«Խախտումները գցելու են կուսակցությունների վրա»

25/11/2010

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով` գործող Ընտրական օրենսգրքով եւ նախատեսվող փոփոխություններով` ընտրական գործընթացը հետընթաց է ապրում Հայաստանում: Ըստ նրա` առաջարկվող փոփոխություններով միայն տարածքային հանձնաժողովներն են տրվում կուսակցություններին, ինչը նշանակում է, որ բոլոր խախտումները «գցելու են» կուսակցությունների վրա: «Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ իշխանությունը չի համաձայնում, որ ընտրություններից հետո ընտրամատյանները փակցվեն տեղամասերի պատերին»,- երեկվա քննարկման ժամանակ նշել է նա` հավելելով, թե եվրոպական շատ երկրներում դա կիրառվում է, իսկ մյուս երկրներում զերծ են մնում ընտրամատյանները հրապարակելուց, քանի որ առկա են ռասայական կամ ազգային բնույթի մի շարք խնդիրներ: «Հայաստանն ունի մոնոէթնիկ հանրություն, եւ ընտրամատյանները փակցնելը որեւէ ազգամիջյան կամ ռասայական խնդիր չի կարող առաջացնել»,- նկատել է Ռ. Հակոբյանը: Նա առաջարկում է նաեւ վերացնել մեծամասնական ընտրական համակարգը, քանի որ, ըստ նրա, բազմաթիվ խախտումները եւ հանցագործությունները կատարվում են մեծամասնականի ժամանակ: Նրա խոսքով` մեծամասնական ընտրակարգով ԱԺ-ում ընդգրկված պատգամավորների մեծ մասը գոնե մեկ անգամ չի մոտեցել ԱԺ խոսափողին: «Սրանով միայն ապահովվում է իշխանության ներկայացուցիչների քանակն ԱԺ-ում»,- ասել է նախկին ՀՅԴ-ական Ռ. Հակոբյանը:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասելով` Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն «ապահովել հավասարությունն ուժերի միջեւ, անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ»: Հ. Սահակյանի ասելով` իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորություն ստեղծվի անցկացնել նման ընտրություններ: Ըստ նրա` դրան է միտված նաեւ առաջարկված այն դրույթը, ըստ որի` ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հավասար իրավունքներ են տրվում ոչ միայն հեռուստաեթերում, այլ նաեւ` պաստառների փակցման շրջանակներում: «Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները պետք է հիմնվեն նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած բացթողումների վրա»,- ասել է ՀՀԿ-ական Հ. Սահակյանը: Նաեւ հավելել է, թե արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար կարեւոր է ոչ միայն իշխանության, այլ նաեւ` ընդդիմության քաղաքական կամքը. «Բոլորը պետք է նպաստեն, որ այդ դաշտում դրական տեղաշարժ լինի»: Իսկ ԲՀԿ-ական Վ. Բոստանջյանն էլ ի հավելումն ասել է, թե ընտրական գործընթացների մթնոլորտը բարելավելու համար անհրաժեշտ է, որպեսզի թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը դրսեւորեն այնպիսի քաղաքական կամք, որը «կբացառեր նաեւ ցանկացած հետընտրական զարգացումներ»: