Վրաստանի Ժողովրդական ներկայացուցչական ժողովը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իմպիչմենթ է հայտարարել: Ինչպես հայտնել են Ժողովրդական ժողովի կազմակերպիչները, Սահակաշվիլիի խաղաղ ճանապարհով հեռանալու միակ ճանապարհը իմպիչմենթն է, որի իրավունքը, օրենսդրության համաձայն, ունի խորհրդարանը։ Սակայն ժողովի պատվիրակների կարծիքով, Վրաստանի խորհրդարանը անգործունակ է եւ կազմված է կոռումպացված պաշտոնյաներից: «Վրաստանի խորհրդարանը չի ներկայացնում վրացի ժողովրդի իրական ներկայացուցչությունը, եւ նրանց միջոցով ժողովուրդը չի կարող իր կամքն արտահայտել: Վրաստանի մեծ մասը պահանջում է Սահակաշվիլիի կամավոր հրաժարականը, սակայն ապարդյուն: Ուստի ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում հայտարարել նախագահի նկատմամբ անվստահության եւ նրա հրաժարականի մասին»,- ասված է վրաց ժողովրդի` Վրաստանի կառավարության եւ նախագահի նկատմամբ անվստահություն հայտարարելու մասին վճռում: Դրանում նաեւ ներկայացված են այն պատճառները, որոնց հիման վրա անվստահություն է հայտարարվել. դրանք են` իշխանության մենաշնորհայնացումը, կառավարության կոռումպացված համակարգը, կառավարման այնպիսի ձեւերը, որոնք խախտում են մարդու իրավունքները, ինչպես նաեւ՝ խտրականությունը քաղաքական հայացքների պատճառով, եւ այլն: Նշենք, որ Ժողովրդական ներկայացուցչական ժողովը Վրաստանի կառավարության առջեւ տեղի է ունեցել նախօրեին, դրան մասնակցել են երկրի բոլոր շրջաններից պատվիրակներ, Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներ: