Սկսել ենք կոտորել իրար

27/11/2010

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը համոզված է, որ բանակում տեղի ունեցող մահվան ելքով ողբերգությունները հնարավոր է կանխել միայն համակարգի փոփոխությամբ, որն, ըստ նրա` անխուսափելիորեն լինելու է: «Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ համակարգի փոփոխությունը, արդյո՞ք մենք կարող ենք ազդել գործընթացի վրա եւ դրանով իսկ ինչ-որ չափով մեղմացնել կատարված ողբերգական դեպքերի քանակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նա: Ըստ Սէֆիլյանի, հայկական բանակում զինծառայողների մահացության դեպքերի գերակշռող մասը կանոնադրային խախտման հետեւանք է: «Այս պահին 10 ամսվա ընթացքում արդեն իսկ 44 զոհ ունենք, որոնցից միայն 7-ն են մահացել թշնամու գնդակից: Այսինքն, մենք՝ հայերս, սկսել ենք կոտորել իրար»,- նշել է նա: Ըստ Սէֆիլյանի, պետություն ու պետականություն հասկացություններն արդեն շատ վաղուց Հայաստանի համար գոյություն չունեն, իսկ եթե մի փոքր էլ կար, դա միայն, ըստ նրա, բանակի շնորհիվ էր: «Երեւի միակ հաստատությունն էր, որ պահպանվել էր որպես պետական հասկացողություն, իսկ նրա փլուզումը տեղի է ունեցել ոչ թե նոր, այլ մարտի 1-ի դեպքերից հետո` հայտնի պատճառներով»,- հայտարարել է նա: Ժ. Սէֆիլյանը վստահեցրել է, որ այսօր բազմաթիվ հայեր՝ թե Հայաստանից, թե Սփյուռքից, համախմբված են մեր երկրում գործող իշխանական համակարգը փոխելու գաղափարի շուրջ: «Մեր գործողության բոլոր տառերը միտված են նրան, որ այդ կապիտուլյացիայի դրոշը, որ պետք է ընկնի` չթողնենք, որ ընկնի, այլ կարողանանք վերցնել, որից հետո էլ միայն կսկսվի մեր երկրի վերելքը: Ես դրան հավատում եմ»,- ասել է նա: