Երեկվա ասուլիսում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադարձել են բրիտանական «Պոպուլուս» կենտրոնի նախօրեին հրապարակված հարցումների արդյունքներին, համաձայն որոնց` ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է Սերժ Սարգսյանի վարկանիշից: Վ. Այվազյանը, սակայն, Ս. Սարգսյանին ՀՀԿ-ից չի տարանջատում եւ ընդունում է որպես մեկ միասնական թիմ: Սրան ի պատասխան, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Մեր քաղաքական դաշտն արհեստականորեն է ձեւավորվել այս իշխանությունների նախագծով: ՌԴ-ից կրկնօրինակելով` Հայաստանը ստեղծել է մի գերկուսակցություն»: Ըստ նրա` Հայաստանի քաղաքական դաշտը լճացած է, քանի որ իշխանությունները «կաբինետային ուղղորդման փորձերով» խանգարում են քաղաքական դաշտի առողջացմանը: «Պետք է դաբրո լինի, եթե չկա, ուրեմն էդ մարդուն պետք է հոշոտել անկողմնակալ խոսք ասելու համար»,- նշել է նա: Իսկ Վ. Այվազյանի խոսքով` ցանկացած իշխանության նպատակն օրինական ճանապարհով վերարտադրվելն է: «Վայ էն իշխանությանը, որն իմպոտենտ է»,- հայտարարել է Վ. Այվազյանը` ավելացնելով, որ ցանկացած իշխանության հիմնական խնդիրը վերարտադրման գործընթացն ապահովելն է` հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործելով եւ օրենքը չխախտելով: