ՀՀ ոստիկանության եւ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում ավելացել են անչափահասների կողմից ինքնասպանությունների դեպքերը. գրանցվել է ինքնասպանության 38 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով: Իսկ 2009 թվականին եղել է ինքնասպանության փորձի 23 դեպք: Նրա խոսքով, ինքնասպանության փորձերի մեծ մասը կատարվել է աղջիկների կողմից, հիմնականում կենցաղային կամ ընտանեկան, անձնական-սիրային հարաբերությունների պատճառով: Նելլի Դուրյանի ներկայացմամբ` 2010թ. տասն ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների հանցագործությունների թվի նվազում: Մասնավորապես, տվյալ ժամանակահատվածում անչափահասների կողմից 390 հանցագործություն է կատարվել, ինչը 21-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ն. Դուրյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքնասպանությունների հետ մեկտեղ՝ ավելացել է նաեւ անօրինականորեն սառը զենք կրող անչափահասների թիվը: Ըստ նրա` անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները հիմնականում մանր գողություններն են: Գրանցվել է նաեւ անչափահասների թրաֆիկինգի 2 եւ բռնությունների 140 դեպք, որոնք դրսեւորվել են ծեծի կամ առեւանգման տեսքով: Առեւանգման դեպքերը հիմնականում կատարվել են ամուսնության նպատակով: 2010թ. 9 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների բռնաբարության 1 դեպք. սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 6, սեքսուալ բնույթի գործողությունների կատարում 16 տարեկանը չլրացածի հետ՝ 31 դեպք, եւ անառակաբարո գործողությունների 6 դեպք: Ի դեպ, ըստ Ն. Դուրյանի` երեկ առավոտյան ամուսնության նպատակով Աբովյանում 16 տարեկան աղջիկ են առեւանգել: Հարցին, թե ամուսնության համար 16 տարեկանը թույլատրելի՞ սահման է, նա պատասխանեց. «Աղջիկներինը 17 է, իսկ տղաներինը` 18: Սակայն ապագայում հնարավոր է, որ տարիքները հավասարեցվեն»: Իսկ վերջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում բողոքի տեսքով արձանագրվել է աղջիկ փախցնելու 5 դեպք, որոնք ամուսնության նպատակ են հետապնդում: «Հիմնականում բողոքում են աղջիկների ծնողները: Սակայն դժվար է ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ, որովհետեւ այսօր տանը մնալու հարցը գլոբալ խնդիր է դարձել»,- ասել է նա: