Էլի մերժեցին

25/11/2010

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին էլ ՀԱԿ-ը չի կարող հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: «Մինչեւ դեկտեմբերի վերջին օրերը Ազատության հրապարակը զբաղված է եւ նույն պատասխանն է տրվելու»,- քննարկման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը: Մերժման համար հիմք է հանդիսանում այն, որ այդ օրն Ազատության հրապարակում ամանորյա տոնակատարության փորձեր են նախատեսված: ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը քննարկման ժամանակ նշել է, որ օրենքի համաձայն` եթե իրազեկման օրը զբաղված է, իրենց պետք է առաջարկվի հաջորդ երկու օրերից մեկը` նույն վայրում, նույն ժամին: Սակայն Գ. Բաղդասարյանը նշել է, որ առաջարկություն չեն անում, քանի որ Ազատության հրապարակն այդ օրերին զբաղված է, բայց պահպանում են օրենքը: «Իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն Ազատության հրապարակը չտրամադրել ցույցերի, հանրահավաքների համար, որովհետեւ վախեցած են, որ դա մի օր կարող է լինել»,- նիստից հետո հայտարարել է Զուրաբյանը: Տեղեկացնենք, որ երեկվա քննարկմանը հետեւում էր ԱՄՆ դեսպանության ԱՄՆ Արդարության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլոտը: Նրա խոսքով` քննարկմանը մասնակցում էր իր նախաձեռնությամբ եւ ցանկանում էր տեսնել, թե ինչպես է այն ընթանում: