Լավատեղյակ աղբյուրների համաձայն, նախագահական նստավայրից հեռուստաընկերություններին, հատկապես՝ Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է սահմանափակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին ռեպորտաժների հեռարձակումը: Վերջին շրջանում Հ.Աբրահամյանին դժվարությամբ է հաջողվում նույնիսկ արտասահմանյան այցերի ժամանակ «Հ1»-ից լրագրող տանել: Իհարկե, այս անգամ նրա հետ Սիրիա լրագրողական մեծ խումբ է մեկնել, սակայն նախորդ մի քանի այցերի դեպքում այդպես չի եղել: Այս իրավիճակում Հ. Աբրահամյանն ապավինում է Գ.Ծառուկյանին պատկանող «Կենտրոնի» կամ Մենուա Հարությունյանի ղեկավարած «Արմնյուզի» լրատվական թողարկումներին: Մյուս հեռուստաընկերությունները սահմանափակվել են եթերով ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից մի հատված կարդալով, ինչը, բնականաբար, լսարանի վրա ունեցած ազդեցությամբ զիջում է ռեպորտաժին, որտեղ ԱԺ նախագահը կարող է կադրում երեւալ եւ խոսել: Նախագահական նստավայրում, ըստ մեր աղբյուրների, գտնում են, որ «Հ1»-ով հեռարձակվող ու ամբողջությամբ Հ.Աբրահամյանի հանդիպումների մասին կադրերով հագեցած «Խորհրդարանական ժամը» բավական է ԱԺ նախագահի համար: Նշենք, որ Գ.Ծառուկյանն ու ԲՀԿ-ի նախարարները նույնպես քիչ են երեւում մյուս հեռուստաէկրանների եթերում: Օրինակ, նախօրեին ՀՀ կառավարությունում կնքվեցին ուռուցքաբանության ոլորտի զարգացման, Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների հետ կապված պայմանագրեր: Այդ միջոցառման մասին պատմող ռեպորտաժներում առաջին պլանում էր Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Մինչդեռ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեւաց միայն Երիցյանին պատկերող կադրի հեռավոր անկյունում: Իսկ Հ. Քուշկյանի փոխարեն առողջապահության մասին խոսում էր Էկոնոմիկայի նախարարը: