։ Բայց, սիրելի ընթերցող, ես կատակ չեմ անում. այս «հանճարեղ միտքը» Հարութ Սասունյանի հեռուստատեսային ելույթներից է։ Իհարկե, հեղինակային իրավունքը նորից իրենը չի, «թխած» է Հիլարի Քլինթոնի նախընտրական անհաջող գովազդից, բայց ի վերջո համահայկական նպատակ է, չէ՞։

Լավ, եկեք ծուռը նստենք, շիտակ խոսենք։ Ինձ համար գաղտնիք չէ, որ այս «համաշխարհային կառույցի» ջատագովներից ոմանք մտածում են, որ նման ծրագիրը կարող է լավ «մահակ» դառնալ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ։ Սակայն, պարոնայք, դուք մտածե՞լ եք, որ «Համաշխարհային սփյուռքի կառույցը» կարող է նաեւ դառնալ գերտերությունների ու նրանց հետախուզական ծառայությունների գործիք հայ ժողովրդի դեմ։ Չէ՞ որ, այդ կառույցի վարչության մեջ «ընտրված» յոթ կամ ութ անդամները կարող են գնվել կամ թաքուն տեռորի ենթարկվել ու թեկուզ մեկ անգամ հակահայկական հայտարարություն անել յոթ միլիոնանոց սփյուռքի անունից, որը կարող է լինել անբեկանելի հարված համայն հայության շահերին։ Բոլորիս քաջ հայտնի է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ինչպես նաեւ գերտերությունները, սկսեցին հայկական սփյուռքի նկատմամբ որոշակի ծրագրեր ու հայտարարություններ անել ամենաբարձր մակարդակներում։ Կամ կցանկանայի հարցնել՝ ինչո՞ւ է «համաշխարհային կառույցի» գաղափարն «առաջանում» գերտերություն համարվող Ռուսաստանի քաղաքացի Արա Աբրահամյանի մոտ, իսկ հետո ուշացումով նույն գաղափարը «ծնվում է» գերտերություն ԱՄՆ-ի քաղաքացի Հարութ Սասունյանի մոտ։

Սփյուռքի ուժը՝ իր բազմազանությա՛ն մեջ է։ Ու նախեւառաջ անհրաժեշտ է հստակ սահմանել սփյուռքի առջեւ ծառացած գերխնդիրներն ու նպատակները առաջիկա 10-15 տարիների կտրվածքով։ Թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ գերխնդիր է լուծելու ձեր «Համաշխարհային սփյուռքի կառույցը»։ Կամ դուք գոնե ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե որոնք են սփյուռքի գերխնդիրները առաջիկա 10-15 տարիներին, ու դրանք լուծելու համար ինչպիսի՞ արդիական ծրագրեր են պետք։ Թե՞ ձեզ միայն ծառայողական մեքենա է պետք ու… նախագահություն։ Գուցե բարի լինեք եւ սկզբից սկսեք մտածել ստրատեգիաների մասին եւ հետո միայն՝ դրանք լուծելու համար կառույցներ ստեղծելու մասին։

Արթուր ԱՐՄԻՆ
«Սփյուռք» հասարակական-մշակութային կազմակերպության ղեկավար, Լոս Անջելես, 24.11.2010