«Արմենիա» բժշկական կենտրոնի (նախկին Հանրապետական հիվանդանոց) բժիշկների մեղքով նորածին երեխան ծանր վիճակում է: Այդ մասին «7օրին» ասել է նորածին տղայի հայրը` Ալբերտ Աբգարյանը` տեղեկացնելով, որ բժիշկներն անտեսել են կեսարյան հատում անելու իր եւ իր տիկնոջ` Ծովինար Ղամբարյանի թախանձանքները: «Բոլոր ցուցումները եղել են, որի հիման վրա պետք է կեսարյան հատում արվեր, բայց անհասկանալի պատճառներով չի արվել, առանց հիմքի: Ուշադրություն չեն դարձրել մեր խնդրանքներին: Ժամեր շարունակ տանջվելուց հետո ինքնուրույն է ծննդաբերել, եւ երեխան թթվածնային քաղցով է ծնվել, ինչի հետեւանքով շնչառական օրգանների խնդիր է առաջացել, ու այս պահին երեխան ծանր վիճակում է»,- ասել է նորածնի հայրը: Նա նաեւ ավելացրել է, որ մինչ ծննդաբերությունը բժիշկները մոտ մեկուկես ժամ ծննդկանին ստիմուլյացիա են տվել, ինչի իրավունքը եւս չեն ունեցել: «Սա բժշկի սխալն է, սա անփութություն է, անգործություն: Բժիշկը որեւէ բանով չի էլ փորձել բացատրել: Բոլոր գինեկոլոգների համար ակնհայտ է, որ սա բժշկի մեղքն է»,- ասել է Ա. Աբգարյանը: