Ծանր վիրավորը մեղքը խոստովանե՞լ է

25/11/2010

Երեկ Պաշտպանության նախարարության Քննչական վարչությունը մեղադրանք է ներկայացրել նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում կատարված միջադեպի 4 վիրավորներից մեկին՝ Մանվել Արմենի Հազրոյանին:

ՊՆ Քննչական վարչությունից հայտնել են, որ Մ. Հազրոյանն ընդունել է իր, այսպես ասած՝ մեղքը: Ընդ որում՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 10 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ 2 եւ ավելի անձանց սպանության համար, 34-104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ 2 եւ ավելի մարդկանց սպանության փորձի համար, եւ 365 հոդվածի առաջին մասով՝ մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելու համար: Մ. Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, ժամը 24:00-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում հրազենային կրակահերթից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, եւս 4 զինծառայող վիրավորվել էին: Վիրավորներից 3-ը գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, այդ թվում նաեւ՝ մեղադրվող Մանվել Հազրոյանը, իսկ վիրավորներից մեկին Ստեփանակերտից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւանի զինվորական հոսպիտալ: Երեկ մենք փորձեցինք տեղեկանալ վիրավորների վիճակի մասին, ինչպես նաեւ՝ որոշ տեղեկություններ ճշտել Մ. Հազրոյանի հարազատներից: «Երեքշաբթի հայրը տեսել էր Մանվելին, եւ ասել էին, որ Մանվելը ծանր վիճակում է գտնվում: Հիվանդասենյակում հորը մենակ չէին թողել որդու հետ, որպեսզի զրուցի»,- նշեց Մանվել Հազրոյանի հորեղբորորդին՝ Գրիգոր Հազրոյանը: «Ես չեմ կարողանում մի բան հասկանալ՝ մի հոգին ո՞նց կարող էր 7 հոգու վրա կրակել ավտոմատով, այնուհետ զենքը փոխի գնդացիրի, եւ ոչ մեկը չկանխի նրան»,- ասաց Գ. Հազրոյանը: «Մանվելը վիրավորվել էր երկու տեղից՝ որովայնից եւ գլխից: Ո՞ր մարդը իր վրա մի անգամ կրակելուց հետո երկրորդ անգամ էլ կկրակի,- նկատեց Մանվել Հազրոյանի հորեղբորորդին՝ ավելացնելով,- Ես չեմ հավատում այն վարկածին, թե Մանվելը 7 հոգու վրա կրակել ա, հետո էլ ինքն իր վրա է կրակել՝ փորձելով ինքնասպանություն գործել: Նախեւառաջ դա թույլ չէր տա նրա զենքի տրամաչափը, որովհետեւ RBK գնդացիրի երկարությունը 1 մետրից ավելի է, իսկ այդ դեպքում նա ո՞նց կարող էր այդ գնդացիրով ինքն իրեն կրակել: Իսկ պաշտոնական վարկածի համաձայն՝ Մանվելն իր վրա կրակել է գնդացրով»,- ավելացրեց Գրիգորը՝ զարմանալով, որ չնայած դեռ հայտնի չեն բալիստիկ փորձաքննության արդյունքները, բայց մեղադրանքն արդեն առաջադրել են: «Հայրը որդուն տեսել էր 10-15 րոպե՝ 8 աշխատակցի ներկայությամբ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչի մասին են խոսել, միայն գիտեմ, որ այդ հարցը չէր տվել, քանի որ հիվանդասենյակում մարդիկ շատ էին, եւ Մանվելն էլ շատ ծանր վիճակում էր եւ հազիվ էր խոսում»,- մեզ հետ զրույցում նշեց Մանվելի ազգականը: Նշենք, որ վիրավորներից երկուսի առողջական վիճակը ավելի լավ է, իսկ Սարգիս Մելքումյանի մոտ (ում վիճակն ամենածանրն էր, եւ ով գտնվում է Երեւանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում), երեկվա տվյալներով՝ վերականգնվել է ինքնուրույն շնչառությունը: