Այցելելու են Հայաստան

25/11/2010

Նոյեմբերի 22-ին Թուրքիա է մեկնել ՀՀ ՊՆ տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով, ինչի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը մեծ նշանակություն է տալիս թափանցիկությանը, եւ այդ պատճառով անցկացվում է տեսչություն: Ինչպես որ հայ սպաներն են այցելում Թուրքիա, այնպես էլ մեր զինվորականներն են այցելում Հայաստան` տեսչություն իրականացնելու նպատակով: Սա ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ իրականացվող սովորական տեսչություն է»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Ի դեպ, «Hurriyet» օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, նշում է, որ հայ սպաների` Թուրքիա մուտք գործելու համար սահմանը չի բացվել: Նաեւ տեղեկացնում է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի ՊՆ տեսչական խումբը պատրաստվում է այցելել Հայաստան: