Երեկ երկօրյա պաշտոնական այցով Թուրքմենստան է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ առանձնազրույցից հետո երկու նախագահները հանդիպել են նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Բերդիմուհամեդովի հետ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի քննարկմանը` Ս. Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ Հայաստանի եւ Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է. «Մենք, իհարկե, նաեւ քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության աննախադեպ աճը տարածաշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը եւ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում: Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար եւ երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»: