Անկեղծության պահ. կդառնա՞ նոյեմբերի 27-ը հաղթանակի օր

27/11/2010

Մեր հայրենակից Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Կառլ Ֆրոչի մենամարտին, ըստ էության, հաշված ժամեր են մնում: Եվ, որքան մոտենում է մարտը, այնքան թեժանում են կրքերը: Մարզիկները լավ են գիտակցում այս մրցամարտի գինը, հաղթողը միանգամից դառնում է միջին քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն: Մարտից առաջ բազմաթիվ ու տարաբնույթ կարծիքներ են հնչում, մասնավորապես, մարզիկների պրոմոութերներից յուրաքանչյուրը վստահ է իր մարզիկի հաղթանակում: Սակայն, առավել կարեւոր են մարզիչների տեսակետները, նրանք հաստատ գիտեն իրենց սանի թե պատրաստության աստիճանը, թե հնարավորությունների առաստաղը: Արթուրի մարզիչ Ուլի Վեգները վստահ է, որ հաղթանակը իրենցը կլինի: «Մենք պարտավոր ենք հաղթել Հելսինկիում: Արթուրը հասկանում է, թե ինչ է սպասում իրեն, սակայն, Ֆրոչը դեռ չի գիտակցում թե ինչ հուժկու է Աբրահամի հարվածը: Բացի այդ, Արթուրը չափազանց կամային մարզիկ է, ինչի հաշվին էլ նա հաղթող կդառնա»,- ասում է նրա մարզիչը:

Մինչդեռ, Ֆրոչն ինքը չի դադարում ծաղրել ու սադրել Աբրահամին ու նրա թիմի անդամներին: Տարբեր լրատվամիջոցներում նա շարունակում է լուտանքներ տեղալ մրցակցի հասցեին: «Ես նրան կռմբակոծեմ առաջին ռաունդից սկսած», «Ես նրանից հավի ճտի խրտվիլակ կպատրաստեմ», ահա Ֆրոչի առավել անմեղ արտահայտությունները: Սակայն, երբ բրիտանացին խոստացել է նոկաուտի ենթարկել Աբրահամի պրոմոութեր Կալլե Զաուերլանդին, Արթուրն իսկապես զայրացել է: «Եթե ինչ-որ մեկն իրեն թույլ է տալիս սպառնալ իմ պրոմոութերին կամ մենեջերին, ես դա դիտարկում եմ որպես բոլոր թույլատրելի նորմերի գերազանցում: Նման խոսքերի համար ես Ֆրոչին կրկնակի դաժան կպատժեմ»,- հայտարարել է Աբրահամը: Մի խոսքով, կրքերն իսկապես թեժանում են, եւ, Կառլ Ֆրոչն ինչ-որ իմաստով հասնում է նպատակին: Սակայն, հուսանք, բազմափորձ Արթուրը կկարողանա պատվով դուրս գալ այս մի փորձությունից եւս: Ժամանակին նրան այսպես ծաղրում էր Էդիսոն Միրանդան: Թե ինչ ճակատագիր ունեցավ այդ պատանին` բռնցքամարտի սիրահարները լավ են հիշում: Աբրահամին ծաղրել է նաեւ Ջերմեյն Թեյլորը, այս քաշային կարգում երբեմնի ուժեղագույնը: Տեւական ժամանակ նա չէր ցանկանում ռինգ մտնել Արթուրի հետ՝ համարելով, որ ավելի անարժան մրցակից երբեք չի ունեցել: Նրանց առաջին եւ, թերեւս, վերջին մարտն ավարտվեց նոկաուտով, որի հետքերը Թեյլորը բուժում է առ այսօր: Սպասենք Հելսինկիի ճակատամարտին, բան չի մնացել:

Ֆուտբոլ Կլասիկոյին սպասելիս

Առաջիկա երկուշաբթին բացառիկ օր է համայն աշխարհի ֆուտբոլասերների համար. հերթական անգամ միմյանց դեմ կխաղան Մադրիդի «Ռեալը» եւ «Բարսելոնան»: Էլ Կլասիկո, սա է ամեն անգամ այս խաղի գլխավոր բնութագիրը: Հերթական Կլասիկոն կկայանա երկուշաբթի, նոյեմբերի 29-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Նույնիսկ ամսաթիվն է համընկնում, 1899-ի ճիշտ այս օրը բարսելոնացի գործարար Հանս Գամփերը որոշեց պարապ գնդակ գլորող երիտասարդներին միավորել պրոֆեսիոնալ ակումբում: «Ռեալը» մի քիչ ավելի երկար կենսագրություն ունի եւ անհամեմատ ավելի` հաղթական փորձ: Սակայն դրանից ամեն խաղի արժեքը միայն աճում է: Հերթական հակամարտությունը, սակայն, բացառիկ է մի քանի իմաստներով: Նախ, 21-րդ դարում այդպես էլ իրեն չվերագտած «Ռեալում» հայտնվել է նոր մարզիչ, ով կարողանում է իր միլիոնատեր սաներին պարտադրել իրենց հիմնական զբաղմունքը` ֆուտբոլ խաղալը: Ժոզե Մոուրինյուի նախորդները հենց այստեղ էին սայթաքում: Պորտուգալացուն հաջողվեց կարճ ժամանակում թիմին ներարկել խաղային ձեռագիր եւ հաղթանակի կամք, ինչը վերջին 8-9 տարում, Զիդանի, Ֆիգուի, Կառլոսի ժամանակների «Ռեալից» հետո, ոչ մեկին չէր հաջողվում: Մոուրինյուի «Ռեալը», թվում է, հաղթանակներ արտադրող անխափան սարք է:

Այս ամենին անհամաձայնություն հայտնողների շարքում «Բարսելոնայի» ձայնը ամենից բարձր է հնչում: Իսպանիայի վերջին երկու տարիների չեմպիոնը, «Ռեալի» ամենասկզբունքային հակառակորդը պատրաստ է ամեն ինչ անել հաղթանակի համար: Ոչ վաղ անցյալում Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» ֆանտաստիկ պաշտպան Պեպ Գվարդիոլան դարձել է ֆանտաստիկ մարզիչ: Նրա «Բարսելոնան» աշխարհի ամենագրավիչ ֆուտբոլային թիմն է: Գուցեեւ զարմանալի թվա, բայց Գվարդիոլայի լավագույն գնահատականը տվել է նրա առաջիկա ախոյանը` Մոուրինյուն, առաջարկելով «Բարսելոնայի» ղեկավարներին կեսդարյա պայմանագիր կնքել Պեպի հետ: «Եթե ես Սանդրո Ռոսելի տեղը լինեի, առանց մտածելու 50 տարվա պայմանագիր կկնքեի նրա հետ: Այդ մարդը Բարսայի համակարգին ծանոթ է ավելի` քան այլ ոք, քանի որ համարյա ծնվելու պահից այնտեղ է: Գվարդիոլան «Բարսելոնայի» համար իդեալական մարզիչ է»,- ասել է Մոուրինյուն:

Նման զեղումներից հետո առավել հետաքրքիր է լինելու հետեւել այս խաղին, մանավանդ, երկու թիմերն էլ զգալի քանակով երկրպագուներ ունեն մեր երկրում:

Բասկետբոլ «Հատիսը» պարտվեց, կեցցե «Հատի՞սը»

«Հատիսը» վերջին խաղում էլ պարտվեց: Արդեն երկրորդ տարին հայ մարզասերը մի տեսակ զարմացական հիացմունքով, բայցեւ տագնապով հետեւում է այս թիմ-կոնգլոմերատի ելույթներին: Անցյալ մրցաշրջանում եվրոպական էլիտայում հայտնված մոխրոտիկը բավական մեծ աղմուկ հանեց՝ ի հաշիվ հիմնականում ամերիկացի եւ բալկանյան լեգեոնականների: Այս տարի «հաջող» փորձը փորձեցին կրկնել, բայց ստացվեց 4 պարտություն նույնքան խաղում: Կենսունա՞կ է «Հատիսը», կենսունա՞կ է հայկական կանանց բասկետբոլը: Փորձենք պատասխանը գտնել հաջորդ շաբաթ:

Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ